Բաժիններ՝

«Հայաստանը կորցրել է և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկան». Վիլեն Խաչատրյան

«Ռուսաստանի տնտեսությունը 2015թ. արձանագրեց -3.7 տոկոս ՀՆԱ անկում, 2016թ. համար նախատեսվում է մոտ 0.7 տոկոս անկում: Իհարկե, կան որոշ լավատեսական կանխատեսումներ, որոնք մինչև 1 տոկոսանոց տնտեսական աճ են կանխատեսում Ռուսաստանում: Ռուսաստանի բյուջեի հիմքում դրված 1 բարել նավթի դիմաց 50 դոլարը վերջերս իջեցրին՝ մինչև 40, իսկ բյուջեի դեֆիցիտը հասցվեց 5.1%-ի:

Այս մակրոնտնեսական ցուցանիշներից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը ԵՏՄ առաջին իսկ տարում ունեցավ լուրջ անկման երևույթներ։ Այդ ֆոնի վրա դիտարկել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա այդքան էլ ճիշտ չէ»,- այսօր Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած հանդիպման ընթացքում նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ տրանսֆերտները, բնականաբար, պետք է կրճատվեին, որովհետև Ռուսաստանի տնտեսական վիճակը թույլ չտվեց, որ այնտեղի մեր աշխատողները կարողանան տրանսֆերտներ ուղարկել.

«Արտաքին առևտրային հարաբերությունների տեսանկյունից Հայաստանը կորցրել է և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկան, մեր գործընկերային հարաբերությունները զարգացել են ասիական երկրների հետ։ Ասիական շուկայում ավելի ուժեղ դիրքեր ունենք։ Ասիական երկրներն ավելի լավ կարողացան դիմակայել ճգնաժամին ու աճ ապահովել, քան եվրոպական երկրները։ Եվրոպան իր զարգացման հիմքերը շատ դեպքերում կապում է ռուսական շուկայի հետ:

Այսինքն՝ առևտրային տեսանկյունից՝ Ռուսաստանը մեզ համար թիվ մեկ գործընկերն է: Թեկուզ թվային արտահայտությամբ կրճատվել է և՛ ներմուծումը, և՛ արտահանումը, 2015թ. 1 մլրդ 170 մլն դոլարի ներմուծման կրճատում ունենք, բայց Ռուսաստանը կարողացել է մեր ներմուծման մեջ իր դիրքերը բարելավել: Մեր ներմուծման 1/3-ը կազմակերպող երկիրն է»:

Նա նշեց նաև, որ ռուբլու կուրսի վերաբերյալ կանխատեսումներ դժվար է անել, որովհետև այն կապված է նավթի գնի հետ. «Մինչև նավթի շուկայի վերաբերյալ համաձայնություն չլինի՝ ռուսական ռուբլու արժևորում ակնկալելը դժվար է լինելու: Իսկ դա ստիպելու է, որ Ռուսաստանը նորից ունենա դժվարություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս