Դիարբեքիրի հայկական եկեղեցիները՝ թուրք-քրդական բախումների թիրախ. «Ակոսի» խմբագիրը չի բացառում դիտավորությունը

Վերջին ամիսներին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ծավալվող թուրքական բանակի և քուրդ ակտիվիստների զինված բախումների  թիրախում են հայտնվել  հայկական Սուրբ Սարգիս և Սուրբ Կիրակոս եկեղեցիները: Այս ընթացքում ոչ եկեղեցու սպասավորները, ոչ Սուր գավառի բնակիչները հնարավորություն չեն  ունեցել մտնել եկեղեցիներ և հասկանալ` որքան են դրանք վնասվել: 168.am-ի հետ զրույցում Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց, որ տեղեկություն չունեն եկեղեցիների ներկայիս վիճակի մասին, քանի որ արդեն մի քանի ամիս է՝ եկեղեցիների թաղամասը` Սուր գավառը, պաշարված է:

«Եկեղեցիների վանականները նույնիսկ չեն կարողանում մտնել թաղամաս և իրենց աչքով տեսնել եկեղեցին: Այդ տարածքում  մի քանի եկեղեցիներ կան, որոնցից երկուսն են հայկական՝ Սուրբ Կիրակոսը և Սուրբ Սարգիսը:  Մենք գիտենք, որ Սուրբ Սարգիս Հայ Կաթողիկե եկեղեցին ավելի շատ է վնասվել, քան Սուրբ  Կիրակոսը, բայց երկուսն էլ ռմբակոծությունների  թիրախում են: Սակայն չգիտենք, թե ինչ աստիճանի վնասի մասին է խոսքը:  Մի քանի լուսանկարներ տարածվեցին Սուրբ Սարգիս եկեղեցու, որոնցում  երևում  է, որ իրավիճակը ծանր է, պատերը փլված են, բայց Սուրբ Կիրակոսի վիճակը ծանր չէ: Հստակ բան ասելը դժվար է, քանի որ քաղաքացիները  չեն կարողանում մուտք գործել այդ տարածքներ»,- ասաց Էստուկյանը:

61F5BD87-B62F-4265-A298-BCFBD51B6291_cx11_cy7_cw66_mw1024_mh1024_s

Ստամբուլում բնակվող հայ խմբագիրը չի բացառում, որ եկեղեցիները միտումնավոր են վնասվել: «Շատ հավանական է, որովհետև թուրքական բանակի  ուժերը խիստ հայատյաց դիրքորոշման  մեջ են վերջին շրջանում, հայատյաց հայհոյանքներ են տեղում  տեղացի ժողովրդի հասցեին, այնպես որ, շատ հավանական է, որ նրանք  առիթից օգտվում են և միտումնավոր կերպով վնասում են  հայկական եկեղեցիները:

Մի շարք հասարակական կազմակերպություններ այս առնչությամբ նախաձեռնություններով են հանդես եկել, սակայն բոլոր միջամտություններն ապարդյուն անցան,  բոլոր այդ նախաձեռնությունները Ոստիկանության կողմից մերժվեցին, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ցանկացան այդ տարածքները փոքր-ինչ բարելավել, բայց  չհաջողեցին՝ իշխանության մերժման հետևանքով:  Բազում  անգամներ նույնիսկ փորձեր արվեցին հաղթահարել պաշարումը և ներս թափանցել, բայց ամեն  անգամ ոստիկանական ուժերը խիստ դիմադրություն ցույց տվեցին: Ակտիվ է նաև քրդական  Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ներկայացնող հայ պատգամավոր  Կարո Պալյանը. նա շատ միջոցներ է ձեռնարկում, այդ թվում՝ խորհրդարանում, եկեղեցիների ներկայիս վիճակը պարզելու, վերանորոգելու ուղղությամբ, բայց՝ ապարդյուն»,- ցավով նշեց Էստուկյանը՝ շարունակելով, որ մթնոլորտը խիստ լարված  է երկրում, քանի որ ներքին լարված իրավիճակի ֆոնին կան նաև մտավախություններ, որ  պատերազմ կծավալվի նաև Թուրքիայի սահմանից դուրս, այսինքն` Սիրիայում, ինչը  բարդացնում է իրավիճակը:

g4

Ինչ վերաբերում է Դիարբեքիրի Սուր թաղամասում  տիրող իրավիճակին, ապա, Էստուկյանի խոսքով,  Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ այդ շրջանում գործողությունն ավարտվել է: «Բայց պաշարման վիճակը շարունակվելու է, քանի որ որոշակի գործողություններ դեռ պետք է իրականացնեն, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ  առաջիկա շաբաթվա մեջ եկեղեցիների մուտքի արգելքը կվերանա, և  քաղաքացիները կմտնեն կհասկանան` ինչ է կատարվել, և վնասը որքան է: Իսկ մինչ այդ բոլոր նախաձեռնությունները մերժվում են»,- տեղեկացրեց «Ակոսի» խմբագիրը:

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունները վերջին ամիսների ընթացքում կտրուկ սրվեցին հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուռուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունից հետո, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

 

Տեսանյութեր

Լրահոս