Բաժիններ՝

Երևանում ողջ փետրվարի ընթացքում անցկացվում են Հայ-չինական մշակութային օրեր

Չինական Նոր տարվա տոնի առթիվ Երևանում առաջին անգամ ողջ փետրվարի ընթացքում անցկացվում են հայ-չինական մշակութային օրեր՝ ավանդական երաժշտությամբ և պարերով։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի վարպետ Տիգրան Չոբանյանը, մշակութային օրերի շրջանակում նախատեսված է վեց միջոցառում: Դրանցից առաջինը տեղի է ունեցել փետրվարի 8-ին՝ Հայաստանի Ճարտարապետների միությունում: Մեզ հետ զրույցում Տ. Չոբանյանը նշեց, որ միջոցառումների շարքը կրելու է շարունակական բնույթ:

«Ծրագիրն իր մեջ ներառում է «Ստեղծիր քո ուրույն կալիգրաֆիան» խորագրով միջոցառումը, չինական թեյախմությունը և հայկական խոտաբույսերի թուրմերի համտեսում, հնագիտական գտածոների և պատմական փաստերի վրա հիմնված փաստագրական` «Անդին» ֆիլմի ցուցադրությունը, չինական հիերոգլիֆների և հայկական տառատեսակների խորհրդի մասին դասախոսություն: «Հայկական ռազմապարերը՝ մշակույթ և ռազմական ոգի» խորագրով միջոցառումն անցկացվել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի անմիջական մասնակցությամբ, և, ինչպես նշեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը՝ պարի տեսքով ներկայացրել հայկական ռազմական պարարվեստի նմուշներ:

12705279_10203999155977941_3675778413242024115_n

«Այսօրվա միջոցառման շրջանակներում նախկին ազատամարտիկ, բժիշկ Արա Գևորգյանը, ով նաև ունի պատմական լուրջ ուսումնասիրություններ, հեղինակն է «Տիգրան Մեծի բանակը» եռհատորյակի, ներկայացնում է իր ուսումնասիրություններից մեկը, որ սերտ առնչություն ունի հայ-չինական պատմական թեմաների հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի վարպետ Տիգրան Չոբանյանը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ պարոն Չաբանյանը նշեց, որ միջոցառումների հիմնական նպատակն ու ուղղվածությունը հայ-չինական մի շարք ոլորտների զուգահեռների ներկայացումն է. «Այս առնչությամբ առանձին միջոցառմամբ, առաջիկա ծրագրում՝ նախատեսվում է զուգահեռներով ներկայացնել նաև հայ-չինական թեյախմության ավանդույթները: Մենք՝ հայերս, «թեյ» ասելով՝ հասկանում ենք մեր լեռնաշխարհի բույսերից պատրաստված թուրմերը, բայց դա թեյ չի իրականում: Ինչ խոսք, սա ունի որոշակի ավանդույթ, որը նույնպես շատ գեղեցիկ է, բայց առաջիկա ծրագրի շրջանակներում կներկայացնենք չինական թեյախմության գաղտնիքները»:

12670086_10203999155617932_4340217550549034279_n

Տեղեկացնենք, որ փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան, «Սանգուան» առողջարարական կենտրոնը և Չինական գիտության և մշակույթի կենտրոնը: Միջոցառման աջակիցների թվում են Ճարտարապետների միությունը, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը, Հայ-չինական ասոցացիան, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս