Տնտեսական PR-ի պատասխանատուները
Տնտեսական լրահոսով հետաքրքրվողները, թերևս, արդեն հասցրել են կարդալ ու լսել, որ Հայաստանի արդյունաբերության ոլորտը 2015 թվականին նորմալ տեմպով աճել է։
Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թվականին ՀՀ արդյունաբերության ոլորտը տվել է 1 տրիլիոն 327 մլրդ դրամի արտադրանք։ Նախորդ տարվա՝ 2014-ի համեմատ, աճը կազմել է 5.2%: Այս 5.2-ի մասին ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուները վերջին օրերին արդեն հասցրեցին շատ խոսել։ Սակայն, թե ինչ է թաքնված այդ թվի ետևում՝ դրա մասին խոսելն արդեն ձեռնտու չէ։
Որովհետև 5.2% աճի վարագույրը բարձրացնելու դեպքում պարզվում է, որ դրա ետևում ոչ թե աճ է, այլ…
Հայաստանի արդյունաբերության կառուցվածքի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունի մշակող արդյունաբերությունը՝ 61.8%։ Մշակող արդյունաբերությունը 2015-ին տվել է 821.2 մլրդ դրամի արտադրանք, որը 2014-ի ցուցանիշից 5.6%-ով քիչ է։
Սննդամթերքի արտադրությունը կրճատվել է 9%-ով և կազմել 287.8 մլրդ դրամ։ Խմիչքների արտադրությունը կրճատվել է 9.7%-ով (ծավալը՝ 102.6 մլրդ դրամ), մանածագործական արտադրատեսակների արտադրությունը կրճատվել է 13.3%-ով (ծավալը՝ 507.5 մլն դրամ), համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունը կրճատվել է 3.9%-ով (ծավալը՝ 5.2 մլրդ դրամ), էլեկտրական սարքավորանքի արտադրությունը նվազել է 32.4%-ով (ծավալը՝ 4.8 մլրդ դրամ)։ Ընդհանուր առմամբ, մշակող արդյունաբերության մեջ մտնող 16 խոշորացված ապրանքախմբերից 10-ի դեպքում 2015թ. անկում է գրանցվել։
Իսկ ինչի՞ հաշվին է գրանցվել արդյունաբերության 5.2%-անոց աճը։ Ինչպես և նախկինում գրել ենք՝ այս ցուցանիշն ապահովվել է հանքարդյունաբերության աճի հաշվին։ Մասնավորապես, «հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» ոլորտի արտադրանքը 2015-ին՝ 2014-ի համեմատ, 50%-ով աճել է և կազմել 221.1 մլրդ դրամ։ Այսինքն՝ բացարձակ արտահայտությամբ աճը կազմել է 73.7 մլրդ դրամ։
Այդ թվում՝ մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալներն աճել են 51.5%-ով և կազմել 216 մլրդ դրամ, իսկ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերինը՝ 5.7%-ով (5.1 մլրդ դրամ)։ Պարզ ասած, արդյունաբերության աճը գրանցվել է հանքարդյունաբերության հաշվին։ Իսկ ավելի կոնկրետ՝ մետաղական հանքաքարի արդյունահանման հաշվին։ Ու հաշվի առնելով մետաղների գների շուրջ 1/4-ով նվազումը, բնեղեն արտահայտությամբ Հայաստանի ընդերքից հանքաքարի արդյունահանման թռիչքաձև աճ է գրանցվել։
Իհարկե, սա չի կարելի աճ համարել, առավելևս՝ զարգացում։ Դրա համար էլ մեր պաշտոնյաները փորձում են շատ չբացել փակագծերը և չխորանալ այս ամենի մեջ։ Իսկ երբ, ամեն դեպքում, լրագրողների «ճնշման տակ» տեղի են տալիս ու փորձում մեկնաբանել նաև մշակող արդյունաբերության ցուցանիշները, վերջում շատ անհարմար բան է ստացվում։ Փորձում են գտնել որոշ լուսավոր կետեր, սակայն վերջում պարզվում է, որ այդ կետերն իրականում ավելի մութ են։
Նման լուսավոր կետերից մի քանիսը վերաբերում են կաթնամթերքի արտադրությանը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ թթվասերի արտադրության բնեղեն ծավալներն աճել են 53.%-ով (2014 թվականի 3960.6 տոննայի փոխարեն՝ 2015-ին արտադրվել է 6064.9 տոննա)։ Մածունի արտադրության ծավալների աճի տեմպը թթվասերին չի հասնում, բայց կրկին տպավորիչ է՝ 30.7% (6170.2 տոննա)։ Ու երբ լրագրողները փորձում են մեկնաբանություն ստանալ՝ ինչպե՞ս կարող է թթվասերի արտադրության ծավալը 1 տարում աճել 1.5 անգամ (առավելևս, երբ բնակչության թիվը պակասել է, գնողունակությունն էլ՝ նվազել)՝ ի պատասխան՝ ստանում են վիրավորական արձագանք՝ հարցի անհեթեթ լինելու կամ ոչ մասնագիտական կարծիք հայտնելու ձևակերպմամբ։
Պաշտոնական վիճակագրության թվերի վերաբերյալ կասկած հայտնելն ընկալվում է՝ որպես վիրավորանք։ Իսկ եթե այդ թվին, ամեն դեպքում, հավատում ես ու փորձում հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ աճը, պատասխանը մոտավորապես հետևյալն է՝ այդքան է գրված, որովհետև այդքանով աճել է։ Պետք է հավատալ, և վերջ։ «Ասենք՝ նայեք ինձ, ու մի հավատացեք, որ ես այստեղ եմ: Հո ասելո՞վ չի»,- ԱՎԾ-ի այս թվերի մասին ասել էր մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ լրագրողներին հորդորելով սևացնելով չփորձել հարցեր լուծել և ձեռնպահ մնալ մեկնաբանություններից այն դաշտում, որտեղ որ նրանք մասնագետ չեն։
Իրականում, խնդիրը ոչ թե մասնագիտական ունակությունների մեջ է, այլ անկեղծության պակասի։ Որովհետև անկեղծ լինելու դեպքում այդ նույն պաշտոնյան պետք է խոստովաներ, որ կաթնամթերքի ոլորտում հրաշք տեղի չի ունեցել։ Պարզապես թթվասերն ու մածունը դուրս են եկել ստվերից, քանի որ անցած տարվա ընթացքում մի շարք ապրանքատեսակներ ընդգրկվեցին պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա ապրանքների շարքում, որոնց թվում էր նաև կաթնամթերքը։
Պետք է խոստովաներ, որ թթվասերի աճն իրականում ոչ թե աճ է, այլ «ցույց տրվող շրջանառության» ճշգրտում։ Ընկերություններն իրականում 30 կամ 50%-ով չեն ավելացրել իրենց արտադրության ու վաճառքի ծավալները, ավելի եկամուտ չեն ունեցել, աշխատողներին ավելի բարձր աշխատավարձ չեն տվել, նոր տեխնոլոգիաների մեջ ներդրումները չեն ավելացրել։ Այս «աճից» շահել է միայն պետական բյուջեն՝ ավելի շատ հարկերի տեսքով։
Այսքանը ասել, իհարկե, ձեռնտու չէ։ Ու հենց այդ պատճառով էլ մեր պաշտոնյաները գերադասում են ընդհանրապես 5.2%-ից այն կողմ չանցնել։ Նրանք իրականում ոչ թե փորձում են բարձրաձայնել խնդիրները, այլ դրանք չնկատելու տալ, շրջանառության մեջ դնել միայն ցանկալի թվերն ու հնարավորինս լուսավոր ներկայացնել դրությունը։
Ու սրա արդյունքում այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում գործ ունենք ոչ թե տնտեսական բլոկի պատասխանատուների, այլ տնտեսական PR-ի պատասխանատուների հետ։