Իրան-Հայաստան հարաբերություններում Մոսկվային չի հաջողվի ամբողջությամբ սեփական խաղ տանել

«168 Ժամի» զրուցակիցն է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Գուշչինը

– Պարոն Գուշչին, ի՞նչ եք մտածում տարածաշրջանային զարգացումների մասին։ Այս օրերին, ըստ էության, երևում է, որ ռուս-թուրքական առճակատումն էլ ավելի լարվելու միտում ունի, և կարգավորման նշաններ չեն երևում, պատժամիջոցները երկու կողմից ավելի ու ավելի են շատանում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է սպասել, կլինի՞ արդյոք հետագա լարում, և դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա։

– Մեծ պայծառատես չպետք է լինել՝ կանխատեսելու համար, որ 2016թ. չազափանց բարդ տարի է լինելու Հարավային Կովկասի համար։ Ռուս-թուրքական առճակատումը, իսկապես, խորանալու միտում ունի, ինչը, անկասկած, անդրադառնում է տարածաշրջանի վրա։ Սա վերաբերում է ինչպես՝ ռազմական բաղադրիչին՝ ռազմական միջադեպերի լարում ԼՂ տարածաշրջանում և նույնիսկ հարավային ճակատում՝ Նախիջևանի կողմից, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական և տնտեսական բաղադրիչներին, հաշվի առնելով Թուրքիայի ակտիվացումը տարբեր պրոյեկտների կոնտեքստում, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարսը և Վրաստանի եվրաատլանտյան քաղաքականության շարունակությունը։ Իհարկե, պատժամիջոցները բացասական ազդեցություն են ունենում ինչպես՝ Ռուսաստանի, այնպես էլ՝ Թուրքիայի վրա, բայց խնդիրը միայն տնտեսությունը չէ։

Շատ բան որոշվում է ոչ միայն այն ոլորտում, ինչը հեշտ է հաշվվում, այլ, ինչպես պարզվեց, աշխարհաքաղաքական հարցերում, ազդեցության ոլորտների և պատմական հիշողության հարցերում, որոնք ոչ պակաս կարևոր են։

– Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ ազդեցություն կունենա այս հակամարտությունը Հայաստանի և ԼՂ հակամարտության վրա, եթե նաև հաշվի առնենք, որ այս զարգացումներին զուգահեռ՝ Իրանի առջև են մեծ հեռանկարներ բացվում, և Իրանն է ցանկություն հայտնում իրացնել իր հնարավորությունները, որոնք, ինչպես մի շարք փորձագետներ են պնդում, Ռուսաստանն ու Թուրքիան չեն ողջունում, ինչպես միջամտությունը ԼՂ հակամարտությանը և այլ հարցերին։

– Այստեղ պետք է խոսել սիրիական հակամարտության մասին։ Սիրիայում իրավիճակն այնպիսի ընթացք է ստացել, որ կառավարական զորքերը ռուսական ավիացիայի աջակցությամբ կտրուկ կերպով ավելացրել են հարձակողական գործողությունների քանակը, ինչը ոչ մի կերպ ձեռնտու չէ Թուրքիային և Սաուդյան Արաբիային, այստեղից էլ Սիրիա ներխուժման նախապատրաստությունն է ընթանում։ Չեմ կարծում, որ, եթե դա նույնիսկ լինի, կլինի լայնամասշտաբ միջամտություն։ Այնուամենայնիվ Թուրքիայի հնարավոր գործողությունները Սիրիայում միանշանակորեն կհանգեցնեն ռուս-թուրքական հարաբերություններում էլ ավելի մեծ լարման։

Բացի դրանից, տեսնում ենք, որ Թուրքիան փորձում է շահարկել ղրիմյան խաղաքարտը՝ կարգավորելով իր հարաբերությունները Կիևի հետ։ Կարծում եմ, որ սա ևս պատճառ է՝ ենթադրելու համար, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները տեսանելի ապագայում չեն բարելավվի։ Սա էլ իր հերթին, նշանակում է, որ Հարավային Կովկասում այս երկու երկրների մրցակցությունը կմեծանա, ինչը, մի կողմից՝ ավելի անհրաժեշտ ու կարևոր է դարձնում Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների սերտացման հարցը, բայց մյուս կողմից՝ մեծացնում է Հայաստանի և Ադրբեջանի ավելի լարված առճակատման սպառնալիքը, հնարավոր դարձնելով Բաքվի ավելի արմատական գործողությունները Ղարաբաղի շուրջ։

– Իրան-«Վեցնյակ» համաձայնությունից հետո Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների զգալի մասը հանվել է, այս ամենի ֆոնին քննարկումներ են ծավալվել Իրանի նոր դերի մասին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հեռանկարներ են բացվում Իրանի համար տնտեսական և քաղաքական առումով։ Ինչպիսի՞ն կլինի Իրանի նոր դերակատարությունը մեր տարածաշրջանում։

– Առաջին հերթին՝ պետք է ընդգծել, որ պատժամիջոցների չեղարկումը դեռ Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների կարգավորում չի նշանակում։ Ամերիկացիները դեռ շատ հնարավորություններ ունեն Իրանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար, ինչպիսին հրթիռային ծրագիրն է։ Սակայն, այնուամենայնիվ, պատժամիջոցների չեղարկումը նշանակալի իրադարձություն է միջազգային հարաբերությունների և աշխարհի համար։ Երկիրն իր արտահանման ներուժը կարող է վերականգնել միայն մի քանի տարի անց։

Իհարկե, Իրանի մուտքը շուկա նույնիսկ սահմանափակ արտահանման պայմաններում ունակ է նավթի գների վրա որոշակի ազդեցություն ունենալ։ Լրացուցիչ ծավալները կհանգեցնեն ավելի մեծ առաջարկի և հագեցվածության այս ոլորտում։ Սակայն Իրանի դերը գնանկման հարցում կարող է ունենալ միայն մի քանի դոլարի ազդեցություն, համակարգային ազդեցություն դա չի ունենա, թեև չպետք է արհամարհել այս գործոնի ազդեցությունը՝ Իրանի դերակատարությունը նավթի ցածր գների հարցում տեսանելի հեռանկարում առաջնահերթ չէ։

Պետք է ճիշտ գնահատել Իրանի ներկայիս հնարավորությունները։ Կարծում եմ՝ պատժամիջոցների չեղարկումը Իրանին թույլ կտա մեծացնել բյուջետային մուտքերը, ակտիվացնել ոչ միայն տնտեսությունը, այլև արտաքին քաղաքականությունը, թեև կրկին համամասնությունների հարց կա։ Թեհրանն ամրության ավելի մեծ ներուժ ունի, քան նույն սաուդցիները, սակայն Իրանի համար ևս կան լուրջ ռիսկեր, եթե տեղի ունենա բաց առճակատում, առավել ևս, երբ Էր-Ռիադի հետ գործընկերությամբ է հանդես գալիս Անկարան։ Այսինքն՝ բազմակողմանի ռիսկեր կան այսօր։

– Իրանի շուրջ համաձայնությունից հետո հայաստանյան փորձագետները խոսում են Իրանի հետ տարատեսակ պրոյեկտների հնարավորության մասին, սակայն միաժամանակ պնդում, որ Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի Հայաստանն օգտագործի ընձեռված հնարավորությունները, որոնք կնվազեցնեն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Ըստ այդ պնդումների, Ռուսաստանը նման կերպ կխոչընդոտի նաև իրանական էներգակիրների մուտքը Եվրոպա, քանի որ Իրանն ակտիվ կերպով քննարկում է Հայաստան-Վրաստան-Եվրոպա ուղին։ Ի՞նչ եք կարծում այս մտավախությունների և Հայաստանի տարանցիկ հնարավորությունների մասին։

– Անկասկած, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, անկեղծությամբ չի սկսի ողջունել Հայաստանի և Իրանի ակտիվ մերձեցումը, սակայն ներկայումս Իրանի դերակատարությունը Ռուսաստանի համար բարդ է գերագնահատելը։ Այստեղ ամբողջությամբ սեփական խաղը խաղալ չի ստացվի, չէ՞ որ մեր դիրքերը, հատկապես, մատակարարումները Սիրիայում մեծապես կախված են Իրանից։ Այլ հարց է, որ հնարավոր է փորձել գտնել փոխադարձ օգուտների և համագործակցության կետեր։ Վերջերս Թեհրանում կայացավ խոշոր արտադրական ցուցահանդես ՌԴ Կապի ու տրանսպորտի նախարարի մասնակցությամբ։

Մոսկվան ու Թեհրանը ձեռք են բերել պայմանավորվածություններ նաև բանկային ոլորտում համագործակցելու մասին։ Այս հարցերը բարձր մակարդակով քննարկվել են նաև ՌԴ նախագահի Թեհրան կատարած այցի ընթացքում։ Կարծում եմ, որ Մոսկվայի և Թեհրանի առաջնահերթ խնդիրն առևտրաշրջանառության ծավալների նվազման բացասական միտումները հաղթահարելն է։ Հայաստանի դերակատարությունը հարաբերությունների ակտիվացման գործընթացում չափազանց կարևոր է։ Գործընթացներն իրենց ակտիվ և գուցե դժվար կանխատեսելի փուլում են։

Տեսանյութեր

Լրահոս