«Սամտ հոլդինգը» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն ստացավ
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ թույլատրվել է «Սամտ հոլդինգ» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալների աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Կառավարությունը որոշել է Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի համապատասխան հասցեներում գտնվող անշարժ գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Սասստեքս» ՍՊԸ-ին՝ 2 293 400 եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրում իրականացնելու և տեքստիլի արտադրություն կազմակերպելու նպատակով: Ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը սահմանվել է 1 000 000 ՀՀ դրամ:
Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2016թ. հուլիսի 31-ը: Ներդրումային ծրագրի շրջանակում` Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ: Դրա համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1.337 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելու համար: Ծրագրի արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ: