«Ի՞նչ է, գրավո՞ր են ուզում առաջարկենք». Վահրամ Բաղդասարյանը՝ ԲՀԿ-ին

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընթացը լավ փուլում է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Կլինի, մոտակա ժամանակահատվածում կլինի: Դեռ պորտֆելների հարց չի քննարկել, առաջիկա օրերի ընթացքում արդեն վերջնական պատասխան կտանք: Քննարկումներ լինելու են այսօր էլ, վաղն էլ»,- նշեց ՀՀԿ ղեկավարը:

Դիտարկմանը, թե արդեն խոսվում է Արծվիկ Մինասյանին և Լոքյանին նախարարների պաշտոնները տալու մասին՝ Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը խոսակցությունները չի մեկնաբանում: Հարցին էլ՝ իսկ Դուք նրանց տեսնո՞ւմ եք նախարարների պաշտոնում, նա այսպես արձագանքեց. «Ես բոլորի մեջ տեսնում եմ իրենց հնարավորությունները, իրենց ուժերը, բավականին կայացած մարդիկ են»:

Այն հարցին էլ, թե՝ ԲՀԿ-ին ինչո՞ւ եք լուսանցքում թողել, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենց դռները բաց են բոլորի համար: Հարցին՝ ինչո՞ւ առաջարկ չեք արել նրանց, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ առաջարկ բոլորին են արել: Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե ԲՀԿ-ն ասում է՝ իրենց առաջարկ չեք արել, ՀՀԿ ղեկավարն այսպես արձագանքեց. «Ի՞նչ է, գրավո՞ր են ուզում, մենք ասում ենք՝ ով բանակցելու բան ունի, մեր դուռը բաց է, կարող են գալ՝ քննարկել»:

Կարդացեք նաև

Հարցին՝ Դաշնակցությունն իր ոտքո՞վ է եկել ձեր դուռը, Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ինչու ուրիշի ոտքի կարիքն ունի՞ Դաշնակցությունը: Ես կրկնում եմ՝ մեր հորդորին արձագանքել է Դաշնակցությունը:

Վ. Բաղդասարյանը նշեց, որ բանակցային սեղանին քննարկվում են նաև ՀՅԴ-ի հայտնի յոթ կետերը: Նա չբացառեց, որ մի օր հնարավոր է՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունները հետ կանչվեն:

 

Տեսանյութեր

Լրահոս