
Վանաձորում նոր էլեկտրակայան կկառուցվի

Այսօր ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ կառավարության և «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջև կնքվող` Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում «Համակցված Շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:
Ըստ հիմնավորման՝ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ, որն այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ ունի, նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կաջակցի «Գրեյնջ Փաուեր»-ին ձեռք բերել հողատարածք էլեկտրակայանի կառուցման համար՝ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում:
Ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Դրանից հետո ՀՀ կառավարությունը պարտավորվում է 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում երաշխավորել էլեկտրաէներգիայի արտադրության համար էլեկտրակայանին անհրաժեշտ գազի մատակարարումը: