Բաժիններ՝

«Տնտեսվարողների բիզնես գործունեությունները մենք չենք կարող մեկնաբանել». ինչու է Մոսկվայում բենզինը երկու անգամ էժան

Ինչպես հայտնել ենք, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հայտնել էր, որ բենզինի գները 2015թ. ընթացքում նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի: Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներն Արտակ Շաբոյանից հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Ռուսաստանում բենզինի գինը երկու անգամ ցածր է:

«Ես իմ խոսքի մեջ ներկայացրի և համեմատություններ իրականացրի տարբեր եվրոպական երկրների հետ: Հայաստանում բենզինի գները շարունակական նվազման միտում են դրսևորում: Բնականաբար, փոխարժեքի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ բենզինը ներկրվում է արտարժույթով, դրա դիմաց վճարումները կատարվում են արտարժույթով, իսկ երկրի ներսում վաճառվում է հայկական դրամով: Այս երկու տարիների ընթացքում հայկական դրամի փոխարժեքն արժեզրկվել է մոտ 17-18 տոկոսով: Բնականաբար, դա իր ազդեցությունն է թողել:

Եթե հիմա հայկական դրամի փոխարժեքի ազդեցությունը հանենք, այսինքն՝ նայենք միայն դոլարային գները (վաճառքի գները դոլարային արտահայտությամբ նայենք), ապա այդ երկու տարիների ընթացքում, երբ սկսել է բենզինի գների նվազման միտումը, Հայաստանում բենզինի գները նվազել են շուրջ 28 տոկոսով: Ամենակարևոր հարցը՝ երբ մենք ուսումնասիրում ենք ներկրող ընկերություների վարքագիծը, բենզինի գների նվազումն ամբողջությամբ ադեկվատ է ձեռքբերման գների նվազմանը»,- ի պատասխան՝ ասաց Արտակ Շաբոյանը:

Ճշտող հարցին, թե ինչով է բացատրվում, որ Մոսկվայում բենզինը երկու անգամ էժան է, քան Հայաստանում, Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ բենզինը հիմնականում ներկրվում է ՌԴ-ից. «Բենզին ներմուծող ընկերությունների գնային փոփոխություններն ադեկվատ են ձեռքբերման գների փոփոխություններին: Մեր օրենսդրության առումով մենք չարաշահման երևույթներ չենք տեսնում, գնային չարաշահման երևույթներ չկան: Ավելին, մրցակցության պաշտպանության մարմնի խնդիրն է հանդիսանում՝ պարզել՝ կա՞ն արդյոք շուկայում մուտքի խոչընդոտներ, թե՞ ոչ: Ուսումնասիրության արդյունքներում այս ոլորտում, այս շուկայում մուտքի խոչընդոտներ, մրցակցության սահմանափակման երևույթներ չկան: Եթե որևէ տնտեսվարող ցանկանում է զբաղվել տվյալ բիզնես գործունեությամբ, ապա մենք կարծում ենք՝ ամբողջությամբ կարող է զբաղվել: Այնուհանդերձ, եթե կինեն տնտեսվարողներ, որ խնդիրներ կտեսնեն, կհանդիպեն մուտքի խոչընդոտների, ապա ես վստահեցնում եմ, որ մենք հետևողական կլինենք այդ բոլոր խնդիրների լուծման հարցում»:

Լրագրողները կրկին հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ինչով է բացատրվում գնային տարբերությունը: Ի պատասխան՝ Արտակ Շաբոյանն ասաց. «Տնտեսվարողների բիզնես գործունեությունները մենք չենք կարող մեկնաբանել: Եթե կան ընկերություններ, որ կգտնեն քաղաքներ, երկրներ, որտեղ ավելի էժան է, կարող են ավելի էժան ձեռք բերել և ավելի շատ եկամուտ ստանալ, ապա կարող են հանգիստ զբաղվել այդ գործունեությամբ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս