«Հայաստանն ահաբեկչության դեմ պայքարի հարցում նախաձեռնողական է եղել». Նալբանդյան

«Հայաստանը շարունակելու է իր նպաստը բերել ահաբեկչության դեմ միջազգային պայքարին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մերձավորարևելյան իրադարձություններին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ բարձրաձայնեց այդ սպառնալիքի, վտանգի մասին բոլորի համար, որ ներկայացնում են ահաբեկչական կազմակերպությունները՝ ոչ միայն՝ Միջին Արևելքում, բայց խոսքը կոնկրետ Միջին Արևելքի մասին է գնում: Նալբանդյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ միջազգային բեմահարթակներում բարձրաձայնում էին և դատապարտում հարձակումները, որոնք արվեցին Քեսաբի, Դեյր Զորում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղու դեմ, դրանք ոչ միայն հայերի, այլև քրիստոնյա փոքրամասնությունների դեմ էին, և այդ ժամանակ կային երկրներ, որոնք միանշանակ չէին վերաբերվում, մեղմ ասած, Հայաստանի նախաձեռնություններին:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ տարիներ առաջ ԵԱՀԿ նախարարական կոնֆերանսի ժամանակ ՀՀ-ն առաջարկում էր, որպեսզի բանաձևերից մեկում ներառվեն բառակապակցություններ, որոնցում հստակ ասվի՝ խոսքը որ ահաբեկչական խմբավորումների մասին է` ԴԱԻՇ-ի՞, Ալ-Նուսրայի՞, թե՞ այլ ահաբեկչական կառույցների, օտարերկրյա վարձկանների:

«Մենք այդ առաջարկն անում էինք ոչ թե օդից, այլ բերում էինք այն ձևակերպումները, որոնք ընդունվել էին ՄԱԿ ԱԽ-ի կողմից: Պատկերացրեք որոշ երկրներ, որոն այսօր հայտարարում են, որ պայքարում են ահաբեկչության դեմ, ամեն ձևով փորձում էին խոչընդոտել և թույլ չտալ ներառել այդ բառակապակցությունները այդ բանաձևերում»,- ասաց նախարարը:

Նրա դիտարկումներով` այստեղ ոչ միայն հայության, հայ համայնքների, մշակութային ժառանգության պաշտպանության, ընդհանրապես հայերի գոյատևման հարցն է Միջին Արևելքում, այլև քրիստոնյաների: «Դա կարևորագույն խնդիրներից է մեր դիվանագիտության, և լուրջ սպառնալիք կա այսօր փոքրամասնությունների վերաբերյալ՝ առաջին հերթին՝ քրիստոնյա, որոնք ամենախոցելին են Միջին Արևելքում:

100 տարի առաջ քրիստոնյաները կազմում էին Միջին Արևելքի բնակչության 20%-ը, այսօր 7-8 անգամ նվազել է, սպառնալիք կա, որ ընդհանրապես քրիստոնյա չի մնա այն տարածաշրջանում, որը բնօրրանն է եղել քրիստոնեության, և ոչ՝ միայն քրիստոնեության, այլև այլ կրոնների, ընդհանրապես Միջին Արևելքը միշտ տարբերվել է նրանով, որ իր մշակութային, կրոնական առումով բազմազան է եղել, հայերն այդ մոզաիկայի բաղկացուցիչ մասն են եղել»,- ասաց Նալբանյանը:

Դիվանագետի համոզմամբ՝ միայն մեկ միջոցով հնարավոր չէ զսպել ու արմատախիլ անել ահաբեկչությունը: Հայաստանը, ըստ նրա՝ նախաձեռնող է եղել և մասնակցել է տարբեր միջազգային հարթակներում հավաքների, միջոցառումների, քննարկումների, որոնք վերաբերել են Միջին Արևելքում փոքրամասնությունների իրավունքներին և ահաբեկչության դեմ պայքարին: «Մենք մեր նպաստն ենք բերելու, որ համատեղ պայքարենք այս չարիքի դեմ»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս