«Եթե մենք չմտնեինք այս պրոցեսի մեջ, հաղթած չէինք լինի». Արմեն Ռուստամյան

«Մենք համարում ենք, որ մի կողմ քաշվել, դիտողի դերում հանդես գալ այս պրոցեսի մեջ՝ ճիշտ չի լինի, մենք մտնելու ենք այդ պատասխանատվության մեջ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի մասին:

Նրա խոսքով՝ իրենք երբեք էլ կոալիցիա ինքնանպատակ և առանց բացատրություն տալու ո՛չ մտել են, ո՛չ էլ դուրս են եկել: Հարցին, թե ի՞նչ ոլորտներ կան, որոնք սկզբունքային են ՀՅԴ-ի համար, և կցանկանային, որպեսզի իրենց անդամները հենց այդտեղ լինեն՝ երկրում ինչ-որ իրավիճակ փոխելու նպատակով, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ առանձին ոլորտի մասին խոսելն անիմաստ է, որովհետև իրենք ընդհանուր ուղեգծի մասին են խոսում.

«Դա ունի մի քանի շերտեր՝ թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ օրենսդրական, թե՛ նաև սոցիալ-տնտեսական ոլորտներ: Դրանք իրար հետ առնչված են: Պորտֆելների մասին խոսակցությունները վաղ են, որովհետև դրա հետ կապված որևէ համաձայնություն գոյություն չունի: Բանակցություններ են ընթանում նաև այդ հարցի շուրջ, մենք դեռ չենք հասել որևէ եզրակացության»:

Հարցին՝ շա՞տ պորտֆելներ եք ակնկալում, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Շատի ու քչի հարց չէ, պետք է համապատասխան տեղում համապատասխան գործընթացների հետ կապված համաձայնության գալ»:

Կարդացեք նաև

Հարցին էլ, թե խոսքը ՀՀ Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, Կրթության ու գիտության նախարարությունների՞ մասին է, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ կարող են խոսել բոլոր նախարությունների մասին, քանի դեռ համաձայնություն չի եղել. «Համաձայնություն կլինի՝ կհայտարարենք»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պարբերաբար պնդել եք, որ իշխանափոխության կողմնակից եք, բայց այնպես է ստացվել, որ դուք այժմ փորձում եք համագործակցել հենց այն իշխանության հետ, որին ցանկանում էիք արմատապես փոխել, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց.

«Իշխանափոխության ամենահիմնական հիմքերը մենք արդեն դրել ենք, իշխանափոխությունը պետք է կատարի ժողովուրդը, մենք այդ հնարավորււթյունն այս փոփոխություններով տեսնում ենք, այսինքն՝ ժողովուրդը հնարավորություն ունի ընտրությունների միջոցով փոխել: Դաշնակցությունը չի նշանակում իշխանություն: Հիմա մենք աշխատում ենք նաև ընտրական համակարգի փոփոխության վրա, որը ևս բանակցությունների թեմա է: Ես վստահ եմ, որ 2017 թվականին ունենալու ենք աննախադեպ որակով անցկացրած ընտրություններ»:

Ա. Ռուստամյանի խոսքով՝ իրենք որևէ մեկի դեմ չեն իրականացնում իրենց համագործակցությունը, իրենք խոսում են այն խնդիրների վերաբերյալ, որոնք, իրենց կարծիքով, ռազմավարական առումով լուծված են.

«Հիմա մնում է մարտավարությունը: Մարտավարական խնդիրներն են, որ քննարկվում են բանակցությունների սեղանի շուրջ: Համաձայնության ժամկետների մասին չեմ կարող խոսել, բայց վստահ եմ, որ ընդհանուր նպատակի շուրջ քանի հնարավորությունը կա, մարտավարական խնդիրները կհամաձայնեցվեն: Մենք դեռևս խոսում ենք համագործակցության և այդ համագործակցության տարբեր ձևաչափերի մասին: Բնական է, որքան էլ այս կառավարության մեջ նախարար ունենաս, միևնույն է, եթե նախագահը քոնը չէ, դու իշխանություն չես, ուրեմն՝ էստեղ խոսել նախարարների քանակի մասին, անիմաստ է: Մենք փոխել ենք համակարգը, սահմանադրական նոր կարգ է ամրագրվել, այդ ամենը կատարել է Դաշնակցությունը՝ ունենալով հինգ պատգամավոր: Եթե մենք չմտնեինք այս պրոցեսի մեջ, հաղթած չէինք լինի: Մարդիկ պետք է աչքերը բացեն ու տեսնեն՝ ինչ է կատարվում, ով է պաշտպանում այս սահմանադրական կարգը, ով էր քարոզում՝ ինչ է այս կարգը»:

Տեսանյութեր

Լրահոս