Ինչպե՞ս են ՀՀ դատավորները միլիոններ կուտակում
Անցած տարի նոր Սահմանադրության քննարկումների ժամանակ հայտարարվում էր, որ նախագիծը դատական համակարգում մի փոքր առաջխաղացում է նախատեսում՝ բարձրացնելով դատավորների անկախություն մակարդակը: Սակայն տեսակետ կար նաև, որ բարձրագույն դատական խորհրդի կազմավորման առաջարկվող մոդելն անկախություն չի ապահովում դատավորների համար:
Իսկ մինչ սահմանադրական փոփոխություններն էլ դատավորների անկախությունն ապահովելու հիմնավորմամբ տարիներ առաջ կտրուկ բարձրացվեցին դատավորների աշխատավարձերը՝ իբրև թե նրանց կոռուպցիոն ռիսկերից հեռու պահելու համար: Եվ չնայած դրան դատական համակարգից դժգոհությունների թիվը բոլորովին չի պակասել, իսկ ՀՀ քաղաքացիների մոտ դատարաններում արդարադատության հասնելու հնարավորության ընկալումը չի ավելացել:
Այս իրավիճակում ուշագրավ են Հայաստանի դատավորների հայտարարագրած կարողությունները: Հատկանշական է, որ կարծես, ընդհանուր լուռ համաձայնությամբ, դատավորները հիմնականում չեն լրացնում իրենց անշարժ գույքի կամ թանկարժեք իրերի վերաբերյալ տեղեկությունները: Իսկ բանկային հաշիվներում կուտակած դրամական միջոցների չափը զարմանք է հարուցում: Բերենք մի քանի դատավորների հայտարարագրերի օրինակներ:
Դատավոր Արմեն Խաչատրյանը, ով վերջերս Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեց Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ստանում է տարեկան 5.6 մլն դրամ աշխատավարձ (ամսական մոտ 467 հազար դրամ), սակայն բանկում ունի 47 մլն դրամ և 100 հազար դոլար գումար: Խաչատրյանը նաև այնքան ապահովված է, որ 46 մլն 221 հազար 742 դրամ փոխառություն է տվել:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը հայտարարագրել է 6 մլն 83 հազար դրամ աշխատավարձ, բայց բանկում ունի 17.5 մլն դրամ և 67 հազար դոլար:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը 6մլն 961 հազար դրամ աշխատավարձի դեպքում բանկում կուտակել է 20 մլն դրամ և 35 հազար դոլար գումար:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը «մոռացել» է հայտարարագրել իր եկամուտները, բայց 104 հազար 281 դոլար փոխառություն է տվել, իսկ բանկում կուտակել է 8000 եվրո, 41.4 մլն դրամ և 41.8 հազար դոլար: Երիցյանը հայտարարագրել է նաև 2 ավտոմեքենա՝ TOYOTA RAV 4 2.0 լ շարժիչով և TOYOTA COROLLA 1.6 շարժիչով:
Թե ինչո՞ւ են դատավորները խուսափում հրապարակայնացնել իրենց անշարժ գույքը, կարելի է միայն գուշակել: Հնարավոր է` դրանք այնքան շատ են, իսկ դատավորները «գերզբաղված» մարդիկ են, որ պարզապես ժամանակ չունեն մանրամասնորեն գրանցել իրենց տների ու հողամասերի քառակուսի մետրերն ու հասցեները, և գերադասել են մի «ոչ»-ով ազատվել այդ գլխացավանքից: