«Հոսպիտալացված հիվանդները 705-ն են, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են». Արտավազդ Վանյան
«H1N1-ը մեծ տարածում է գտել մի շարք երկրներում: Ռուսաստանում՝ մոտ 47 օկրուգներում, համաճարակային շեմի բարձրացում կա: Վրաստանում նույնպես կտրուկ բարձրացում է արձանագրվել: ՀՀ-ում այսօր մենք ունենք բավականին լուրջ հաջողություններ արձանագրած, պիկը մեզ մոտ արձանագրվեց հունվարի 17-18-ին, հետո նկատվեց նվազում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Նա նշեց, որ իրենք ամենօրյա դիտարկում են իրականացնում ու լիարժեք տիրապետում են իրավիճակին: Ա. Վանյանի խոսքով՝ լուրջ նվազում արձանագրվեց հղիների շրջանում՝ 50-60 տոկոս: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ն լիարժեք պատրաստված էր գրիպի դեմ պայքարի համար: Մինչև այս դեպքերը՝ բոլոր վերակենդանացման բաժանմունքի բժիշկները պատրաստվել էին: «Առաջին մահվան դեպքերն ունեցանք դեկտեմբերի 29-30-ին, այն ժամանակ հոսպիտալացումը շատ չնչին քանակով էր, սակայն մենք ահազանգ տվեցինք, և հնարավորություն ստեղծվեց մեր բնակչության զգոնությունը բարձրացնել, բնակչությունն ահաբեկվում էր, որ հնարավոր է՝ շատ ծանր դեպքեր լինեն, բայց կարևորը՝ կարողացանք զերծ մնալ բարդացված դեպքերից, ունենք հազարավոր փրկված կյանքեր»,- նշեց Ա. Վանյանը:
Նրա խոսքով՝ երեք շաբաթ ԱՆ-ի առաջարկով դպրոցները և նախադպրոցական հաստատությունները չբացվեցին, որի արդյունքն այսօր ունենք. «Այսօր, քանի որ ունենք նվազում, մենք այդ առաջարկով հանդես չենք գալիս, բայց Առողջապահության նախարարն իր մոտ քննարկում հրավիրեց, որով մենք համատեղ աշխատանք պետք է տանենք, որպեսզի դպրոցների և նախադպրոցական կառույցների բացումից հետո մենք չունենանք երկրորդ ալիքը: Պետք է պահպանեն ջերմային ռեժիմն այդ հաստատությունների, եթե դա չլինի, կունենանք լուրջ խնդիրներ: Այդ հաստատություններում արդեն սկսվել է ջերմային մոնիտորինգը, որպեսզի լիարժեք պատկերը պարզ լինի երկուշաբթի օրը բացվելու համար»: Ա. Վանյանը տեղեկացրեց, որ այդ հաստատություններում ստեղծվելու է համաճարակաբանական ֆիլտր, ու այն երեխաները, ովքեր կունենան հարբուխ, ջերմություն, մեկուսացվելու են. «Մեր ծնողներին հորդորում ենք՝ եթե կան անգամ թույլ նշաններ, թույլ մի տվեք դպրոց հաճախել, որովհետև դա կարող է տարածվել: Առաջարկել ենք, որ ժամանակավորապես դպրոցներում չգործեն բուֆետներ, մենք մեր աշխատանքները տանելու ենք, բայց հիմնականում այս հիվանդությունը կարելի է համատեղ ուժերով հաղթահարել»:
168.am-ի հարցին՝ Առողջապահության նախարարությունը հայտնում է միայն հիվանդանոցներից դուրս գրվող հիվանդների քանակի մասին, կարո՞ղ եք ասել՝ հիվանդանոցներում պառկածների թիվը որքա՞ն է, Ա. Վանյանը պատասխանեց, որ այս պահին 705 հիվանդ հոսպիտալացված է: Նրա խոսքով՝ ծայրահեղ ծանր հիվանդների թիվն այսօր 6 է, որոնց միացրած է արհեստական շնչառության ապարատ: Վանյանի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր շատ բարվոք վիճակում է՝ համեմատած տարածաշրջանային երկրների հետ: Ա. Վանյանը հայտնեց, որ վիրուսով վարակվածների դեպքերը նվազել են նաև մարզերում: Հոսպիտալացված 700 հիվանդների մոտ 40-50 տոկոսը մարզերում էր: