«Կարելի է հակընդդեմ բանաձևի նախագիծ ներկայացնել ու չեզոքացնել Մարկովիչի բանաձևը». Ռուբեն Հակոբյան
ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծում է՝ ԵԽ ԽՎ-ում հայկական կողմը բավական ճիշտ կարողացավ աշխատել: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ Ռ. Հակոբյանը նկատեց՝ոբերթ Ռոբերտ Ուոլթերի բանաձևը, որն ավելի կոշտ էր ու քաղաքական նրբերանգներով ավելի վտանգավոր էր, չանցավ:
Հիշեցնենք, որ օրերս ԵԽ ԽՎ-ում երկու հակահայկական բանաձևերից Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը չընդունվեց, սակայն Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցն ընդունվեց:
«Եթե առաջնահերթությամբ նայենք, առաջին գործոնն այն է, որ հայկական կողմը կարողացավ ճիշտ կոորդինացնել իր ռեսուրսները, գործադիր և օրենսդիր իշխանությունները կարողացան իրար հետ ճիշտ աշխատել, լոբբինգը շատ ճիշտ օգտագործվեց, մասնավորապես՝ Հայ դատի գրասենյակները լավ աշխատեցին: Երբ ասում եմ՝ օրենսդիր մարմինը, նկատի ունեմ և՛ ընդդիմությունը, և՛ դիմությունը, երկրորդ կարևոր դիտակետն այն էր, որ Մինսկի խումբը հայտարարությամբ հանդես եկավ»,- նշեց Ռ. Հակոբյանը:
Նա ասաց, որ չի ուզում գերագնահատել Մինսկի խմբի դերը, որը, ըստ նրա, շատ հաճախ գերագնահատվում է. «Մինսկի խումբը հասկացավ, որ դա առաջին հերթին՝ ապտակ էր իրեն, եթե ավելի լավ աշխատեին, երկրորդ բանաձևն էլ չէր անցնի: Կան հոդվածներ այդ բանաձևում, որտեղ հստակ քաղաքական շեշտադրումներ կան: Այդուհանդերձ, ես դիտում եմ, որ մեր կողմից դա հաջողություն է, վստահ եմ, որ, եթե նույն ձևով աշխատեինք նաև անցյալում, գուցե այդ բանաձևերից ոչ մեկն էլ չանցներ»:
Նա հույս հայտնեց, որ փորձն ունենալով՝ կկարողանան համակարգված, ճիշտ ժամանակին աշխատել, ու մենք կունենաք հաջողություններ. «Մի գործոն չօգտագործվեց՝ ԼՂՀ իշխանությունները բացահայտ արտահայտել են իրենց դիրքորոշումը, որ կարող են բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ, դա շատ կարևոր է: Կարելի է հակընդդեմ բանաձևի նախագիծ ներկայացնել ու չեզոքացնել Մարկովիչի բանաձևը»: