«ՀՅԴ-իշխանություն համագործակցությունն անհրաժեշտ է». Ռուբեն Հակոբյան
ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանն իշխանությունների կողմից համագործակցելու առաջարկ դեռևս չի ստացել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՀՅԴ-ՀՀԿ հավանական կոալիցիայի մասին, Ռ. Հակոբյանն ասաց, որ Դաշնակցության համագործակցությունն իշխանության հետ իսկապես անհրաժեշտ է:
«Իսկապես, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում՝ ինչպես ներկայանա: Ես մի քիչ ՀՅԴ-ի խոհանոցին տեղյակ լինելով՝ կարող եմ ասել, որ Դաշնակցությունը մեր սովորական կուսակցություններից չէ, այն համահայկական կառույց է, ու նկատի ունենալով այն իրավիճակը, որը ստեղծվել է տարածաշրջանում, կարծում եմ, որ ՀՅԴ-իշխանություն համագործակցությունն անհրաժեշտ է, շատ կարևոր է, որ նրանք միասնական ծրագրով հանդես գան: Դաշնակցության նման կուսակցությունը, համահայկական շահերից ելնելով՝ պետք է համագործակցի, իսկ թե ի՞նչ ֆորմատով կարող է լինել դա, թող կուսակցությունը որոշի: Պետք է համատեղենք բոլորի ուժերը»,- նշեց Ռ. Հակոբյանը:
168.am-ի հարցին՝ Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ, եթե լինի իշխանությունների հետ համագործակցելու առաջարկություն՝ կհամաձայնեք, Ռ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Եթե ունենամ այն հնարավորությունը, որով իսկապես կկարողանամ պետությանն օգուտ բերել, որևէ առաջարկության դեպքում կքննարկեմ՝ կոնկրետ հարցերի դեպքում: Որևէ համագործակցություն չպետք է ինքնանպատակ լինի, պետության շահերից բխող առանձին հարցերի շուրջ համագործակցել չի նշանակում իշխանությանը մաս կազմել»:
Խոսելով Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններից՝ Ռ. Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ժամանակն է՝ քաղաքական դաշտը կարողանա ի մի բերել իր հնարավորությունը և միասնական առաջարկներով հանդես գալ: