ԵԽԽՎ-ում մեկնարկեց հակահայկական բանաձևերի քվեարկությունը
Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի երկրորդ օրը ճակատագրական կդառնա ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության համար: Ինչպես հայտնի է, երեկ սկսված ԵԽԽՎ նստաշրջանի այսօրվա օրակարգն առանձնանում է հակահայկական բանաձևերով, որոնք քվեարկության կդրվեն րոպեներ անց: Տեղեկացնենք, որ խոսքը բրիտանացի ադրբեջանամետ պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների մասին է:
Ի դեպ, 2015թ. նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվել էր և ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ մտցվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը, որն ամբողջովին կազմված է ադրբեջանամետ ձևակերպումներից։
Խնդրահարույց են հատկապես պարբերություններն այն մասին, որ վեհաժողովը, մտահոգված լինելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով, դատապարտում է 2014-ից սկսած ԼՂ-ի և ՀՀ-ի կողմից իբրև թե Ադրբեջանի օկուպացված տարածքներում ռազմական գործողությունների իրականացումը։ Զեկույցում տառացիորեն գրված է. «Ադրբեջանական տարածքները դեռ օկուպացված են ՀՀ զինված ուժերի կողմից, և ԼՂ-ն գտնվում է անջատողական ուժերի ղեկավարության ներքո»։ Ուոլթերի կազմած փաստաթղթի ամփոփիչ հատվածում կոչ կա` ուղղված ՀՀ իշխանություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին.
«Դուրս բերել ՀՀ զինված ուժերը և այլ ապօրինի ուժեր ԼՂ-ի և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից»։Ի դեպ, քաղաքական հանձնաժողովի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակությանը հաջողվել է զեկույցում ընդգրկել ավելի մտահոգիչ ձևակերպումներ նաև այն մասին, որ ՀՀ-ն ՌԴ-ին պետք է հավաստիացնի, որ ՀՀ-ին վաճառված ռուսական զինատեսակները չեն հայտնվի ԼՂ զինված ուժերի ձեռքին։ Վերջին քննարկումների ժամանակ էլ ավելացվել է ՀՀ և ԼՂՀ իշխանություններին ուղղված` դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին բաց թողնելու մասին կոչը:
Ինչ վերաբերում է Մարկովիչի զեկույցին, ապա այն ետ չի մնում Ուոլթերի զեկույցից: ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը մի քանի պարբերություններ նույնությամբ կրկնում է Ուոլթերի զեկույցում տեղ գտած ձևակերպումները: Նշվում է, որ հայկական զորքերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքները, ուստի պահանջվում է, որ Հայաստանը անհապաղ դուրս բերի իր զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:
Նշվում է, որ հայերը, օկուպացնելով Ադրբեջանի տարածքները, Ադրբեջանի սահմանամերձ գյուղերին զրկել են ոռոգման ջրի հնարավորությունից, փակել են և թույլ չեն տալիս օգտագործել Սարսանգի ջրամբարի ջուրը: Շեշտադրումներ կան նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչը կասկածի տակ է առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը:
Մի շարք փորձագետների, պատգամավորների, ԵԽ ԽՎ-ում աշխատելու փորձ ունեցող գործիչների պնդմամբ, այս բանաձևերը չէին հասնի քվեարկության, եթե ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը ժամանկին քայլեր ձեռնարկեր: Կա նաև կարծիք, որ հայկական դիվանագիտությունը չէր կարող ավելի հզոր գտնվել, քան ադրբեջանական խավիարը: Այնուամենայնիվ բանաձևերը հայտնվել են նստաշրջանի օրակարգում և ըստ պատվիրակների պնդումների, արել են ամեն ինչ, որպեսզի բանաձևերը չընդունվեն ԵԽ ԽՎ-ի կողմից, թեև քվեարկության հասնող բանաձևերը սովորաբար ԵԽ ԽՎ քվեարկությա դահլիճում ըդնունվում են հեշտությամբ:
Նշենք նաև, որ ԵԽԽՎ գործունեությունը չեն ողջունում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Նրանք հայտարարությամբ էին հանդես եկել: Համանախագահների համոզմամբ, նման բանաձևերով ԵԽԽՎ-ն կթուլացնի ԵԱՀԿ-ի կողմից Մինսկի խմբի ընդունած մանդատը, կամ կբարդացնի ընթացող բանակցությունները: Նրանք հիշեցրել էին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար միակ ընդունված ձևաչափը շարունակում է մնալ Մինսկի խումբը։
Առաջարկում ենք ԵԽ ԽՎ նիստի ընթացքում կայանլիք քվեարկությանը հետևել ուղիղ հեռարձակմամբ: