«Դաշնակցությունը դավաճանում է իր սկզբունքներին»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ չի զարմանում այն իրողությունից, որ ՀՅԴ-ն որոշել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ մտնել. «Նոր Սահմանադրությունը հիմք է դրել է այն սկզբունքին, որ առաջիկայում պետք է միակուսակցական կառավարում լինի, ո,ւ եթե կոալիցիաները նախապես են կազմվում, հասկանալի է՝ ինչ ուժերի վրա է միակուսակցականությունը կիրառվելու»:

Ըստ նրա՝ նոր Սահմանադրությունը հակասում է 1988թ. Դաշնակցության սկզբունքներին. «Սահմանադրական փոփոխություններով ևս մեկ անգամ հաստատվեց, որ ՀՀ-ն ընտրել է ամենածանր` կապիտալիզիմի ճանապարհը: Հայեցակարգում բացահայտ հայտարարվում է, որ առաջնորդվում է նրանով, որ մեր պետությունում տնտեսական ազատությունն անհնար է, իսկ Դաշնակցությունը խոսում է սոցիալական հավասարության մասին, որը չկա այս Սահմանադրությունում: Շատ դժվար է պատկերացնել՝ ինչպես պետք է սոցիալիզմի, հավասարության գաղափարը որդեգրած ուժն ընդունի դա։ Դեռ Սահմանադրությունից առաջ Դաշնակցոթյունը համարյա ուլտիմատիվ պահանջներ ուներ ՀՀԿ-ից, որոնք չկատարվեցին։ Դաշնակցությունը հիմա դրանց մասին չի խոսում: Քաղաքական դաշինք կազմելու այսօրվա խոսքը թույլ է տալիս ասել, որ Դաշնակցությունն իր սկզբունքներից որևէ մեկի կատարման համար չի աշխատում, և այս պահին միայն Դաշնակցություն է, որ իր սկզբունքներին դավաճանում է: Շարքային դաշնակցականներից որևէ մեկնաբանություն այս խնդրի վերաբերյալ չկա»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը համամիտ չէր Հրանուշ Խառատյանի հետ: «ՀՀԿ-ի և դաշնակների կարծիքները համընկնում են՝ հատկապես ազգային արժեքների դավանելու համատեքստում»,- նշեց պատգամավորը: Ըստ նրա՝ կոալիցիաները հենց այնպես չեն ստեղծվում, և պորտֆելների մասին չէ խոսքը, քանի որ դրա համար չեն, այլ կան ծրագրեր, որոնք պետք է լուծվեն: Կոալիցիան համագործակցության ձև է, ինչը կարող է լինել մեծ կամ փոքր հարցերի շուրջ: Ես ինչքան ընկալել եմ, խնդիր չի լուծվում, որ կոալիցիայի անդամներն ինչ-ինչ բաներ միմյանց զիջեն, այլ համախմբվում են ծրագիր իրականացնելու համար: ՀՀԿ-ն միշտ բաց է եղել տարբեր քաղաքական գործիչների, կուսակցությունների և, նույնիսկ հ/կ-ների համար: Իսկ ՀՀԿ-Դաշնակցություն կոալիցիայի ձևաչափը դեռևս հստակեցված չէ:

ՀՀԿ-ական պատգամավորը պնդեց, որ երկրի առջև ծանրացած խնդիրները մեկ մարզպետի, նախարարի կամ նույնիսկ վարչապետի քաղաքականությունը չեն կարող լուծել. «Եթե որևէ քաղաքական ուժ համաձայն է գծված տնտեսական քաղաքականության հետ, ապա համագործակցում է և այն իրականացնում»:

Կարդացեք նաև

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ այն կարծիքին է, որ արդեն 26 տարի օրենքներն ու փոփոխությունները ՀՀ-ում մի սկզբունքով են լինում. «Մեզ միշտ ասում են՝ եկեք ընդունենք, հետո մնացածի վրա կաշխատենք, և նույնն արեցին դաշնակները, սակայն ինչի՞ կհասնի Դաշնակցությունը, մեծ հարցական է: Միշտ ասում են, որ հիմնվում են ազգային արժեհամակարգի վրա, ի՞նչ է` նրանց համար այս ապօրինությունները և անօրինականությունը համարվում են ազգային արժեհամակա՞րգ»:

Ըստ նրա՝ այսօր չկա ո՛չ արտաքին քաղաքականություն, ո՛չ տնտեսական քաղաքականության ընդհանուր սկզբունքներ, քանի որ կարծում է՝ նման հարցերը չեն լուծվում կաբինետներում, այլ պետք է հասարակության առջև հարց դրվի, և բոլորը մասնակցեն քննարկմանը. «Ինչպե՞ս կարող են Դաշնակցության և ՀՀԿ-ի ծրագրերը համապատասխանել, քանի որ իրենից պահպանողական ներկայացնող, բայց իրականում լիբերալ տնտեսական քաղաքականություն վարող ՀՀԿ-ն ինչպե՞ս կարող է գաղափարական միասնություն ունենալ սոցիալիստ դաշնակների հետ, իսկ դաշնակները միշտ հայտարարում են իրենց սոցիալիստ լինելու մասին»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս