Առջևում խոշոր և կարևոր ծրագրեր կան. Արտաշես Թումանյան
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հարցազրույցը իրանական ISNA լրատվական գործակալությանը
– Ինչպե՞ս եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները:
– Հայ-իրանական հարաբերությունները խարսխված են մի կողմից երկու ժողովուրդների հարուստ պատմական անցյալի, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների, մյուս կողմից՝ արդեն վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորված հարեւան երկրների միջեւ հաստատված ջերմ եւ բարիդրացիական միջպետական կապերի վրա։
Այս տարիների ընթացքում եւ՛ Հայաստանը, եւ՛ Իրանը բախվել են տարբեր մարտահրավերների։ Բավական է միայն հիշել անկախացումից հետո էներգետիկ եւ տրանսպորտային շրջափակման հետեւանքով Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը եւ պատերազմական վիճակը՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ։ Այսօր բոլորն են հիշում, թե ինչպես էր այդ պայմաններում Իրանը Հայաստանի համար դարձել ուղղակի «կյանքի ճանապարհ»։ Իսկ Ղարաբաղի հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը խաղաղ գործընթացի կարեւորագույն երաշխիքներից մեկն էր եւ այսօր էլ մնում է այդպիսին։
Անշուշտ հիշատակության արժանի է նաեւ արեւմուտքի կողմից Իրանը մեկուսացնելու, ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցների ենթարկելու ողջ ժամանակահատվածում Հայաստանի կողմից ցուցաբերված բարեկամական վերաբերմունքը եւ միջազգային զանազան ատյաններում դրսեւորած իրանանպաստ քաղաքական դիրքորոշումը։
Եվ վերջապես բոլորովին պատահական չէ, որ Հայաստանն այն երկրների շարքում էր, որ առաջիններից մեկը ողջունեց Վիեննայում Իրանի եւ «5+1» խմբի կողմից ընդունած միջազգային համաձայնությունը, ինչի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Կարելի է, իհարկե, հանգամանորեն ներկայացնել Հայաստանի անկախացումից հետո մեր երկու երկրների համատեղ անցած ողջ ժամանակաշրջանը, այդ ընթացքում կատարված մեծ ծավալի աշխատանքը, սակայն իրականության դեմ չմեղանչելու համար ուզում եմ նշել, որ հայ-իրանական միջպետական հարաբերությունների տնտեսական բաղադրիչը զգալիորեն զիջում է քաղաքականին։ Այդ իսկ պատճառով իմ՝ ՀՀ դեսպանի պարտականությունների անցնելու առաջին օրվանից դեսպանության գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ նախագահի եւ կառավարության՝ այս ուղղությամբ տրված առաջադրանքների կատարման ակտիվացումը մեր երկկողմ աշխատանքային հարաբերությունների օրակարգի կարեւոր մասը դարձնելուն։
Հարկ եմ համարում նշել, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար այսօր կան մի շարք նախադրյալներ։ Առաջինը Իրանի դեմ սահմանված ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցների վերացման հարցն է, մի բան, որ հնարավորություն է տալիս մեծացնել առեւտրաշրջանառության ծավալները, իրականացնել ներդրումային ծրագրեր եւ ֆինանսական հնարավորություն է ստեղծում տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար։ Երկրորդը Հայաստանի անդամակցությունն է ԵՏՄ-ին: Այս առումով Հայաստանը Իրանի համար ձեռք է բերում ԵՏՄ հետ տնտեսական ինտեգրման, կապող օղակի եւ մեկնարկային հարթակի դեր։ Ավելորդ չէ հիշել, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ անդամ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ:
Մի հանգամանք եւս. Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, միաժամանակ արտոնյալ առեւտրային ռեժիմներ ունի ԵՄ 28 երկրների հետ։ Այսինքն Հայաստանում արտադրված որոշակի ապրանքներ արտոնյալ պայմաններով կարող են առաքվել ԵՄ անդամ երկրներ:
Այսքանից հետո մեզ մնում է լավագույնս իրազեկել գործարարներին՝ ստեղծված բարենպաստ պայմանները առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար։ Իհարկե, երկու կողմերի պետական մարմինները եւս բավարար ջանքեր պետք է ներդնեն տնտեսական հարաբերությունների մակարադակն իրապես բարձրացնելու համար։
– Իսկ այս ուղղությամբ երկու երկրների պետական մարմինների կողմից ի՞նչ աշխատանք է արվում։
– Նախ բավականաչափ արդյունավետ է աշխատում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը, որը համակարգում է գործադիր իշխանության բոլոր օղակների գործունեությունը։ Տնտեսական հարաբերությունների խնդիրները համակողմանիորեն քննարկվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Իրան եւ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի Հայաստան կատարած այցերի շրջանակներում։ Այս ընթացքում տեղի են ունեցել նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի այցերը Իրան, որոնց ընթացքում քննարկվել են բազմաթիվ տնտեսական երկկողմ ծրագրեր։ Մասնավորապես, այս քննարկումների արդյունքում է, որ արդեն վերսկսվել է Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը կատարվում է իրանական կողմի վարկավորմամբ։
Առանձնահատուկ հիշատակության է արժանի 2015թ. նոյեմբերի 9-ի ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իրանի առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատում տեղի ունեցած Իրան-Հայաստան գործարար համաժողովը, որն աննախադեպ էր երկու կողմերի գործարարների մասնակցության ակտիվության մակարդակով։ Հայաստանի կողմից համաժողովին ներկա էին 50, իսկ Իրանի կողմից՝ շուրջ 300 գործարարներ։ Եվ այսօր համաժողովի շրջանակում կայացած համաձայնությունների արդյունքում համագործակցության առանձին ծրագրերի քննարկումներն ընթացքի մեջ են։ Անհրաժեշտ է նշել, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում էին եւ ելույթներ ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ ԻԻՀ արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն։ Դեսպանությունը շարունակելու է հետեւողական աշխատանքները գործարարների իրազեկման, ՀՀ օրենսդրության, գործարար միջավայրի վերաբերյալ համակողմանի տեղեկատվության տրամադրման եւ գործարար կապերի ստեղծմանն աջակցելու ուղղությամբ։
Առջևում խոշոր եւ կարեւոր ծրագրեր կան։ Դա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման խնդիրն է (ավտոճանապարհ, երկաթգիծ, բեռնահամալիր եւ այլ ենթակառուցվածքներ), Արաքս գետի վրա նախատեսվող Մեղրիի ՀԷԿ-ը, Մեղրիի ժամանակակից մաքսատունը եւ այլն։
Կարեւոր է նաեւ տնտեսական բազմակողմ համագործակցության զարգացումը։ Քննարկման փուլում է Իրան-Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության ապահովման խնդիրը։
Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Երեւանում կայացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի օրակարգն ընդգրկում է երկկողմ համագործակցության խնդիրների չափազանց լայն շրջանակ։
– Ի՞նչ փուլում են գտնվում կողմերի միջեւ ստորագրված հուշագրերն ու պայմանագրերը:
– Մինչ այսօր ստորագրվել են 150-ից ավելի փաստաթղթեր։ Ընդունված համաձայնագրերը, պայմանագրերը եւ հուշագրերը ստեղծում են բավականաչափ հուսալի իրավապայմանագրային հիմք։ Սրանք ներառում են երկու կողմերի քաղաքական, տնտեսական եւ հումանիտար հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իհարկե չի նշանակում, որ այս ոլորտում անելիքներ չկան:
Տասնյակ փաստաթղթեր գտնվում են քննարկման փուլում։ Խոսքը վերաբերում է եւ՛ կոնկրետ տնտեսական ծրագրերին, եւ՛ տարբեր ոլորտներում (էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, հաղորդակցություն, կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակույթ, կրթություն, քաղաքաշինություն, սպորտ) համագործակցության եւ իրավահարաբերությունների կարգավորման հարցերին։
Կան ծրագրեր, որոնց քննարկման գործընթացը չափազանց երկար պատմություն ունի, սակայն կարծում եմ, որ վերջին շրջանի քաղաքական իրողությունները դրանց իրականացումն ավելի իրատեսական են դարձնում։
– Ինչպե՞ս եք գնահատում Իրանի եւ Հայաստանի պաշտոնյաների այցելությունները, եւ ապագայում ի՞նչ այցեր կարող ենք սպասել:
– Որոշ այցերի մասին ես արդեն խոսեցի, եւ դրանք վերաբերում էին տնտեսական հարաբերությունների ոլորտին։ Սակայն դա փոխայցելությունների ողջ շրջանակը չի ներկայացնում։ Մասնավորապես 2015թ. հունվարին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան այցելեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Ամռանը Երեւանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակին նվիրված խորհրդաժողովին մասնակցելու նպատակով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով, երկօրյա այցով Երեւանում էր ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթին:
Առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկվեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի 2015թ. դեկտեմբերի 13-15-ը Թեհրան կատարած այցի ժամանակ:
Տեղի են ունեցել բազմաթիվ պետական պաշտոնյաների, պատվիրակությունների եւ մասնագիտական աշխատանքային խմբերի այցելություններ:
Ինչ վերաբերում է 2016-ին, քանի դեռ վերջնական որոշումներ կայացված չեն, չէի ցանկանա սպասվող փոխայցելությունների մասին տվյալներ բերել, սակայն վստահ եմ, որ տեղի կունենան քաղաքական կարեւոր նշանակություն ունեցող մի շարք այցելություններ, ինչպես նաեւ երկու կողմերի կառավարությունների եւ պետական այլ մարմինների ներկայացուցիչներ ակտիվորեն կշփվեն եւ կօգտագործեն համագործակցության բոլոր հնարավորությունները:
ՀՀ ԱԳՆ