
Մոլդովայում վերսկսվել են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը. Ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի շենքը

Այսօր Մոլդովայի մայրաքաղաքում վերսկսվել են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը, ինչի շրջանակում մարդիկ փակել են երթևեկությունը մայրաքաղաքի գլխավոր մայրուղում՝ պահանջելով երկրի նախագահի, վարչապետի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում, հայտնում է TASS-ը:
Գործակալության հաղորդմամբ՝ ցուցարարների թիվը մի քանի տասնյակ հազար է ու շարունակում է ավելանալ:
Ցուցարարներն արգելափակել են Մոլդովայի խորհրդարանի շենքը: Բեմահարթակից, որը տեղադրվել է խորհրդարանի առաջ, հանդես են գալիս ցույցի կազմակերպիչները՝ Սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնն ու «Մեր կուսակցության» նախագահ Ռենատո Ուսատին, ով մարդկանց կոչ է արել «իրենց հետ տաք իրեր բերել, որպեսզի պայքարեն մինչև վերջ ու տապալեն մաֆիոզ իշխանությանը»:
Երկրի խորհրդարանի ու կառավարության շենքերի անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը:
Իշխանությունները երկխոսության կոչ են անում ցուցարարներին: Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն ցուցարարների առաջնորդներին հրավիրել էր բանակցությունների, սակայն վերջիններս հրաժարվել են:
Հիշեցնենք, որ նախօրեին հրավիրվել էր խորհրդարանի նիստ՝ կառավարության կազմը հաստատելու համար: Նիստը տևել է կես ժամ, խորհրդարանն արագ հաստատել է կառավարության կազմն ու ծրագիրն առանց քննարկումների:
Դա հարուցել էր ցուցարարների դժգոհությունը, որոնք հավաքվել էին Քիշնևի կենտրոնում: Նրանք ճեղքել էին ցուցարարների շղթան ու ներխուժել խորհրդարան:
Կեսգիշերին Մոլդովայի նախագահի նստավայրում գաղտնի տեղի էր ունեցել կառավարության նոր կազմի երդմնակալության արարողությունը: