Բաժիններ՝

«Եթե Ռուսաստանը գտնի, որ դեմը խաղացող կա, իհարկե, կգնա գազի գնի նվազեցման»

«Շատ հետաքրքիր հարց է: Անկեղծորեն ասեմ՝ եթե Ռուսաստանը գտնի, որ դեմը խաղացող կա, գործոն կա, իհարկե, կգնա գազի գնի նվազեցման: Ինչո՞ւ է ամբողջ Եվրոպայի համար էժանացնում, Բելառուսի համար էժանացնում գազը: Բայց եթե տեսնի, որ դեմը բողոքող չկա, ինչպես միշտ է լինում, ինչո՞ւ պետք է էժանացնի»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և, որպես ՌԴ ռազմավարական գործընկեր, ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:

Ըստ նրա՝ էժանացնելու տեղ իսկապես կա՝ նավթի գինը նվազագույնը 2 անգամ իջել է, այսօր արդեն 28 դոլար էր, իսկ գազի գինն ուղակիորեն կապված է նավթի գնի հետ: Այսինքն, ինչպես նշեց, Ա.Մանուկյանը, գազի գինն իջեցնելու տեխնիկական և շուկայական հիմքերն ակնհայտ են, մնում է կամքի խնդիրը. «Իսկ կամքն էլ հետևյալն է՝ եթե ռուսները տեսնեն դեմը պահանջող, խաղացող կա՝ ի դեմս ՀՀ իշխանության, կգնան գնի նվազեցման: Բայց ես ավելի հավանական եմ համարում այդ քայլին չգնալը»:

Ա.Մանուկյանը տարօրինակ համարեց, որ, օրինակ, վրացիներն ու պարսիկները քննարկում են իրանական գազը մեր երկրով Վրաստան հասցնելու խնդիրը՝ առանց Հայաստանի. «Ինչպե՞ս կարող է այդպես լինել: Մի անգամ երեք կողմն իրար հետ էին հանդիպել, բայց դրանից հետո մանրամասները վրացիները պարսիկների հետ քննարկում են առանց հայերի: Եվ մամուլն էլ չի քննարկում, թե ինչ է դա նշանակում: Կարծում եմ՝ վրացական մամուլը լրիվ այլ բան է ասում, ամբողջովին այլ կոնտեքստ ու քաղաքական խնդիրներ կան: Հայաստանում այդ թեման, կարծես, փակ թեմա լինի: Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը չի կարողանում ազդել գործընթացների վրա, իրենից դուրս են որոշվում այդ հարցերը»:

Մեր դիտարկմանը, որ դեռևս անցած տարի սեպտեմբերի սկզբին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել էր ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների առևտուրը կատարել ռուբլով և հրաժարվել դոլարից, սակայն մինչ օրս արձագանք չկա, Ա.Մանուկյանը պատասխանեց. «Ընդհանրապես համակարգված աշխատանք չկա: Կարող եք վերցնել էներգետիկայի բնագավառի հին ռազմավարությունը, որ մինչև 2016 թիվը պետք է գնար, և կտեսնեք, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, բացարձակ կապ չունի այդ ռազմավարության հետ, անգամ չեն համընկնում: Հիմա իրենք վերցրել մի նոր ռազմավարություն են գրել, որն էլի չի խաչվում այսօրվա պրոցեսների հետ: Նույնն է ատոմակայանների, ատոմային էներգետիկայի, փոքր ՀԷԿ-երի, հարևան երկրների հետ էներգետիկ փոխանակումների հետ կապված, իրականությունները բացարձակ կապ չունեն այն թղթերի և այն ռազմավարությունների հետ, որոնք իրենք ընդունում և հաստատում են որպես ուղենշային փաստաթղթեր: Այսինքն, եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան ասում է, ես լուրջ չեմ ընդունում, որովհետև մեկ ամիս անց կարող է այլ բան ասել»:

Հարցին, թե արդյոք հայ-ռուսական գազի պայմանագիրը կարո՞ղ է խոչընդոտ դառնալ և ռուսները դրա վրա հիմնվելով մերժեն գազի գինը վերանայել, պատգամավորը պատասխանեց, որ դա խոչընդոտ չի կարող լինել, եթե կողմերը համաձայն են և շուկայում նոր պայմաններ են առաջ եկել. «Գազի հին պայմանագրերի հետ կապված 32 արձանագրություն կար, որ ընթացքում նոր պայմաններ և նոր անհրաժեշտություններ են առաջանում և պայմանագրին կից ստորագրվում է նոր արձանագրություն, որը չի հակասում ընդհանուրին: Այսինքն՝ եթե կողմերը ցանկություն ունեն և ի հայտ են եկել նոր պայմաններ, ցանկացած բան կարելի է ստորագրել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս