Բաժիններ՝

Մշակույթի գործիչները՝ Մադագասկարի Հանրապետության հետ մշակութային համագործակցության վերաբերյալ Հասմիկ Պողոսյանի նախագծի մասին

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անցնող մշակութային տարվա մի շարք կարևոր ձեռքբերումների թվին է դասում նաև Հայաստանի և Մադագասկարի Հանրապետության միջև մշակութային համագործակցության տխրահռչակ համաձայնագիրը: Այս մասին նախարարը հայտնել է news.am կայքի հետ զրույցում՝ առաջարկելով մտովի տեղափոխվել Մադագասկար, դառնալ Մադագասկարի ժողովուրդ և երևույթին նայել Մադագասկարի բնակիչների աչքերով: Ապա նաև հավելել է, որ այդ պայմանագիրը ստորագրվում է նրա համար, որպեսզի երկու ժողովուրդներն իրար ավելի լավ ճանաչեն. «Ինչքան Հայաստանը շատ շփվի աշխարհի տարբեր երկրների մշակույթների հետ, ու այդ փոխազդեցություններն ակտիվ լինեն, էնքան մեր ժողովուրդն ամուր կլինի», – ասել է Հասմիկ Պողոսյանը:

Նա նշել է, որ Մշակույթի նախարարության հետ ունեցած պայմանագրի կետերում հստակ գրված են այն ոլորտները, որոնց շրջանակներում կարող է իրականացվել Հայաստանի և Մադագասկարի մշակութային համագործակցությունը: Ըստ նախարարի հնչեցրած մտքերի՝ պարզ է դառնում, որ Մադագասկարը գրավիչ ազգագրություն ունի, և այս առումով երկու երկրները կիսելու շատ բան կարող են ունենալ: «Գերակա մշակույթ ու ժողովուրդ չկա, բոլոր մշակույթներն արժանի են ուշադրության։ Կարծում եմ՝ Մադագասկարի պարագայում ազգագրության հատվածը շատ հետաքրիր է, և կարող ենք իրենց հետ համագործակցել»,- ասել է Հ. Պողոսյանը:

Պարզելու համար, թե այս տեսակետից հայկական կողմն ի՞նչ աղերսներ կամ շփման հնարավորություններ կարող է ակնկալել աֆրիկյան երկրի մշակութային և հատկապես ազգագրական դրսևորումներից, 168.am-ը զրուցեց մշակութային գործիչներից մի քանիսի հետ՝ ներկայացնելու վերջիններիս տեսլականը կամ սպասելիքները հայ-մադագասկարյան մշակութային համագործակցությունից:

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը, ով երկար տարիներ զբաղվում է ազգագրական պարերի վերականգնման և տարածման գործով, մեզ հետ զրույցում նշեց, որ այդօրինակ համագործակցության նախաձեռնության մասին առաջին անգամ է լսում. «Ես կարծեցի՝ «Մադագասկար» մուլտֆիլմի մասին է խոսքը, որովհետև առաջին անգամ եմ լսում, որ Մշակույթի նախարարությունը նման նախաձեռնությամբ է հանդես եկել՝ համագործակցելու Մադագասկարի Հանրապետության հետ:

Կարդացեք նաև

Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե դա ի՞նչ որակի համագործակցություն կարող է լինել, բայց տեղյակ եմ, որ ազգագրագետ, արվեստաբան Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հնագույն պարերն ու թատերական ներկայացումները» աշխատության հատորներում ծեսերի, ավանդույթների, պաշտամունքների, երգերի, պարերի և երաժշտական գործիքների մասին ուսումնասիրությունների ամենահետաքրքիր նյութերից են, օրինակ, Ռուսաստանի հյուսիս-արևելքի ազգերի, ցեղերի, ցեղախմբերի՝ չուկչաների, նենեցների, էվենկների, ինչպես նաև՝ աֆրիկյան ցեղախմբերի՝ դեռևս 20-րդ դարում պահպանված ավանդույթների, հավատալիքների, պաշտամունքային արարողակարգերի, ինիցիացիաների, և այլ-այլ ծիսական արարողակարգերի ու միջոցառումների, ծեսերի արարողությունների հետ անցկացվող զուգահեռները Հայոց մշակույթի, ազգագրության և պաշտամունքային արարողակարգերի հետ:

Վստահ չեմ կարող ասել, թե Մշակույթի նախարարությունում որքանո՞վ են ծանոթ այս աշխատությանը, բայց երևի ինչ-որ ակնկալիքներ ունեն՝ նմանատիպ համագործակցության հիմք դնելու համար»:

Զրուցեցինք նաև ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ՝ լսելու և ներկայացնելու նաև վերջինիս ակնկալիքները հայ-մադագասկարյան համատեղ մշակութային համագործակցությունից: Մեզ հետ զրույցում Հաղթանակ Շահումյանն ասաց. «Կարծեմ Մադագասկարի մայրաքաղաքը՝ Անտանանարիվուն, և Երևանը 80-ականներին քույր քաղաքներ են դարձել: Այդ առիթով նույնիսկ այն ժամանակ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիճյանը մեկնեց Մադագասկար՝ մասնակցելու այդ արարողությանը: Այդ երկրի հետ կապված մի պատմություն էլ կա, երբ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քննարկվում էր Հայաստանը Մադագասկար տեղափոխելու ծրագրի գաղափարը, իսկ այդ ժամանակ Մադագասկարը Ֆրանսիայի գաղութն էր:

Բարեբախտաբար, այդ տարիներին մեր կաթողիկոսը Գևորգ Չորեքչյանն էր, ով այդ առիթով ռուսական բարձրաստիան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ եթե կարող եք Էջմիածինն էլ տեղափոխել Մադագասկար, ապա հայ ժողովուրդը կգնա Էջմիածնի հետևից: Ինչևէ, բարեբախտաբար, այդպիսի բան տեղի չունեցավ, իսկ ինչ վերաբերում է այդ երկրի հետ մշակութային կապեր հաստատելուն, ապա ես դրանից որևէ լուրջ ակնկալիքներ չունեմ: Ես նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչպիսի՞ մշակութային կյանքով է ապրում ժամանակակից Մադագասկարը, որովհետև այս առնչությամբ, կարծես լուրջ ձեռքբերումներ այդ երկիրը չունի: Ես չգիտեմ նույնիսկ՝ մեր երկիրը Մադագասկարում դեսպանատուն ունի՞, թե՞ ոչ: Ինչևիցե, ես դեմ չեմ որևէ երկրի հետ մշակութային կապերի հաստատմանն ու զարգացմանը, բայց կարծում եմ, որ դրանք պետք է լինեն մեր երկրի և մշակութային կյանքի համար օգտակար կապեր:

Նորից եմ կրկնում՝ վատ բան չեմ տեսնում մշակութային կապեր հաստատելու մեջ, բայց այս պարագայում որևէ կարևորություն չեմ տեսնում այդ երկրի հետ նման համագործակցություն սկսելու մեջ: Կարող է պատահի՝ մարդիկ պարապ են եղել, եկել նման առաջարկություն են արել, սրանք էլ չեն մերժել, կամ էլ մերոնք են պարապ մնացել: Ավելի լավ կլիներ, եթե Մշակույթի նախարարությունը լուրջ քայլեր ձեռնարկեր մեր երկրի մշակույթն արժանապատիվ կերպով աշխարհի հեղինակավոր երկրներում ներկայացնելու ուղղությամբ»:

Թեմայի շուրջ մենք զրուցեցինք նաև գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ, ով առաջարկեց այս պարագայում հարցին նայել երկու ուղղությամբ: «Առաջին հայացքից՝ այդ համագործակցության և՛ նախաձեռնությունը, և՛ հեռանկարը խիստ ծիծաղելի է հնչում, և դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, որովհետև ո՛չ մենք, ո՛չ աշխարհում շատերը չենք ճանաչում այդ երկիրը ներկայացնող որևէ հայտնի ու հաջողակ գրողի, նկարչի, դերասանի, և այլն: Մյուս կողմից՝ դրան նպաստում են հայտնի տխրախռչակ համանուն մուլտֆիլմի ասոցիացիաները: Բայց եկեք հարցին մեկ այլ կողմից նայենք՝ մեր երկրի համար բարենպաստ ձեռքբերման տեսանկյունից: Խիստ կասկածում եմ, որ այնտեղից մենք որևէ տեսակի մշակութային ձեռքբերում կարող ենք ունենալ, բայց գոնե կարող ենք մեր երկրի մշակույթն այնտեղ տանել, թող իմանան մեր մասին, ի՞նչ վատ բան կա դրանում, այս առումով նույնիսկ լավ է»,- կեսկատակ-կեսլուրջ իր խոսքը եզրափակեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Տեղեկացնենք, որ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեռ անցյալ տարի կառավարության նիստի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի և Մադագասկարի Հանրապետությունների միջև մշակութային համագործակցության համաձայնագիր ստորագրելու մասին նախագիծ:

Աֆրիկյան հեռավոր երկրի հետ մշակութային համագործակցության անհրաժեշտությունը կառավարության նիստի ընթացքում նախարար Հ. Պողոսյանի կողմից ներկայացված էր այսպես. «Սույն համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա անհատ կատա­րողների և արվեստագետների փոխայցելությունների, թատերական, գեղար­վեստա­կան և ժողովրդական խմբերի փոխանակումների համար: Համաձայնագիրը կնպաստի թանգարանների, գրադարանների և արխիվների միջև ուղիղ կապերի հաստատմանը, մշակութային ժառանգության պահպա­նության ոլորտի փորձագետների միջև տեղեկատվության փոխանակմանը: Համաձայնագիրը կնպաստի նաև երկու երկրների երիտասարդական ու սպորտային կազմակերպությունների համագործակցությանը, պետական և հասա­րակական կազմակերպությունների միջև ուղիղ կապեր հաստատմանը»:

ՀՀ արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից մեզ տեղեկացրին, որ Հայաստանի Հանրապետությունը Մադագասկարի Հանրապետությունում դեսպանատուն չունի, այդ երկրում մենք չունենք նաև հավատարմագրված դեսպան: Մեր համացանցյան փնտրտուքները՝ գտնելու Մադագասկարի Հանրապետության Մշակույթի նախարարությունն ու նախարարին, պսակվեցին հաջողությամբ: Չունենալով ժամանակակից համաշխարհային մշակութային կյանքում ցուցաբերած նկատելի ներդրումներ կամ արձագանք, ի ուրախություն մեզ՝ այդ երկիրն այնուամենայնիվ ունի նմանօրինակ գերատեսչություն, որ պաշտոնական անվանումով ձևակերպվում է՝ որպես Մշակույթի և արհեստագործության նախարարություն (Ministry of Culture and Handicrafts): Վերջին տվյալներով՝ Մագադասկարի Հանրապետության Մշակույթի և արհեստների նախարար է հանդիսանում Բրիջիդ Ռաբեմանանծոա Ռասամոելինան (Brigitte Rabemanantsoa RASAMOELINA):

Ինչևէ, տիկին Պողոսյանն իր ունեցած վերջին հրապարակային ելույթի ընթացքում համագործակցությունը ծաղրողներին հատուկ հիշեցրել է, որ այլ երկրների հետ համագործակցության աշխարհագրությունը բավականին լայն է, իսկ Մադագասկարը մի քանի տասնյակ երկրներից մեկն է միայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս