«Իսլամական պետությունը միանշանակ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար». Արման Նավասարդյան

«2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կատարված ահաբեկչությունից հետո ահաբեկչությունը ստացավ նոր որակ։ Միջազգային տեռորիզմն արտաքին քաղաքականության մեջ դարձավ ոչ կառավարական սուբյեկտ։ Այսինքն՝ միջազգային չճանաչված սուբյեկտն իրեն իրավունք է վերապահում՝ որոշել աշխարհի խաղաղության հարցը։ Վերջին խոշոր ահաբեկչական կազմակերպությունը՝ ԻԼԻՊ-ը, քվազի պետություն է, որը կարող է պատերազմ հայտարարել կամ խաղաղություն հաստատել»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ըստ նրա՝ ԻԼԻՊ-ը ժամանակակից ռազմական արվեստին ու տեխնիկայի համահունչ կազմակերպություն է. «Տիրապետում են ժամանակակից պատերազմական գործողությունների բոլոր ձևերին: Ըստ տարբեր աղբյուրների՝ նրանք ունեն քիմիական զենք, և կասկած կա, որ ունեն նաև միջուկային զենք։ Բանդիտիզմի ձեռքին հայտնվել է ժամանակակից մասսայական ոչնչացման զենք։ Ֆինանսական առումով սրանց վիճակը փայլուն է։ Օրական ԻԼԻՊ-ի գանձարան է մտնում 3 մլն դոլար` նավթի վաճառքի շնորհիվ։ Գաղափարական առումով այս կազմակերպությունը ևս շատ հզոր է, ԻԼԻՊ-ը գաղափարական առումով շատ հզոր է։ Նրանք նույնիսկ օգտագործում են Նիցշեի գերմարդու տեսությունը»։

Դեսպանի խոսքով՝ երբ Ռուսաստանը որոշեց այդ կազմակերպության դեմ ուժեղ պայքար սկսել, կոտրեց այն կարծրատիպը, որ ԻԼԻՊ-ն անհաղթելի է. «Թե որքանով է Ռուսաստանի պայքարը հաջողվում, այլ հարց է: Բայց այն, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց, փաստ է: Այնտեղ նաև վճռվում է Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգության հարցը: Թե ինչով դա կվերջանա, շատ դժվար է ասել, որովհետև ռիսկերը մեծ են»:

Ըստ նրա՝ իրավիճակն ավելի խառնակ դարձրին Սաուդյան Արաբիայի գործողությունները: «Սաուդյան Արաբիան հիմա արեց դա, որպեսզի Ւրանը ձեռնարկի ռազմական գործողություններ, և ի չիք լինի այն կարևոր գործընթացը, որը կոչվում է սանկցիաների վերացում: Եթե հարցն ավելի խորանա, ու գնան բախումների, Սաուդյան Արաբիան կճզմվի Իրանի կողմից, ու ոչ Ամերիկան, ոչ մյուս երկրները չեն կանգնի նրա կողքին»։

Կարդացեք նաև

Թե այս իրավիճակն ինչպես կազդի Հայաստանի վրա, ինչ վտանգներ են մեզ սպառնում, դեսպանը նորից վերադարձավ ԻԼԻՊ-ին՝ նշելով, որ շատ մասնագետներ համարում են, թե ԻԼԻՊ-ից Հայաստանին վտանգ չի սպառնում, ինչը սխալ է. «Հայաստանն ԻԼԻՊ-ի կողմից վտանգված է միանշանակ: Եթե Ռուսաստանն է վտանգված ԻԼԻՊ-ի կողմից, ապա մենք ևս վտանգված ենք։ Ոչ մի երկիր ապահովագրված չէ այդ վարակից։ Տարածքային առումով հնարավոր է ճզմել նրան, ոչնչացնել Սիրիայում, բայց չլինելով Սիրիայում՝ նույն տեռորիստը կարող է գործել այլ երկրում։ Հայաստանին բացառելն այստեղ սխալ է։ Մեր կողքին կա Ադրբեջանը, որն ամեն վայրկյան կարող է իսլամացվել։

Քանի որ մենք Իրանի հարևանն ենք, Սաուդյան Արաբիան կարող է օգտագործել քրդական գործոնը մեր դեմ։ Հայաստանը չպետք է մտնի որևէ կոալիցիայի մեջ, այլ չեզոք դիրքորոշում ունենա։ Չեզոքությունը լավագույն ձևերից մեկն է։ Մենք կարող ենք Իրանին լարել Ադրբեջանի դեմ, որովհետև նա առաջին պետություններից մեկն էր, որ մտավ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծված կոալիցիա, որի հիմնական նպատակն Իրանի դեմ գործողություններն են։ Մենք կարող ենք Սաուդյան Արաբիային նույնպես լարել Ադրբեջանի դեմ, թեև նրա հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց այստեղ էլ կան հնարավոր միջոցներ»:

Տեսանյութեր

Լրահոս