Որ համայնքների վերելակներն են բացասական եզրակացություն ստացել
2015թ. վերելակների շահագործման ժամանակ տեղի է ունեցել մեկ արտադրական դեպք, որն ավարտվել է մահվան ելքով: Այս մասին այսօր լրագրողների հետ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, կառուսելների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Խոսքը 2015թ. մարտի 21-ին Բաշինջաղյան 2-րդ նրբանցք 1 հասցեում տեղի ունեցած դեպքի մասին է: Վերելակը 2015թ. տեխնիկական անվանգության փորձաքննության չէր ենթարկվել: Լուսինե Հովհաննիսյանի խոսքով՝ արտադրական այլ պատահարներ և դժբախտ դեպքեր նախորդ տարի տեղի չեն ունեցել:
Ներկայացնելով փորձաքննության ենթարկված վերելակների թիվը՝ Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ Երևանի բնակելի շենքերում տեղադրված 5469 վերելակ է գրանցված, որոնցից 3864 վերելակ՝ ընդհանուր վերելակների թվի 71 տոկոսը 2015թ. փորձաքննության է ենթարկվել: Աջափնյակ վարչական շրջանում գրանցված 312 վերելակից փորձաքննության ենթարկվել է 158-ը՝ ընդհանուր թվի 51 տոկոսը. փորձաքննության ենթարկված վերելակներից 7-ը ստացել է փորձաքննության բացասական եզրակացություն:
Արաբկիր վարչական շրջանում գրանցված 465 վերելակներից 361-ը փորձաքննության է ենթարկվել (ընդհանուր թվի 78 տոկոսը), 4 վերելակ բացասական եզրակացություն է ստացել:
Ավան վարչական շրջանում 314 վերելակից 261-ը փորձաքննության է ենթարկվել (ընդհանուր թվի 83 տոկոսը). 38 վերելակի տրվել է փորձաքննության բացասական եզրակացություն:
Դավթաշեն վարչական շրջանում 381 վերելակից 302-ը փորձաքննության է ենթարկվել (ընդհանուր թվի 79 տոկոսը). 81 վերելակ ստացել է բացասկան եզրակացություն: Էրեբունի վարչական շրջանում 207 վերելակից փորձաքննության է ենթարկվել 186-ը (ընդհանուր թվի 90 տոկոսը), որոնցից 5-ին բացասական եզրակացություն է տրվել:
Քանաքեռ-Զեյթունում 224 վերելակից 181-ը (81 տոկոսը) փորձաքննության է ենթարկվել, բացասական եզրակացություն ոչ մի վերելակ չի ստացել:
Կենտրոն վարչական շրջանում 779 վերելակից 629-ը (81 տոկոսը) փորձաքննության է ենթարկվել. 16 վերելակ բացասական եզրակացություն է ստացել:
Մալաթիա-Սեբաստիա վարաչկան շրջանում 138 վերելակից 520-ը փորձաքննության է ենթարկվել. 6 վերելակ բացասական եզրակացություն է ստացել: Նոր Նորքում 565-ից 481-ը փորձաքննության է ենթարկվել, 63 վերելակ բացասական եզրակացություն է ստացել:
Նուբարաշեն վարչական շրջանում 6 վերելակներն էլ ենթարկվել են փորձաքննության, բացասական եզրակացություն չի տրվել:
Շենգավիթ վարչական շրջանում տեղադրված 262 վերելակից 149-ն է փորձաքննության ենթարկվել. 7-ը բացասական եզրակացություն է ստացել:
Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ կան վերելակներ, որոնք ստացել են բացասական եզրակացություն և մինչ օրս չեն շահագործվում, կան նաև վերալակներ, որոնք, չնայած բացասական եզրակացություն են ստացել, սակայն շահագործվում են. որոշ վերելակներ էլ վերացրել են թերությունները, ևս մեկ անգամ ներկայացվել են փորձաքննության և դրական եզրակացություն ստացել: Հարցին, թե ինչո՞ւ բոլոր վերելակները փորձաքննության չեն ենթարկվել, Լուսինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ փորձաքննությունն իրականացվում է շահագործողի կողմից ներկայացված դիմումի և կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն:
Դա վճարովի ծառայություն է, բնակելի շենքներում տեղադրված մեկ վերելակի փորձաքննության գինը կազմում է 2930 դրամ:
Նա նշեց, որ արտադրական վտանգավոր օբյեկտներում ամենամյա փորձաքննություն իրականացնելուց հետո եզրակացության մի օրինակը տրամադրվում է շահագործող կազմակերպությանը, մյուսը՝ պահվում է կենտրոնի արխիվում, մյուս մասն ուղարկվում է լիազոր մարմնին: Եթե օբյեկտին բացասական եզրակացություն է տրվել, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմվում է կարգադրագիր, որն ուղարկվում է շահագործողին:
«Քանի որ տվյալ վերելակը համարվում է համատիրության սեփականությունը, հենց իրենք են տնօրինողը, շահագործողը, արդեն նրանք չեն կարող շատ բնակիչների կամքին դեմ գնալ, որովհետև բարձրահարկ շենքերում տարեց, հիվանդ մարդիկ կան: Եվ ընդհանրապես բնակիչները չեն ցանկանում աստիճաններից օգտվել, դրա համար շատ դեպքերում վերելակի բացասական եզրակացությունն ուղղակի անտեսվում է շահագործողի կողմից»:
Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ Երևանում տեղադրված 83 ատրակցիոններն էլ ենթարկվել են ամենամյա փորձաքննության, որից 2-ն է բացասական եզրակացություն ստացել. դրանք «Անառիկ», «Բերդաձոր» կազմակերպությունների կողմից շահագործվող «Զանգակ» և «Բատուտ» ատրակցիոններն են: Նրա խոսքով՝ Շիրակի մարզում տեղադրված «Ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը ևս բացասական եզրկացություն է ստացել: Ճոպանուղիների և շարժասանդուղքների փորձաքննության ժամանակ բացասական եզրակացություններ չեն տրվել: