Արտախորհրդարանական ուժերը չեն հավակնում մտնել ապագա խորհրդարան. Միքայել Մելքումյան

«2016թ. առանձնահատկությունն այն է, որ նախընտրական տարի է լինելու և քաղաքական կուսակցությունները, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին ու հավակնում են 2017թ. տեղ զբաղեցնել խորհրդարանում, ժողովրդի համար մատչելի տարբերակով պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը, անելիքները»,-այսօրվա ասուլիսին նշեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ 2016թ. մյուս կարևոր առանձնահատկությունը ՝ Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններն են. «Նախագիծ դեռ չկա, բայց կան ընդհանուր մետցումներ՝ 4 հիմնական ուղղություններով՝ ընտրությունների թափանցիկության ապահովում՝ էլեկտրոնային քվեարկության միջոցով, որտեղ մենք կարևորում ենք սերվերի անվտանգության ապահովման հարցը, ընդհանուր ընտրական համակարգ՝ սկսած ընտրական հանձնաժողովների ձևավորումից (վստահված անձինք, դիտորդներ, քվեաթերթիկներ) մինչև ընտրությունների արդյունքների ամփոփում՝ բոլոր ընթացակարգերն ինչպես են լինելու, երրորդը վարկանիշային քվեարկությունն է և ընտրատարածքների ձևավորման տրամաբանությունը, իսկ չորրորդ ուղղությունը ապագա կոալիցիայի ձևավորման սկզբունքներն են, որպեսզի բոլոր ռիսկերը կարողանանք նախապես գնահատել»:

Ըստ նրա՝ այսօրվա խորհրդարանական քաղաքական բոլոր ուժերն էլ ենթադրում են, որ կլինեն ապագա խորհրդարանում, բայց նրա կարծիքով՝ ամբողջ խնդիրն այն է, թե ինչ համամասնությամբ կլինեն, ինչ տեղ կզբաղեցնեն. «ԲՀԿ- ն ակնկալում է, որ այսօր երկրորդ քաղաքական ուժն է և այդ ակնկալիքն ունի նաև ապագայում: Մեր գործունեությունը համապատասխանեցնում ենք այդ ակնկալիքին: Իսկ խորհրդարանից դուրս քաղաքական ուժերը( բացառությամբ մեկ-երկուսի, որոնք նաև ներկայացված են առանձին պատգամավորների միջոցով խորհրդարանում), անձամբ ես չեմ տեսնում, որ հավակնում են մտնել ապագա խորհրդարան: Մեր քաղաքական ուժերը պետք է վստահություն ներշնչեն ժողովրդին»։

Նա նշեց, որ այսօրվա քաղաքական դաշտի արտադրողական ուժն իրեն չի ներշնչում, որ ունենք իշխանափոխություն անելու հավակնություններ ունեցող քաղաքական ուժ. « Ընտրությունները չեն լինում ծրագրերի ու գաղափարների շուրջ։ Կարծում եմ, որ որևէ բևեռացված պայքար չի լինելու, մինչև հունիս-հուլիս ամիսներն ակտիվ կլինեն խորհրդարանական ուժերը՝ խորհրդարանում: Կոալիցիաներ կազմելու հնարավորություններ այսօր չեմ տեսնում, բայց չեմ էլ բացառում, որ ինչ-որ համագործակցության ձևեր լինեն: Եթե մտնում ես կոալիցիա, վերցնում ես կառավարության պատասխանատվությունը, կուսակցությունները դժվար թե դա ուզենան»:

Տեսանյութեր

Լրահոս