Հայաստանը կրում է Միջին Արևելքում առկա ճգնաժամի հետևանքները. Արաքս Փաշայան

168.am-ի զրուցակիցն է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը.

– Տիկին Փաշայան, Մերձավոր Արևելքում նոր զարգացումներ են նշմարվում Իրանի տարածաշրջանային դերի հնարավոր բարձրացման կանխատեսումների ֆոնին: Օրերս կտրուկ լարվեցին Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունները: Տարբեր փորձագետներ տարբեր կերպ են պատճառաբանում տեղի ունեցող լարումը: Պարզ է միայն, որ Սաուդիան Արաբիան միտումնավոր գնաց այս ճանապարհով: Ըստ Ձեզ` ինչո՞ւ:

– Նախ պետք է նշեմ, որ արդի շրջանում թե՛ Սաուդյան Արաբիայի և Իրանի, թե՛ սուննիական ուղղվածությամբ մի շարք երկրների և Իրանի հարաբերություններում առկա լարվածությունը, մրցակցությունը և միմյանց հակազդելը տասնամյակների պատմություն ունի: Նշված երևույթները սուր դրսևորումներ ստացան դեռևս Իրանում 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո, երբ այաթոլլահ Խոմեյնին որոշեց արտահանել շիայական իսլամական հեղափոխությունը: Այս հանգամանքը լուրջ անհանգստություն առաջ բերեց առաջին հերթին՝ Պարսից Ծոցի արաբական միապետությունների շրջանում, որտեղ շիայական փոքրամասնություններ կան: Հիշենք նաև իրանա-իրաքյան՝ շուրջ ութ տարի տևած հյուծիչ պատերազմը, որն իրականում լուրջ հիմքեր չուներ: Իրաքի առաջնորդը՝ Սադդամ Հուսեյնը, նույնպես մտահոգված էր իր երկրում իրանական կրոնական և քաղաքական ազդեցության ընդլայնումից, քանի որ Իրաքի բնակչության մոտ վաթսուն տոկոսը շիաներ էին, իսկ իշխող ընտրանին՝ սուննիներ:

– Հանուն արդարության՝ պետք է նշել, որ Մերձավոր Արևելքում առճակատումների մի նոր ալիք սկսվեց արդեն «Արաբական գարնան» դեպքերից հետո:

– Իհարկե, «Արաբական գարնան» դեպքերը, այդ թվում՝ սիրիական ճգնաժամը, ինչ-որ իմաստով արտացոլում են նաև Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտությունը, երբ սուննիական տանդեմը, որի հիմնական անդամներից մեկն էլ Թուրքիան է, նպատակադրվեց չեզոքացնել Իրանի դաշնակից Սիրիային, որը կապող օղակ էր Իրանի և տարածաշրջանի ամենաազդեցիկ շիայական կրոնաքաղաքական շարժումներից մեկի՝ լիբանանյան Հիզբալլահի միջև: Հիշենք նաև «Արաբական գարնան» օրերին Բահրեյնում սկիզբ առած հասարակական-քաղաքական հուզումները, երբ Սաուդյան Արաբիան զորք մտցրեց Բահրեյն, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, այդ թվում՝ պարսկական ծագում ունեցողներ, պաշտպանելու համար սուննիական Ալ-Խալիֆա թագավորական ընտանիքի շահերը: Նշենք նաև Եմենի վերջին դեպքերը, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ստեղծված դաշինքը ռազմական հարվածներ հասցրեց ընդդիմադիր շիա հուսիներին: Այնպես որ, օրինակները շատ են:

– Իսկ եթե վերադառնանք սաուդաիրանական վերջին առճակատման պատճառների՞ն:

– Այո, այս ճգնաժամը նոր բան չէ, այլ նախկին անտագոնիզմի շարունակությունը: Պատճառները բավական շատ են՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Սաուդյան Արաբիայում իշխանության են եկել նոր ուժեր, այդ թվում՝ երիտասարդ (նկատի ունեմ քսանինը տարեկան Մուհամմադ բին Սալմանին՝ թագաժառանգին՝ պաշտպանության նախարարին), ովքեր ցանկանում են ավելի կոշտ արտաքին քաղաքականություն վարել՝ մեծացնելու Սաուդյան Արաբիայի միջազգային կշիռը, հաղթահարելու վերջին շրջանի ձախողումները, որի ապացույցը սիրիական պատերազմում սուննիական տանդեմի անհաջողություններ են այն դեպքում, երբ թագավորությունը միլիոնավոր դոլարներ ներդրեց սիրիական վարչակարգի տապալման համար: Ի վերջո, Սաուդյան Արաբիան ցանկացավ ավելի շոշափելի կերպով հակազդել Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի և «Վեցնյակի» ձեռք բերած համաձայնությանը, որին, արդեն մի քանի տարի է, ինչ ընդդիմանում է՝ Իսրայելի հետ միասին: Բնական է, որ նավթարդյունահանող երկրներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային, մտահոգում է նաև նավթի գների անկումը և այդ համատեքստում Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, ինչը հնարավորություն կտա Թեհրանին նավթի արտահանման լայն հնարավորություններ ձեռք բերել: Այնպես որ, հունվարի 2-ին խարիզմատիկ շիա հոգևորական Նիմր Ալ-Նիմրի մահապատիժն իրականում Իրանի դեմ ուղղված սադրանք էր:

 – Փաստորեն խճճված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն էլ ավելի է բարդանում: Նոր իրավիճակը, ըստ Ձեզ, ինչպե՞ս կանդրադառնա սիրիական հակամարտության վրա, որի շուրջ կարծես Ռուսաստանն ու Արևմուտքը վերջին ամիսներին սկսել են համատեղ աշխատելու փորձեր անել:

– Եթե աղոտ հույսեր կային, որ սիրիական ճգնաժամը կարող է ինչ-որ կերպ հաղթահարվել, ապա սաուդաիրանական վերջին լարվածությունը նոր, ավելի բարդ իրավիճակ է ստեղծում խնդրի կարգավորման հարցում, քանի որ երկու պետություններն էլ ներգրավված են հակամարտության մեջ՝ որպես հակառակորդ կողմեր: Բացի այդ, իսլամական այս երկու երկրների միջև առկա լարվածությունն անպայմանորեն իր բացասական հետևանքներն է ունենալու նաև տարածաշրջանում: Ճիշտ է, հակամարտող կողմերի միջև ռազմական գործողություններ տեղի չեն ունենա, սակայն իրավիճակը կշարունակի նախկինի պես մնալ պայթյունավտանգ, լարված, անկայուն և անհեռանկարային: Ամեն դեպքում, մշուշոտ են հակամարտությունների հաղթահարման հնարավորությունները Պաղեստինում, Սիրիայում, Եմենում, Լիբիայում և այլուր: Հարկ է նկատի ունենալ, որ ինչքան էլ մերձավորարևելյան հակամարտությունների ու կնճռոտ խնդիրների մեջ ներգրավված են արտատարածաշրջանային ուժեր, գերտերություններ, ինչպես, օրինակ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը և այլն, առկա խնդիրների խորքային պատճառները կապված են ներիսլամական հակասությունների հետ, որոնք շատ դեպքերում կրում են դավանական, ցեղային, կլանային երանգավորումներ: Ներկա սուննի-շիա հակամարտության ֆոնին, օրինակ, չի բացառվում, որ արաբական իսլամական տարբեր պետություններում ապրող շիաները դառնան նորանոր հարձակումների ու հետապնդումների թիրախ: Կարծում եմ, որ մինչև ներիսլամական հակասությունները չհաղթահարվեն, Միջին Արևելքը չի կարող կայունանալ, զարգանալ ու առաջ շարժվել: Մինչդեռ «Արաբական գարնան» և դրան հաջորդած դեպքերը տասնամյակներով հետ են գցել տարածաշրջանի զարգացման ու արդիականության հեռանկարները:

– Եթե գնահատելու լինենք Սաուդյան Արաբիային և Իրանին՝ որպես միջազգային հանրության անդամներ, որպես տարածաշրջանային գերտերություններ, ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել նրանցից յուրաքանչյուրի մասին. ի՞նչ դեր ունեն նրանք Միջին Արևելքի անվտանգության համակարգում և առհասարակ աշխարհաքաղաքական հարթության մեջ:

– Ես՝ որպես արաբագետ, կցանկանայի հատուկ անդրադարձ կատարել Սաուդյան Արաբիայի Թագավորությանը՝ որպես իսլամի հայրենիքի, որը հավակնություններ ուներ դառնալ իսլամական աշխարհի կենտրոնը, «ճշմարտի իսլամի» քարոզիչը, ինչը նրան չհաջողվեց: Այս պետությունը նավթային դոլարների շնորհիվ արդեն 1960-70-ականներից սկսեց ձեռնամուխ լինել իր երկրի պետական գաղափարախոսության՝ վահաբականության արտահանմանը, որը սալաֆիականության սաուդական մեկնաբանությունն է, իսկ սալաֆիականությունը սուննի իսլամի ամենաարմատական ուղղություններից է: Վահաբական քարոզչության արդյունքում ողջ աշխարհում՝ Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանում, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասում, Հարավ-Արևելյան Ասիայում և այլուր, տարածում ստացան մոլեկրոնությունը, ծայրահեղականությունը, կրոնական անհանդուրժողականությունը՝ «թաքֆիրիզմ» կոչվածը, որոնք պարարտ հող դարձան միջազգային ահաբեկչության տարածման համար, նպաստեցին «Ալ-Քաիդայի», «Իսլամական պետության» և հարակից այլ կառույցների ստեղծմանը, ի վերջո, մեծ վնաս հասցնելով տեղական, ազգային իսլամներին, որոնք ներծծված են տեղական ավանդույթներով: Սաուդյան Արաբիայում այսօր լուրջ խնդիրներ կան՝ մարդու հիմնարար ազատությունների հետ կապված: Իր երկրում խստորեն սահմանափակելով փոքրամասնությունների իրավունքները, Սաուդյան Արաբիան, որքան էլ պարադոքսալ է, պայքարում է Սիրիայում ժողովրդավարության հաստատման համար:

Մյուս կողմից՝ սաուդաիրանական վերջին լարվածությունը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ Իրանը, որտեղ քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքները հարգված են, վարում է որոշակիորեն հավասարակշռված քաղաքականություն: Իրանը շարունակում է մնալ շիայականության և շիա աշխարհաքաղաքական ուժերի կենտրոնը՝ իր տեսադաշտում պահելով թե՛ Միջին Արևելքի, թե՛ դրա սահմաններից դուրս գտնվող շիայական համայնքները: Իրանն այսուհետ նույնպես օգտագործելու է շիայական գործոնը և շիայական ռազմական ռեսուրսը՝ Միջին Արևելքում իր դիրքերն ամրապնդելու նպատակով: Ամեն դեպքում, երկու պետություններն էլ Միջին Արևելքի անվտանգության երաշխավորներ են, իսկ նրանց միջև հնարավոր բախումը հղի է ցավոտ հետևանքներով:

– Տիկին Փաշայան, Մերձավոր Արևելքը, ինչպես մի շարք փորձագետներ են որակում, եռացող կաթսա է դարձել: Այս ամենը չի կարող չառնչվել Հայաստանին և Հարավային Կովկասին: Ի՞նչ վտանգներ կան:

– Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն է, և մենք կրում ենք Միջին Արևելքում առկա ճգնաժամի հետևանքները՝ նկատի ունենալով նաև այն, որ տարածաշրջանում հայկական համայնքներ ունենք, որոնք արդեն մարդկային, նյութական, բարոյական և այլևայլ ոլորտներում շոշափելի վնասներ են կրել:

Մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիային անդրադառնալով՝ պիտի նշեմ, որ այս պետությունը Հայաստանի հետ հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ պատճառ բերելով ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը: Մյուս կողմից՝ Էռ-Ռիադը նպաստել է Իսլամական համաժողով կազմակերպության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իսլամական օրակարգի ձևավորմանը:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա մեր տարածաշրջանում նույնպես նկատելի են թե՛ մերձավորաևելյան մրցակցության, թե՛ սուննի-շիա հակամարտության հետևանքները: Բավական է բերել Ադրբեջանի օրինակը, որտեղ տասնամյակներ շարունակ մրցակցում են Թուրքիան և Իրանը: Պաշտոնական Բաքուն՝ քաղաքակրթական և քաղաքական առումներով կողմնորոշվելով դեպի Թուրքիան, էականորեն զգուշանում է Իրանի քաղաքական և կրոնական ազդեցությունից՝ կոշտ ձևով հակազդելով շիայական կրոնաքաղաքական ակտիվությանը:

Տեսանյութեր

Լրահոս