Գյումրիի ռուսական նոր սպառազինությունը Թուրքիայի դեմ կօգտագործվի միայն մեկ պարագայում. Իգոր Կորոտչենկո
168.am-ը մի քանի հարց է հղել «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուս ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոյին.
– Պարոն Կորոտչենկո, վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ամրացնում է Գյումրիում տեղակայված իր ռազմաբազան ռազմական և տրանսպորտային նշանակություն ունեցող ուղղաթիռներով, անօդաչու սարքերով ՝ դրանք Գյումրի տեղափոխելով Կուբանից: Խոսակցություններ կան տրամադրվելիք կործանիչների և այլ սպառազինության մասին: Հայաստանյան փորձագետներին անհանգստացնում է այն, որ վերազինումը տեղի է ունենում ռուս-թուրքական լարվածության ֆոնին: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է որոշվել ամրացնել հայաստանյան ռազմաբազան, և ո՞ւմ դեմ է այս սպառազինությունն օգտագործվելու:
– Ռուսաստանը, հաշվի առնելով տարածաշրջանում աճող լարվածությունն ու մոլեգնող սպառնալիքները, այդ թվում՝ Թուրքիայի հետ Ռուսաստանի հակամարտությունը, փորձում է ամրացնել իր և իր դաշնակից երկրների անվտանգությունը: Տեղին չեն ձևակերպումները, թե այդ սպառազինությունն ուղղված է ինչ-որ երկրի, այս դեպքում՝ Թուրքիայի դեմ. վերազինման նպատակը տվյալ դեպքում սեփական անվտանգության ամրապնդումն է, քանի որ Գյումրիում աշխատում են նաև ռուս զինվորներ, այսինքն` սա հավելյալ անվտանգություն կապահովի նաև նրանց համար:
Հայաստանում տեղակայված ռուսական սպառազինության օգտագործման մասին կարելի է խոսել միայն Թուրքիայի կողմից սադրանքների պարագայում: Եթե լինեն թուրքական սադրանքներ Հայաստանի նկատմամբ, ապա բազան խնդիր կունենա դրանք ետ մղել: Թուրքիայի նախագահ Էրդողանի դեպքում դրանք բացառել պետք չէ, բայց այսօր հիմքեր չկան պնդելու, թե սադրանքներ Հայաստանի կամ Ռուսաստանի դեմ կլինեն: Ներկայումս այդ վերազինումն անհրաժեշտություն է Հայաստանի և Ռուսաստանի համար` հաշվի առնելով տարածաշրջանային անկայունությունը և փխրուն անվտանգությունը:
– Այս համատեքստում պետք է հասկանալ նաև դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ձևավորված միասնական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի գոյությունը: Ռուս վերլուծաբանները խոսում էին ՀՕՊ-ի անհրաժեշտության մասին, սակայն հայտնի չէ` ՀՕՊ-ն ի՞նչ կտա Հայաստանին և ո՞ր դեպքերում գործի կդրվի:
– Մենք հիանալի գիտենք, թե ինչպիսի տարբերություններ կան Հայաստանի և Ռուսաստանի ռազմական ներուժների միջև: Ռուսաստանը ոչ միայն՝ ամուր ՀՕՊ, այլև՝ օդային տիեզերական հզոր պաշտպանություն ունի: ՀՀ ռուսական ռազմաբազայում ևս կան հակաօդային հեռահար պաշտպանության համակարգերի բաղադրիչներ: Սա իսկապես անհրաժեշտություն է յուրաքանչյուր երկրի համար:
Ռուսաստանի հետ ՀՕՊ ասելով՝ պետք է հասկանալ հետևյալը`Հայաստանի հակաօդային պաշտպանության հնարավորությունները մտնելու են մի ամբողջ համակարգի մեջ, իսկ դա նշանակում է, որ ռազմաօդային սպառնալիքի ցանկացած տեսակ կարող է բացահայտվել նախապես և ետ մղել Հայաստանի անվտանգության շահերի նպատակով:
Միևնույն ժամանակ՝ համակարգը հիմնվելու է Ռուսաստանի մեծ օդային-տիեզերական համակարգի հնարավորությունների վրա, ուստի, կա հնարավորություն՝ մանևրել սպառնալիքներից սեփական ուժերով և միջոցներով, կա հնարավորություն՝ ամրացնել այս կամ այն ուղղությունը: Այսինքն` սա հիմնականում հուսալի վերահսկողություն է Հայաստանի և Ռուսաստանի օդային տարածքի նկատմամբ: Սա միայն կբարձրացնի երկու երկրների անվտանգությունը:
– Պարոն Կորոտչենկո, հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Թուրքիայի դեմ ռուսական սպառնալիքները` արգելվել է Թուրքական գյուղմթերքի ներկրումը Ռուսաստանի տարածք, չի գործում նաև երկու երկրների միջև ազատ վիզային ռեժիմը։ Հարաբերություններն ընթանում են էլ ավելի վատթարացման ճանապարհով: Կարգավորման ելքեր տեսնո՞ւմ եք:
– Ռուս-թուրքական հարաբերությունները փաստացիորեն սառեցված են նախագահ Էրդողանի մեղքով, ով դավաճանական քայլի դիմեց Ռուսաստանի նկատմամբ: Ուստի, քանի դեռ Էրդողանը ներողություն չի խնդրել, քանի դեռ չեն պատժվել մեղավորները, քանի դեռ Թուրքիան չի փոխհատուցել իր մատուցած վնասը, ռուս-թուրքական հարաբերությունների ապասառեցման մասին սկզբունքորեն խոսք լինել չի կարող: Հարաբերությունների կարգավորման սկիզբն իմ նշած քայլերը կլինեն Թուրքիայի կողմից: