ԵՄ-ն անում է առավելագույնը ԵՏՄ-ին միացած Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար. Կախա Գոգոլաշվիլի

«ԵՄ-ն նախորդ տարվա ընթացքում վերացրեց Արևելյան գործընկերության շուրջ առկա բոլոր տարաձայնությունները»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ խոսելով ԵՄ-ի Հարևանության քաղաքականությունից:

Նա արձանագրեց, որ ամենակարևոր առաջընթացը, որը ԵՄ-ն նախորդ տարի արձանագրեց «Արևելյան գործընկերություն» ծրագրում, կաղապարված մոտեցումներից, նույն օրակարգը բոլոր վեց երկրներին առաջարկելու քաղաքականությունից հրաժարվելն էր: «Սա հույս ներշնչեց, որ ծրագիրը կպահպանվի, քանի որ վեց երկրներն այլևս ազատ են իրենց ցանկությունները հայտնելու հարցում, քանի որ ԵՄ-ն, ըստ էության, համաձայնել է յուրաքանչյուր երկրի հետ վարվել իր ցանկություններին համապատասխան: Այս դեպքում ոչ մի երկիր այլևս առիթ չի ունենա իր առաջընթացի դանդաղ ընթացքի կամ տապալված համաձայնագրերի համար ԵՄ-ին մեղադրել:

ԵՄ-ն մեզ տվել է ազատություն այս հարցում, և յուրաքանչյուր երկիր այն կօգտագործի իր հավակնություններին համապատասխան»,- մեկնաբանեց վրացի վերլուծաբանը: Վերջինիս համոզմամբ՝ այս որոշման ապացույցն էր նաև այն, որ տարեվերջին Վրաստանը ստացավ ազատ վիզային ռեժիմ ԵՄ-ի հետ, ինչը սպասում էր դեռևս ԱլԳ Ռիգայի գագաթաժողովի ընթացքում: Այսինքն, ըստ նրա՝ ԵՄ-ն փորձում է վերացնել առկա բոլոր տարաձայնությունները ծրագրի շուրջ՝ ծրագիրը զարգացման նոր փուլ մտցնելով: Սա, նրա համոզմամբ՝ չափազանց դրական հանգամանք է, քանի որ հստակ ուրվագծում է ծրագրի դրական ապագան:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Գոգոլաշվիլին ասաց, որ, ինչպես և կանխատեսվում էր, ԵՄ-ն շարունակեց ցույց տալ աջակցություն Հայաստանին բոլոր ոլորտներում, տրամադրեց նաև համաձայնագիր ստորագրելու հնարավորություն: Նրա որակմամբ՝ պարզ է, որ այս ամենը չի ունենա նույն բովանդակությունը, ինչ Ասոցացման համաձայնագրի դեպքում, քանի որ կան սահմանափակող գործոններ:

«Սա, կարծում եմ, առավելագույնն է, ինչ ԵՄ-ն կարող է անել ԵՏՄ-ին միացած Հայաստանի դեպքում: Բազմիցս ասել եմ, որ Արևմուտքը սահմանափակ հնարավորություններ ունի ԼՂ հակամարտության վրա ազդելու, դա շատ լուրջ հակամարտություն է, ԵՄ-ից հեռու, տարաձայնություններով լի: Սեպտեմբերի երեքից հետո բոլորը կարծում էին, որ եվրաինտեգրացիայի հեռանկարը կփակվի Հայաստանի համար, սակայն տեսնում ենք, որ տեղի ունեցավ հակառակը, ԵՄ-ն այլ քաղաքականություն սկսեց»,- ասաց Գոգոլաշվիլին՝ շարունակելով, որ այս տարի ՀՀ-ն կստորագրի ԵՄ-ի հետ նախատեսվող նոր համաձայնագիրը, քանի որ կա այդ համաձայնագրի հիմքը:

«Դժվար է ասել, թե համաձայնագիրը Հայաստանին ինչ կտա առևտրատնտեսական ոլորտում, քանի որ պարզ չէ Հայաստանի կարգավիճակը ԵՏՄ-ում: Հասկանալի չեն այդ միության արդյունքները, ուստի հնարավոր է նաև, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն առևտրատնտեսական ամբողջական հարաբերություններ ունենան, քանի որ ԵՏՄ օրենքները, սահմանափակումները չեն գործում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՀՀ-ն ու ԵՄ-ն վերսկսեցին նոր համաձայնագիր կազմելու շուրջ բանակցությունները: Կողմերն արդեն իրականացրել են առաջին հանդիպումները: Բուն բանակցությունները նախատեսվում են այս տարի: ՀՀ-ն ու ԵՄ-ն դեռ չեն հստակեցրել, թե երբ են նախատեսում ավարտել բանակցությունները:

Տեսանյութեր

Լրահոս