Հիվանդանոցում մահացած 2.5 տարեկան երեխայի գործով բողոքները մերժվել են. ինչ է պատճառաբանել դատարանը

ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ` մերժվել են բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով ամբաստանյալների, ինչպես նաև՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքները:

2010թ. ծնված Լիա Միսակյանը «Արաբկիր» բժշկական կենտրոն ընդունվել էր 2012թ. դեկտեմբերի 31-ին: 2013թ. հունվարի 2-ին երեխան հիվանդանոցում մահացել էր:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունիսի 15-ի դատավճռով մեղավոր էր ճանաչել բժշկական կենտրոնի երկու երիտասարդ մանկաբույժների. Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը դատապարտվել էին, համապատասխանաբար՝ 2 և 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման` առանց լրացուցիչ պատիժ նշանակելու: Կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշումը` դատարանն ամբաստանյալներին ազատել էր հիմնական պատժից:

Նախաքննության ընթացքում Լիլիթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ` «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ, ոչ պատշաճ է կատարել մասնագիտական պարտականությունները` դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Զարինե Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ` «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ, չի կատարել մասնագիտական պարտականությունները` դրանց նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Երկու մանկաբույժներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել:  Հրապարակվել է վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ:

Ինչ են պահանջել կողմերը

Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը վերաքննիչ բողոքում հայտնել է, որ իր պաշտպանյալին առաջադրվել է շինծու մեղադրանք ու նրա նկատմամբ կայացվել է ապօրինի դատավճիռ: Ըստ դատական ակտի` փաստաբանը նշել է, որ մանկաբույժին առաջադրվել է ապօրինի մեղադրանք, դատարանի կողմից հաստատված հանգամանքը չի բխում գործի տվյալներից և դատարանում հետազոտված ապացույցներից:

Մեղադրանքը հիմնված է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության վրա, որը հակասում է ՀՀ առողջապահության նախարարի հրամաններին և ԱՀԿ-ի չափորոշիչներին: Ըստ փաստաբանի` եթե նույնիսկ ընդունվի, որ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հիմնավոր է, ապա այնտեղ գոյություն չունի գրառում այն մասին, որ Լիլիթ Վարդանյանի վարքագծի և Լիա Միսակյանի մահվան միջև գոյություն ունի պատճառական կապ, այսինքն՝ Լիա Միսակյանի մահը վրա է հասել պաշտպանյալի կողմից իր մասնագիտական պարտականությունները չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով:

Մինչդեռ, ըստ փաստաբանի, Լիլիթ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ են ապացույցներ այն մասին, որ նրա վարքագծի և Լիա Միսակյանի մահվան միջև գոյություն ունի պատճառական կապ` Լիա Միսակյանի մահը վրա է հասել պաշտպանյալի կողմից իր մասնագիտական պարտականությունները չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով: Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալ Լիլիթ Վարդանյանը չի դրսևորել անգործություն և հետևողական է եղել իր աշխատանքային պարտականությունների կատարմանը:

Անդրադառնալով փորձաքննության եզրակացությանը և դրա վերաբերյալ ներկայացնելով փաստարկներ` փաստաբանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից խախտվել են պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը, մրցակցության քրեադատավարական սկզբունքը: Դատարանի կողմից կողմնակալ վերաբերմունք է դրսևորվել:

Նա նշել է, որ պաշտպանական կողմն այն համոզմունքին է, որ Լիլիթ Վարդանյանի կողմից կատարվել է ճիշտ ախտորոշում, բուժումը՝ համապատասխան ախտորոշմանը, և աշխատանքի ընթացքում ամբաստանյալների կողմից չի դրսևորվել անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունք: Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` ըստ ներկայացված ստացիոնար հիվանդի բժշկական քարտի տվյալների, ընդունվելիս Լիա Միսակյանի օբյեկտիվ և սուբյեկտիվ վիճակի և ներկայացված անամնեզտիկ տվյալների հիման վրա դրվել է նախնական ախտորոշում` «սուր շնչական վարակ, ֆեբրիլ (ջերմային) ցնցումներ», որը համապատասխանում է ընդունվելիս ստացիոնար հիվանդի բժշկական քարտում արձանագրված տվյալներին:

Ընդունվելիս նշանակված հետազոտությունների և բուժման ծավալը համապատասխանել է դրված նախնական ախտորոշմանը և եղել է ցուցված: Դատարանը, առանց հիմնավորման, անտեսել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության այս եզրակացությունը, սակայն գոյություն չունի հիմնավորում, որ այն հիմնավոր չէ:

Այսպիսով, փաստաբանը խնդրել է բեկանել և փոփոխել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով հանցանքի կատարման մեջ պաշտպանյալ Լիլիթ Վարդանյանի անմեղությունն այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է՝ որպես մեղադրյալ:

Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը վերաքննիչ բողոքում հայտնել է, որ առաջին ատյանի դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ դրույթներ, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել արդարադատության բուն էությունը:

Ըստ դատական ակտի` փաստաբանը գտել է, որ նախաքննության ընթացքում Զարինե Այվազյանը հստակորեն չի իրազեկվել և չի հասկացել, թե կոնկրետ ինչում է մեղադրվում, թե իր կոնկրետ որ անգործություններն են հանգեցրել հիվանդի մահվան:
Դատաքննության ընթացքում Զարինե Այվազյանը ստիպված էր պաշտպանվել վերացական մեղադրանքից, որի հետևանքով նշված խախտումներն ազդել են գործի ելքի վրա:

Զարինե Այվազյանն իրական հնարավորություն չի ունեցել արդյունավետ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, զրկվել է արդար դատաքննության իրավունքից: Ամբաստանյալ Զ. Այվազյանը ցուցմունքում նշել է, որ առաջադրված մեղադրանքում առկա որոշ ձևակերպումներ իր համար պարզ և հասկանալի չեն, հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ բուժում չկատարելու մեջ է մեղադրվում:

Մեղադրանքում նշված է, որ անդրադարձ չի կատարել արյան անալիզի պատասխանին, որպիսի գործողության ժամանակին կատարումը Լ.Միսակյանի հիվանդության ճիշտ ախտորոշման, համապատասխան ցուցված բուժման և ապաքինման հնարավորություն կտար: Եթե համարվի, որ ճիշտ ախտորոշումը հենց թոքաբորբն է եղել, ապա արյան անալիզի պատասխանում առկա տվյալները չեն կարող վկայել այդ հիվանդության առկայության մասին: Դատարանը չի կարողացել հստակեցնել, թե կոնկրետ ինչ գործողություններ պետք է կատարեր Զ.Այվազյանը, որոնք չի կատարել և որոնք անմիջական պատճառական կապի մեջ են գտնվում հիվանդի մահվան պատճառի հետ: Դատավճիռը հիմնավորված և պատճառաբանված չէ:

ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված հանցագործության պարտադիր հատկանիշ է որոշակի հետևանքների առաջացումը, տվյալ դեպքում՝ բուժվող հիվանդի մահը, հետևաբար՝ հանցակազմի պարտադիր հատկանիշ է նաև հանցավոր արարքի և հետևանքի միջև պատճառական կապի առկայությունը:

Սակայն Զարինե Այվազյանի մեղադրանքի մեջ չկա ձևակերպում, որ նրա կողմից Լիա Միսակյանի արյան ընդհանուր քննության արդյունքներին չանդրադառնալն անմիջական պատճառական կապի մեջ է գտնվում Լ. Միսակյանի մահվան հետ: Նշված է, որ այդ գործողության կատարումը հիվանդության ճիշտ ախտորոշման, համապատասխան ցուցված բուժման և ապաքինման հնարավորություն կտար: Ինչը չի կարող նշանակել, որ այդ անգործությունն է հանգեցրել Լ. Միսակյանի մահվանը կամ կկանխեր նրա մահը:

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն` «չնայած Լիա Միսակյանի բուժօգնության ցուցաբերման ընթացքում տեղ գտած վերը նշված թերություններին և բացթողումներին, հարկ ենք համարում նշել, որ արյան հետազոտությունների նման արդյունքների՝ լեյկոպենիայի և ագրանուլոցիտոզի ու իմունիտետի խիստ ընկճվածության պայմաններում ախտաբանական փոփոխությունների՝ սեպտիկ բարդությունների զարգացման առանձնահատկություններով պայմանավորված, նշված թերությունների և բացթողումների ու Լիա Միսակյանի մահվան միջև անմիջական պատճառական կապ հաստատել հնարավոր չէ»:

Այդ պայմաններում հաստատված չէ բուժաշխատողների կողմից թույլ տրված թերությունների և բացթողումների ու Լ.Միսակյանի մահվան միջև անմիջական պատճառական կապը: Որպիսի հանգամանքը բացառում է նրանց արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի առկայությունը: Մատնանշելով իր կարծիքով հակասություններ` փաստաբանը նշել է, որ դրանք վկայում են, որ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն անհիմն է, չի կարող դրվել բժշկի մեղքը հաստատող ապացույցների շարքում:

Դատարանը պարտավոր էր հաստատել այդ եզրակացության՝ որպես ապացույց անթույլատրելիությունը կամ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել: Դատարանն իրենց միջնորդությունը մերժել է օրենքի խախտմամբ կայացրած արձանագրային որոշմամբ՝ առանց որևէ պատճառաբանության:
Այդ եզրակացության՝ որպես ապացույց անթույլատրելիությունը պարտավոր է հաստատել ՀՀ վերաքննիչ դատարանը:

Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը հիմնված է դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության վրա, ինչը նույնպես թերի է, և այն որպես ապացույց նույնպես անթույլատրելի նյութ է:

Այսպիսով, փաստաբանը վերաքննիչ դատարանին խնդրել է հաստատել դիակի դատաբժշկական փորձաքննության` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը, գտել է, որ վերաքննիչ դատարանում պետք է հարցաքննվի նաև փորձագետը: Նա խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում հռչակել Զ.Այվազյանի անմեղությունը, նրան ճանաչել անպարտ և արդարացված: Իսկ եթե Վերաքննիչ դատարանն անհնար համարի նշված խնդրանքի բավարարումը, ապա բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Տուժողի իրավահաջորդ Գերոգի Միսակյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Տ.Սիրադեղյանը վերաքննիչ բողոքում հայտնել են, որ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձևով պատժաչափերը չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներից, հետևաբար՝ այդ մասով դատավճիռը ենթակա է բեկանման և փոփոխման:
Նրանք նշել են, որ ընդհանուր իրավասության դատարանը վճռել է ամբաստանյալների նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ առանց լրացուցիչ պատիժ նշանակելու:

Դատարանը՝ որպես ամբաստանյալների անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նրանք նախկինում դատված չեն եղել, բնութագրվում են դրական, ինչպես նաև Արաբկիր բժշկական համալիրի տնօրենի խնդրանքը` մեղմ պատիժ նշանակելու և լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ: Սակայն, ըստ նրանց, ամբաստանյալների դրական բնութագրի վերաբերյալ դատարան ներկայացված հիմքերը չէին կարող բավարար և հիմնավոր փաստարկներ դիտարկվել հանցավորների անձը բնութագրելու համար, իսկ Արաբկիր բժշկական համալիրի տնօրենի խնդրանքը չի կարող դիտվել՝ որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:

Նրանք նշել են, որ դատարանը գտել է, որ նպատակահարմար չէ ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ՝ որպես լրացուցիչ պատիժ, մանկաբույժ աշխատելու իրավունքից զրկում նշանակելը: Հիշյալ հիմնավորմանը դատարանը հանգել է, քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալների նկատմամբ չի կիրառվել պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցը: Ամբաստանյալները դեպքից հետո մինչև օրս, շուրջ երկուսուկես տարի, շարունակում են աշխատել Արաբկիր բժշկական համալիրում՝ որպես մանկաբույժներ: Համաձայն նշված համալիրի տնօրենի 12.06.2015թ. գրության, Լ.Վարդանյանն ու Զ.Այվազյանն իրենց դրսևորել են՝ որպես բարեխիղճ և կարգապահ աշխատողներ և կարգապահական խախտումներ թույլ չեն տվել:

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը գտել է, որ Լ.Վարդանյանի ու Զ.Այվազյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու անհրաժեշտությունը վերացել է:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները գտել են, որ դատարանը հանգել է սխալ հետևության, այս առնչությամբ որպես անհրաժեշտության վերացման հիմք՝ վկայակոչել է «Արաբկիր» ԲՀ-ի տնօրենի գրությունը: Դատարանը հաշվի չի առել, որ կարգապահական խախտումներ թույլ չտալը կապ չի կարող ունենալ մասնագետի՝ մասնագիտական պատրաստվածության հետ, հետևաբար՝ այդ հանգամանքը չէր կարող դիտվել՝ որպես լրացուցիչ պատիժ նշանակելու անհրաժեշտության վերացման հիմք, հատկապես՝ ամբաստանյալ Լ.Վարդանյանի մասով: Նրանք նշել են, որ Լ.Վարդանյանը դատարանի դատավճռի հրապարակումից հետո կատարել է արտահայտություններ, որոնք նրա կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում կարող են վտանգ ներկայացնել հանրության համար:

Այսպիսով, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները խնդրել են մասնակի բեկանել դատավճիռը, փոփոխել այն` Լ.Վարդանյանի նկատմամբ նշանակելով ազատազրկման ձևով պատիժ 3 տարի ժամկետով, Զ.Այվազյանի նկատմամբ` ազատազրկման ձևով պատիժ` 3 տարի 6 ամիս ժամկետով, ամբաստանյալների նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ՝ նրանց զրկելով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ համապատասխանաբար՝ 3 և 2 տարի ժամկետով:

Դատախազն առարկել է ամբաստանյալների պաշտպանների վերաքննիչ բողոքների դեմ, խնդրել դրանք մերժել, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի լուծումը` թողնել դատարանի հայեցողությանը:
Վերաքննիչ դատարանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավոր, պատճառաբանված և օրինական դատավճիռ: Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ չփարատված կասկածների, ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի ու Զարինե Այվազյանի վարքագծի և տուժողի մահվան միջև պատճառական կապի բացակայության ու պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքների պատճառաբանությունները:

Անդրադառնալով պաշտպանական կողմի` կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու մասին պաշտպանական կողմի միջնորդություններին` վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հետազոտելով գործով ձեռք բերված փաստական տվյալները, փորձագետների ցուցմունքները, գտնում է, որ այդ եզրակացությունները որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու հիմքերը բացակայում են: Առաջին ատյանի դատարանը հիմնավոր է մերժել նշված միջնորդությունները: Վերաքննիչ դատարանը ևս գտել է, որ նշված միջնորդությունները ենթակա են մերժման:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել դիակի փորձաքննության եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու և փորձագետի անձեռնհասությունը փաստելու մասին պաշտպան Երեմ Սարգսյանի պատճառաբանությունները:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալների նկատմամբ պատժի տեսակը որոշելիս առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ըստ էության բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատության է ենթարկել ամբաստանյալների կատարած հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անձը բնութագրող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող տվյալները, մասնավորապես՝ այն, որ նրանք երիտասարդ են, նախկինում դատված չեն եղել, բնութագրվում են դրական, ինչպես նաև՝ Արաբկիր բժշկական համալիրի տնօրենի խնդրանքը` մեղմ պատիժ նշանակելու և լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ, ինչպես նաև՝ պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` վերջիներիս նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի փաստարկները, որ «Արաբկիր» ԲԿ-ի գործադիր տնօրենը` որպես ամբաստանյալների ղեկավար՝ կարող էր` շահագրգրռված լինելով հիվանդանոցի հեղինակությամբ, ամբաստանյալներին դրական բնութագիր տալ: Հենց վերաքննիչ բողոքից երևում է, որ բողոք բերած անձինք ոչ թե համոզված են, այլ ընդամենը հնարավոր են համարել ամբաստանյալների բնութագրերի՝ ոչ օբյեկտիվ ներկայացրած լինելը: Ամբաստանյալներին բացասական բնութագրող այլ հիմնավոր փաստարկներ տուժող կողմը վերաքննիչ բողոքում չի ներկայացրել: Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը հիմնավոր պատճառաբանել է ամբաստանյալների նկատմամբ լրացուցիչ պատիժ չնշանակելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքում բերած` ամբաստանյալների կողմից մեղքը չընդունելու, «Արաբկիր» ԲՀ-ի աշխատակիցների կողմից հակասական ցուցմունքներ տալու հանգամանքները, դատավճիռը հրապարակելուց հետո ամբաստանյալ Լ.Վարդանյանի վարքագիծը, ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ նշանակված պատժի` այդ թվում՝ նաև լրացուցիչ պատժի համար նշանակություն ունենալ չեն կարող:

Ուստի, վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի պատճառաբանությունները, որ առաջին ատյանի դատարանը սխալ է գնահատել ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի անձը բնութագրող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները և նրանց նկատմամբ չի նշանակել լրացուցիչ պատիժ:

Այսպիսով վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի 2 դատավճիռը հիմնավոր, օրինական և պատճառաբանված է, ուստի վերաքննիչ բողոքները պետք է մերժել, իսկ դատավճիռը` թողնել օրինական ուժի մեջ:

Նշենք, որ այս որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Տեսանյութեր

Լրահոս