Սպասվում են էժանացումներ. տնտեսագետ
«Նավթի գների անկումը միշտ էլ ենթադրվում էր, որովհետև, կարծում եմ, դա նաև որոշակի թելադրվող քաղաքականություն է»,-168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Խոսելով ռուսական ռուբլու արժեզրկման և նավթի գների անկման մասին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը շատ կախված է նավթից, ու նավթի գներն ընկում էին, Ռուսաստանը հարկադրված էր էժան, բայց շատ արտադրել, որպեսզի շատի մեջ կարողանա գումարային առումով շահել:
«Նավթի գնի հարցում որոշակի դերակատարում ունի Ամերիկայի՝ թերթաքարերից նավթի ստացումը, այսինքն՝ շուկայում նավթ առաջարկող երկրների թիվն է փոխվում: Բնականաբար, դրանից Ռուսաստանի տնտեսությունը պետք է տուժի: Ինչ վերաբերում է ռուբլուն, դրա արժեզրկումը և՛ նավթի գներով է թելադրված, և՛ նաև կարծում եմ՝ հատուկ է արվում, քանի որ կարծում եմ՝ Ռուսաստանը փորձում է դրանով նաև իր արտահանումը խթանել: Իմ կարծիքով՝ ինքը նաև դիտավորյալ է իր ռուբլին ինֆլացնում»,- նշեց Գ. Մակարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը չի կարող դրամն արժեզրկել ու նման բան տեղի չի ունենա. «Այսօր Հայաստանի աղքատության մեծացման տեմպի և այլ հանգամանքների պատճառով Կենտրոնական բանկը նման ռիսկի չի գնա, որովհետև կարող է վախենալ նաև, որ պրոցեսը կառավարելի չի լինի: Այսինքն՝ կշարունակի դրամը զսպած պահել, հետևաբար՝ մեր արտահանողները կշարունակեն տուժել»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ առաջիկայում թանկացումներ չե՞ն լինի, տնտեսագետը պատասխանեց. «Ոչ, թանկացումներ չեն լինի, նաև Ռուսաստանից եկող էժան ապրանքները թանկացման վրա հակառակ ձևով կազդեն, դեպի էժանացման կտանեն: խԵս նոր
տարուց առաջ էլ ասացի, որ գներն առանձնապես չեն փոխվի նոր տարուն, ուայդպես էլ եղավ: Եթե Ռուսաստանից ավելի էժան ապրանք կգա առաջիկայում, հետևաբար՝ նրանք կէժանացնան գները, ու թույլ էլ չեն տա թանկացնելու»:
Մեր այն հարցին էլ, թե այս ամենը կազդի՞ արտահանմանուխ ծավալների վրա, Գ. Մակարյանն այսպես պատասխանեց. «Այո, հիմնականում
կազդի արտահանողների վրա: Իսկ ներմուծման տեսանկյունից էական փոփոխություններ կլինեն հետագայում, որովհետև նաև Մաքսային Միության երկրների շրջանակում մտայնություն կա երրորդ երկրներից բերվող ապրանքների քվոտավորման վերաբերյալ, ինչպես նաև՝ դասակարգելու դրանք. այսինքն՝ Հայաստանի 50 տոկոսից ավելին Եվրոպայից են բերում ապրանքներ, այստեղ արդեն կարող է լինել այնպես, որ դրանք փոխարինվեն ՄՄ երկրների արտադրանքներով: Որակական առումով դա կարող է մի քիչ զիջի, բայց գնային առումով՝ դա տարբերություններ կառաջացնի։ Այստեղ կրկին Հայաստանը պետք է զգուշավոր վերաբերվի, մենք միշտ պետք է գնանք նրան, որ մեր ներքին արտադրությունները զարգացնենք»:
Անի Քեշիշյան