Ի՞նչ է հետտոնական սթրեսը և ինչպե՞ս հաղթահարել այն. խորհուրդներ հոգեբանից

«Տոնական օրերից առաջ մարդիկ չեն պլանավորում տոնական օրերից հետո եկող ժամանակահատվածը, նրանք միայն մտածում են, թե ինչպես պետք է անցկացնեն տոները։ Հայաստանում տոնական օրերն ավելի երկար են լինում, իսկ հանգիստը միշտ զուգորդվում է սնվելու հետ: Նոր տարվա պարագայում, բազմաթիվ կերակուրների հետ միասին, ծանրաբեռնում ենք նաև մեր ֆիզիկական «ես»-ը, իսկ հոգեբանական «ես»-ը ծանրաբեռնում ենք մեծ սպասելիքներով:

Մարդիկ հավատում են, թե Ամանորին հրաշք է լինելու, բայց այդպես էլ այն չի լինում: Երբ ամեն ինչ ավարտվում է, մարդն անցնում է իր առօրյային, բայց չի պլանավորել, թե ինչ է լինելու տոնական օրերից հետո, և ընկնում է աթրեսի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հետտոնական սթրեսն այսպես մեկնաբանեց հոգեբան, ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

Հետտոնական սթրեսը հաղթահարելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս աշխատանքի անցնելուց հետո յուրաքանչյուր 45 րոպեն մեկ կարճ ընդմիջումներ ունենալ, կարգավորել քնի ռեժիմը.

«Տոնական օրերին մարդը ռեժիմից դուրս է. քնում ու արթնանում է՝ երբ ցանկանում է, քունը պետք է կարգավորել, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջանան:
Պետք է նորից վերագնահատեք աշխատանքային գործունեության մեջ ձեր կարևորությունը։ Ամերիկացիներն ասում են՝ եթե սիրում ես քո աշխատանքը, ապա ամբողջ կյանքում ոչ մի օր չես աշխատում, իսկ եթե չես սիրում, ապա կյանքը դառնում է տառապանք, որովհետև դու ամեն օր ստիպված ես անել մի բան, որը քեզ դուր չի գալիս: Եթե հնարավորություն չունեք ձեր աշխատանքը փոխելու, ապա փորձեք դրա մեջ գտնել այն դրական էլեմենտները, որոնք ձեզ կարող են փոխանցել դրական լիցքեր»:

Հոգեբանը խորհուրդ է տալիս գործատուներին՝ այս օրերին ավելի նրբանկատ լինել աշխատակիցների նկատմամբ.

«Մարդկանց մոտ այս օրերին նաև ֆինանսական առումով են նոր խնդիրներ ծագում: Գործատուները պետք է փորձեն հաշվի առնել, որ երկարատև ընդմիջումից հետո աշխատանքի գնալը ժամանակ է պահանջում հարմարվողական մեխանիզմները գործի դնելու համար»:

Նա նշեց, որ հետտոնական սթրեսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում, և ամեն մարդ տարբեր ժամանակահատվածում է հաղթահարում այն.

«Որոշ մարդիկ կարող են այն 2-3 օրում հաղթահարել, ինչպես երկարատև ճամփորդությունից հետո, երբ օրգանիզմը 2-3 օրում նոր կարգավորվում է: Թվում է, թե տոնական օրեր էին, մարդը հանգստացել է, բայց նրա մոտ առաջանում է հյուծվածության զգացում. երբ արթնանում է, տպավորություն ունի, որ դեռ չի հանգստացել, չի կարողանում կենտրոնանալ: Աշխատանքը չի կարողանում նախկին եռանդով կատարել: Սրանք բոլորը վկայում են հետտոնական սթրեսի գոյության մասին»:

Հոգեբանը նկատեց՝ մենք բազմաթիվ սթրեսներ ու դեպրեսիաներ ինքնուրույն հաղթահարում ենք, և ըստ նրա՝ յուրաքանչյուր մարդու մեջ մի հոգեբան կա, որն օգնում է իրեն.

«Բայց որոշ մարդկանց մոտ նախկին խնդիրները կուտակվում են, ու դրանց գումարվում է հետտոնական սթրեսը, և նա ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել։ Մարդկանց 10-15%-ը, հնարավոր է, որ չկարողանա ինքնուրույն հաղթահարել, բայց դա չի նշանակում, որ նրանք անպայման պետք է դիմեն հոգեբանի:

Այդ սթրեսը կարող է վերածվել մարմնական հիվանդության, որը հոգեբանության մեջ անվանում ենք հոգեմարմնական դժվարություններ, այսինքն՝ պատճառը հոգեբանական է, հետևանքը՝ ֆիզիոլոգիական»:

Տեսանյութեր

Լրահոս