«Թշնամին այսօր դիրքային պատերազմ է վարում». գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյան
hayzinvor.am-ը զրուցել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր ԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Ղահրամանյան, 2015 թվականի հունվարյան հայտնի դեպքից հետո Դուք ստանձնեցիք ինստիտուտի ղեկավարումը: Ինչի՞ վրա շեշտը դրեցիք, ինչի՞ց սկսեցիք Ձեր աշխատանքը:
-Դասեր քաղելով տարեսկզբին ռազմական ինստիտուտում տեղի ունեցած զարհուրելի դեպքից՝ իմ և ողջ ղեկավար կազմի ուշադրությունը սևեռված էր զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վրա: Ես առաջին իսկ օրը հայտարարել եմ, որ այսուհետ ուսումնական գործընթացի ցանկացած միջոցառման, պարապմունքի տապալում դիտարկելու եմ որպես արտակարգ պատահար: Մեծ պահանջներ եմ ներկայացրել դասախոսական կազմին` որակյալ դասընթացներ կազմակերպելու առումով: Առաջին անգամ մշակվել և համապատասխան վարչությունների հետ համաձայնեցվել է դասախոսական կազմի մեթոդական պատրաստության ծրագիրը, որով էլ օգոստոս ամսին անցկացվել են մեթոդական հավաքներ: Բացառել ենք դեպքերը, երբ կուրսանտը առանց համապատասխան գիտելիքների կարող է դրական գնահատվել: Պարտադրել եմ, որ անբավարար գնահատական ստացող կուրսանտը ֆակուլտատիվ ժամերի, լրացուցիչ պարապմունքների հաշվին ձեռք բերի գոնե նվազագույն գիտելիքներ: Այո՛, ես չեմ թաքցնում, որ մեր դիմորդների պատրաստության մակարդակը ցածր է, բայց արգելել եմ սա օգտագործել որպես արդարացում: Մեզ առաջադրված է դաստիարակել անձնվեր, հայրենասեր և բանիմաց սպա, իսկ թե ինչպես, ինչ մեթոդներով, ինչ պատվախնդրությամբ` մեր խնդիրն է: Իմ կողմից մշակվել և հաստատվել է կուրսանտի հրահանգ, որով պարտավոր են առաջնորդվել բոլոր կուրսանտները ամենօրյա ծառայողական գործունեության ընթացքում: 2015 թվականից ինստիտուտի ամբիոններում առաջին անգամ կազմակերպվել և անցկացվում են համակարգչային տեխնիկայի կիրառմամբ պարապմունքներ: Ստեղծվել է էլեկտրոնային գրադարան: Երբ ես ստանձնեցի ռազմական ինստիտուտի ղեկավարումը, տեխնիկայի 70 տոկոսը խափանված կանգնած էր դաշտում: Ինձ համար, իրոք, անհասկանալի էր` ինչպես պիտի կուրսանտը սովորի կրակել: Հիմնովին նորոգեցինք ուսումնամարտական տեխնիկան:
-Պարոն Ղահրամանյան, երբ Ձեր նշանակումից հետո այցելեցի ռազմական ինստիտուտ, հենց անցագրային կետում զգացի, որ հոգեբանություն է փոխվել, շեշտված խստություն նկատեցի: Հոռի բարքերը արմատախիլ անելու գործում Դուք կոշտ մեթոդների կողմնակի՞ց եք:
-Ես զինվորական կարգուկանոնի, կանոնադրային հարաբերությունների կողմնակից եմ: Այո՛, ես խստապահանջ եմ: Կարծում եմ` յուրաքանչյուր վերադաս իր ենթակային պետք է վերաբերվի այնպես, ինչպես կցանկանար, որ նա վերաբերվի իրեն: Ինչ վերաբերում է անընդունելի արժեքային համակարգը վերացնելուն, ապա այդ գործում ո՛չ բանաձև գոյություն ունի, ո՛չ դեղատոմս: Չենք կարող ասել` այսօր որոշել ենք, վաղը արմատախիլ ենք անում: Մշտական աշխատանք է պահանջվում, սրտացավ վերաբերմունք: Երբ նշանակվեցի ռազմական ինստիտուտի պետ, առաջինը, որ նկատեցի` մայթին կայանած ավտոմեքենաներն էին: Արգելեցի: Այն կարծիքին եմ, որ մայթին ավտոմեքենա կայանող սպան չի կարող կուրսանտ դաստիարակել, չի կարող բարեկիրթ լինել: Ըստ իս` փոքր թերացում չի լինում: Ուշադրություն եմ դարձնում ինստիտուտի անձնակազմի թե՛ սանրվածքին, թե՛ քայլվածքին, թե՛ խոսելաոճին: Անտարբեր մարդ չեմ. կարող եմ անգամ անծանոթ անչափահասին նկատողություն անել ծխելու, փողոցը չնախատեսված տեղից հատելու համար: Հունվարյան դեպքի առնչությամբ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են եկել-գնացել: Երկուսին հարցրել եմ` հարևանի երեխային երբևէ դիտողություն արե՞լ եք: Դժվարացել են պատասխանել: Ցավալի է, բայց մենք հարևանի երեխային այլևս մերը չենք համարում: Մենք նահանջել ենք, անտարբեր ենք դարձել, այստեղից էլ՝ մեր խնդիրները:
-Հավանաբար հենց ցուցաբերած անտարբերության պատճառով 30 սպա է հեռացվել ինստիտուտից:
-Այո՛, ճիշտ եք: Ինստիտուտից հեռացվել են ոչ միայն կատարված դեպքի համար անմիջական պատասխանատվություն կրող սպաները, այլև նրանք, ովքեր իրենց պարտականություններին մատների արանքով էին նայում: Ինչպե՞ս կարող են փոխգնդապետի կոչումով դասախոսներն արհամարhել օրվա կարգացուցակը, բացակայել ինքնապատրաստության դասաժամերից, պարապմունքներին ներկայանալ անպատրաստ, առանց պլան-համառոտագրերի: Ինչպե՞ս կարելի էր հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել նմանների նկատմամբ: Այժմ այդ պաշտոններն ստանձնել են զորամասերում աչքի ընկած, վաստակ ունեցող, լուրջ կարողություններով սպաները: Նաև թափուր պաշտոնները համալրելու համար անցկացրել ենք մրցույթ: Հաշվի ենք առել ոչ միայն գիտելիքները, այլև անձնակազմի հետ աշխատելու որակները: Այսօր ռազմական ինստիտուտի կուրսանտները կցագրված են ինստիտուտի սպաներին` որպես ավագ ընկեր և խորհրդատու:
-Իսկ ի՞նչ պահանջներ եք ներկայացրել կուրսանտին: Եվ արդյոք չորս տարին բավարա՞ր է, որպեսզի նա պատրաստ լինի զորքերում ծառայելու:
-Անդադար սովորել, ինքնակրթվել, կատարելագործել հմտությունները. ահա իմ պահանջը: Կուրսանտը պետք է հասկանա, որ ինքը կատարող չէ, ինքը զինվոր չէ, որ գնա զորքեր և սկսի սովորել: Նա ուսուցանող է, ուստի պետք է կարողանա իր իմացածը փոխանցել ենթակային, պետք է կարողանա ղեկավարել: Այն, ինչ նրան պետք կգա մարտի դաշտում, պարտավոր է գերազանց յուրացնել այստեղ: Աշխատում ենք, որ ծանրաբեռնվածությունն ինստիտուտում համարժեք լինի այն ծանրաբեռնվածությանը, ինչ զորքերում է: Ինստիտուտում այսօր ունենք մեր զինված ուժերում առկա բոլոր զինատեսակների, ռազմական տեխնիկայի նմուշները, գործնական պարապմունքներն անցկացնում ենք հենց այդ սպառազինությամբ: Մեր վարժադաշտերը, վարժասարքերը հնարավորություն են տալիս կուրսանտին տիրապետելու ժամանակակից մարտի բոլոր կանոններին: Ինչ վերաբերում է նրանց ուսուցման ժամկետին, ապա կցանկանայի, որ մեր կուրսանտներն առավել սեղմ ժամկետում պատրաստություն անցնեին և համալրեին զինված ուժերը: 24 տարի մեր սահմանը եզրագծված է խրամատով: Մեր ծառայության վայրը խրամատն է: Սպաները կատարում են իրենց պարտականությունները լարված, հակառակորդի անմիջական կրակային խոցման պայմաններում: Մենք պետք է կարողանանք արագ փոխարինում ապահովել՝ մեր ուժերը չջլատելու համար: Նաև այն կարծիքին եմ, որ արտերկրում ուսանելու պետք է ուղարկենք միմիայն զորքերում մի քանի տարի ծառայած սպաներին, որպեսզի, համադրելով մեր ունեցածը, կարողանան հասկանալ, թե ինչն է մեզ համար կիրառելի:
Թշնամին այսօր դիրքային պատերազմ է վարում: Նման պայմաններում մենք պարտավոր ենք իրավիճակին համապատասխան սպա ու զինվոր կրթել: Անցնող տարվա ընթացքում ինստիտուտի շրջանավարտներից շատերը ռազմական գործողությունների կիզակետում էին: Նրանք հերոսաբար մարտնչել են` կատարելով առաջադրված մարտական խնդիրը: Մեր սպաներն ու զինվորները իրենց կյանքի, առողջության գնով ոչ մի թիզ չեն զիջել հակառակորդին: Նրանք թշնամու նկատմամբ գերազանցություն են ապահովել իրենց գիտելիքների ու կարողությունների շնորհիվ:
-Պարոն Ղահրամանյան, շուտով կնշենք Նոր տարին, ի՞նչ կբարեմաղթեք Ձեր կուրսանտներին, հայոց բանակի զինվորներին:
-Շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով մեր երկրին առաջընթաց, ժողովրդին` բարօրություն, զինվորականներին` անփորձանք ծառայություն: Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ ցանկանում: Զոհված ազատամարտիկների և մերօրյա բոլոր զոհերի ընտանիքների անդամներին սփոփանքի ոչ մի խոսք չեմ կարող ասել, բայց ցանկանում եմ, որ նրանց ընտանիքներում նորից խինդ և ուրախություն լինի:
Շնորհավորում եմ նաև իմ կուրսանտական և սպայական կազմին, մաղթում, որ 2016 թվականը լինի մեզ համար նորանոր նվաճումների և ձեռքբերումների տարի:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ