Նևրասթենիան բնորոշ է նույնիսկ երեխաներին

Նևրասթենիան մեր օրերում բավական տարածված հիվանդություն է: Բառացի նշանակում է՝ նյարդաթուլություն: Ինչպես բոլոր նևրոզների, այնպես էլ նևրասթենիայի հիմքում ընկած է ներքին հոգեկան կոնֆլիկտը:

Հաճախ անձնական կյանքից հիասթափված մարդը տանը քիչ գտնվելու նպատակով օրն անցկացնում է աշխատավայրում: Որոշ ժամանակ անց առաջանում է նեւրասթենիա: Արտաքուստ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նևրոզի պատճառն ծանր աշխատանքն է, մինչդեռ` պատճառն անձնական կյանքի դրաման է: Երեխաների մոտ եւս նեւրասթենիկ նոպաներ կարող են առաջացնել նրանց այսօրվա ապրելակերպն ու զբաղմունքները: Բոլորս էլ գիտենք, թե ինչի մասին է խոսքը` համակարգչային դաժան խաղերը, հեռուստատեսային բազմաթիվ հաղորդումները, սարսափ ֆիլմերը եւ այլն: Նրանք սկսում են շատ քիչ քնել, հետեւաբար՝ ուշ արթնանալ, արդյունքում` խանգարվում է օրվա ռեժիմն ու ընկնում կյանքի որակը:

Նեւրասթենիայով տառապողները սովորաբար գանգատվում են շուտ հոգնելուց, դառնում են ցրված, ձայների, լույսի նկատմամբ գերզգայուն, հիշողությունը թուլանում է (չեն կարողանում կենտրոնանալ, որպեսզի մտապահեն դեպքերը, փաստերը), սկսվում են գլխացավեր, մարսողական համակարգի, սրտանոթային համակարգի, սեռական ֆունկցիայի խանգարումներ, անքնություն:

Նեւրասթենիկները լինում են դյուրագրգիռ, անհամբեր, մռայլ, թուլակամ, դառնում են անաշխատունակ, շուտ են հոգնում: Գիշերը տանջվում են մղձավանջային երազներից, ցերեկը լինում են թմրած, քնկոտ: Մի բանով շատ արագ հրապուրվում են, եւ նույնպիսի արագությամբ էլ հիասթափվում: Արագորեն վճիռներ են կայացնում, արագ էլ թեւաթափ լինում: Հաճախ դյուրագրգռությունն ու անհամբերությունն ընդհանուր թուլության եւ ընկճվածության հետ միաժամանակ են հանդես գալիս:

Նեւրասթենիայի, ինչպես եւ բոլոր նեւրոզների դեպքում օրգանիզմում ախտաբանական լուրջ շեղումներ չեն նկատվում: Հիվանդին կարող է թվալ, թե ուր որ է սիրտը կկանգնի, օդի պակասից շնչահեղձ կլինի, վերջույթները շատ սառելուց կփայտանան եւ այլն: Մինչդեռ հետազոտությունից պարզվում է, որ սիրտը, արյունատար համակարգը, շնչառական օրգանները միանգամայն առողջ են, եւ որ այդ ամենը գերզգայունության արդյունք է միայն: Այդ պատճառով նեւրասթենիայի արտահայտվածությունը կախված է տվյալ անհատի կողմից իր վիճակի նկատմամբ ունեցած վերաբերմունքի աստիճանից:

Օրինակ` պատահում է, որ սեռական կյանքում անփորձ երիտասարդը պատահական անհաջողությունից խիստ ընկճվում է եւ տագնապով սպասում հաջորդ փորձությանը: Նման հոգեվիճակում ձախողվում են նաեւ հետագա փորձերը, եւ նա վերջնականապես «համոզվում է», որ ինքը տառապում է սեռական թուլությամբ: Անորոշ վախը, տագնապը վերածվում են ինքնաանբավարարության` առաջանում է նեւրասթենիա: Սովորաբար նման հիվանդները դիմում են տարբեր մասնագետների, տարբեր դեղամիջոցներ, տեղային բուժումներ են ընդունում, սակայն` անօգուտ: Ավելին, նրանց մոտ ամրապնդվում է այն կարծիքը, թե ինքը լուրջ, անբուժելի հիվանդ է: Խուճապն ուժեղանում է, եւ նա հուսալքված դիմում է հոգեբույժի օգնությանը: Երբ հիվանդի համար պարզվում են սեռական կյանքի հոգեբանական կողմերը և իր սեռական թուլության անցողիկ, ֆունկցիոնալ բնույթը, նա միանգամից խաղաղվում է և հուսադրվում: Նման դեպքերում հենց սկզբից պետք է դիմել բժշկի՝ կանխելու համար հետագա բարդությունները:

Նևրասթենիայի բուժումը սկզբնական էտապում պետք է ուղեկցվի ռեժիմի կարգավորմամբ` քուն, աշխատանք, հանգիստ եւ այլն: Պետք է հնարավորինս զերծ մնալ զգացմունքային գերհոգնածությունից` անհրաժեշտության դեպքում` նույնիսկ փոխել աշխատանքը: Նևրասթենիայի ծանր դեպքերը բուժվում են ստացիոնար պայմաններում` հակադեպրեսանտներով ու տրանկվիլիզատորներով: Բուժման արդյունքը գրեթե միշտ դրական է:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս