Բաժիններ՝

«Գլոբալ խնդիրների լուծումներ մենք այս տարի չարձանագրեցինք»

Մեր զրուցակիցն է «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը:

– Պարոն Ավագյան, անցնող տարին ինչպիսի՞ն էր գործարարության տեսակետից, դրական ու բացասական ի՞նչ գործընթացներ կարձանագրեք:

– Փոքր բիզնեսի, մասնավորապես՝ նրանց մեծամասնություն կազմող առևտրական գործունեություն ծավալողների համար տարին սկսվեց առկախված հարցով՝ արդեն երկու անգամ հետաձգված և հանգուցալուծման սպասող շրջանառության հարկի փոփոխությունների խնդիրը: Տեղային, իրավիճակային լուծումներ ունեցել ենք, որը դրական եմ համարում, բայց գլոբալ խնդիրների լուծումներ մենք այս տարի, ցավոք, չարձանագրեցինք: Այն հարցերը, որոնք ամեն օր մտահոգում են մեր բիզնես միջավայրին, անկախ նրանից՝ փո՞քր, թե՞ մեծ, առևտրի ոլո՞րտ, թե՞ արտադրության, ես բազմիցս ասել եմ և նորից կկրկնեմ, դա մաքսային սահմանի խնդիրն է:

Մենք մի օր պետք է կամք դրսևորենք և մեկընդմիշտ լուծենք մեր երկրի մաքսային սահմանի հարցը: Այսօր մենք ինքներս չենք կարողանում ներդրում անել մեր գործող բիզնեսներում, ուր մնաց՝ դրսի ներդրողին համոզենք՝ գա մեր երկիր: Այս տարի նույնպես բազմաթիվ բողոքներ ենք ստացել արտադրողներից, ովքեր ներդրում են անում, նոր հոսքագիծ են ներմուծում, իսկ մեր մաքսային մարմիններն այդ հոսքագիծը տրոհում են մասերի, որպեսզի մաքսային վճարներ պոկեն հարկ վճարողից, չեմ ասում այդ անիծյալ մաքսային արժեքի ձևավորման մեխանիզմը՝ բիզնեսին տանջող «հսկիչ գներ» ասվածը: Որ օրը մենք լուծենք մաքսայինի խնդիրը, ընդամենը մի քանի ամիս հետո դրական միտումներ կնկատվեն:

Ընդ որում, նորից եմ կրկնում, այս հարցը տանջում է բիզնես միջավայրի բոլոր ոլորտներին, այդպիսի խնդիրներից են պարտադիր փաստաթղթավորման հարցը, տարվա սկզբին գլուխ բարձրացրած օծանելիք ներմուծողների խնդիրը, որոնք չէին կարողանում դրոշմապիտակներ ստանալ, նմանատիպ խնդիր էր լոլիկ արտադրողների խնդիրը, երբ մեր տեղական բանջարեղեն արտադրողը թերի մաքսային ձևակերպումների պատճառով չի կարողանում մրցակցել ներմուծվածի հետ:

Չլուծեցինք պետական գնումներով տեղական արտադրողներին խրախուսելու հարցը, այսօր բազմաթիվ օրինակներ ենք տեսնում, երբ մեկ գնման պայմանագրով պետական մարմինը գույք կամ այլ ապրանքներ է գնում և մեծ գումարներ վատնում մեր` հարկատուների հաշվին, բայց դա առավել ընդունելի կլիներ մեր հասարակության համար, եթե տեսներ, որ մատակարարը նույն հայ արտադրողն է, և տեղի է ունենում պարզ վերաբաշխման գործընթաց:

Տարին էլ ավարտեցինք Հարկային օրենսգրքի նախագծի «հայտնությամբ», որը պետք է ձևավորված լիներ տարբեր բիզնես խմբերի հետ քննարկումների և համատեղ աշխատանքի շնորհիվ:

Եթե փորձենք ամփոփել, ապա ունեք հետևյալ պատկերը՝ իրավիճակային, տեղային լուծումներ ունեցել ենք փոքր բիզնեսի համար, բայց գլոբալ խնդիրների լուծումներ կամ նոր մեխանիզմների ներդրումներ, որոնք արագ կակտիվացնեն տնտեսությունը, վստահություն կավելացնեն բիզնեսի մոտ, չունենք:

– Այնուամենայնիվ, առկա խնդիրները որքանո՞վ հաջողվեց լուծել:

– Բոլոր այն դեպքերում, երբ հաջողվում է բիզնեսի ձայնը ժամանակին հասցնել կառավարության ղեկավարին, ապա նվազագույնը գոնե քննարկման առարկա են դառնում, իսկ հաճախ՝ նաև լուծումներ ստանում: Ինչպես, օրինակ, բազմաթիվ քննարկումների և տարբեր փոփոխությունների արդյունքում կառավարությունը համաձայնեց հրաժարվել պարտադիր փաստաթղթավորման դրույթից, օծանելիք ներմուծողների համար դրոշմապիտակներ ստանալու նոր կարգ սահմանվեց, բոլորովին վերջերս նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման հարցի հետաձգումը, և այլն, բայց այս օրինակները տեղային և իրավիճակային խնդիրների լուծումներ են: Մեզ դեռ երեկ պետք էին համակարգային փոփոխություններ, տնտեսությունն արագ ակտիվացնելու նոր մեխանիզմներ:

Իսկ բոլոր այն դեպքում, երբ մենք ստիպված ենք լինում արդեն ընդունված որոշումների հետևից գնալ և փորձել հասնել հետադարձ փոփոխության, դա ավելի ժամանակատար է և դժվար:

Գործարարի համար յուրաքանչյուր օրը կարևոր է, շատ դեպքերում մենք մեր գործարարին չենք կարողանում համոզել, որ մի քիչ էլ համբերի, այս օրենքն էլ կփոխվի, և լավ կլինի, նա չի կարող սպասել, նրան հոշոտում է անարդար մրցակցությունն ու ժամանակը: Սա, բնականաբար, բերում է վստահության պակասի և հիասթափության:

– Լրանում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մեկ տարին: Ի՞նչ ազդակներ այս միությունը հաղորդեց բիզնեսին:

– Իրոք, այս անցնող տարում պետք է գործնականում մենք մեր վրա զգայինք այդ միության ազդեցությունը: Բայց եթե անկեղծ լինեմ, դեռ մինչև հիմա գործնականում բիզնեսն իր վրա չի զգում, թե դա ինչ է, ինչ դրական բան կարող է կոնկրետ իր ոլորտին տալ: Իմ կարծիքով՝ այստեղ դեռ մեծ անելիք ունենք, լայնամասշտաբ իրազեկումների, կոնկրետ հնարավորությունների բացահայտման և ինտեգրման: Տեսեք՝ քաղաքական իրավիճակի փոփոխություն է տեղի ունենում, և ասում ենք՝ շատ լավ պահ է, կարող ենք ռուսական շուկայի բացը լրացնել: Բայց ինչպե՞ս, մենք դրա համար ոչ մի պատրաստի մեխանիզմ չունենք, մենք չենք կարող նույնիսկ ծիրանի բացը լրացնել, որովհետև չկա մեխանիզմ, ով պետք է գնա գյուղերից ու այգիներից միրգ հավաքի, մթերի, չիր պատրաստի և, ամենակարևորը, լուծի տեղափոխման հարցը:

Մենք ընդամենը ամիսներ առաջ խաղողն էինք անխնա վերածում աղբի: Կամ մենք պետք է դառնանք տարանցիկ երկիր Իրանի գործարարի համար, որն էժան ռեսուրսների հաշվին հումք կբերի մեր երկիր, կդարձնի արտադրանք ԵՏՄ ազատ մուտք գործելու համար, բայց այստեղ էլ կոնկրետ օրինակներ հանդիպեցինք, երբ գերակա խնդիր է մնում մաքսային սահմանը: Այստեղ գործնական քայլեր են պետք, մենք ունենք մեր երկրում ներքին անելիքներ, որպեսզի այդ միությունից օգուտ քաղենք, հակառակ դեպքում ականատես ենք լինում, թե ինչպես է ռուսական շուկայի խոշոր ներմուծողը կուլ տալիս մերը:

– Հաջորդ տարի ի՞նչ սպասումներ ունեք:

– Վիճակագիրներն արդեն մեզ թվեր են հուշել, հուշել են նաև, թե տնտեսության որ ճյուղերն են կաղում: Սպասումներ կունենանք, եթե հենց տարվա սկզբից ականատես լինենք նոր գործելաոճի, առավել բաց երկխոսության համար, առավել կառուցողական նոր համակարգերի ներդմամբ, և այլն: Օրինակ՝ տարվա սկզբից, ասենք, առաջին երկու ամիսների ընթացքում կառավարության կողմից հայտարարվի առաջարկությունների ընդունման բաց պատուհան, կոնկրետ տնտեսության ճյուղերի համար պատասխանատու գերատեսչություններում:

Բոլորս՝ դիմադիր, ընդդիմադիր, տնտեսագետ, բիզնես ասոցիացիա՞, թե՞ հասարակ քաղաքացի, մի կողմ թողնենք մեր անձնական ամբիցիաները, լծվենք՝ կոնկրետ որ ոլորտում մենք մասնագիտացած ենք, այդ ոլորտից առաջարկներ ներկայացնելուն, հետո հատիկ առ հատիկ կքննարկվեն և կձևավորվեն լուծումներ: Հույս ունեմ, որ սկսվող տարում ավելի կամային որոշումներ կընդունենք և տարիներ շարունակ բիզնեսին տանջող ֆունդամենտալ խնդիրներից գոնե մեկ-երկուսը կլուծենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս