
«Այդ շենքը ոչ մի կապ չունի վարչապետի կամ նրա ընտանիքի հետ». Նարեկ Սարգսյան

ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօրվա ասուլիսին՝ պատասխանելով Կրկեսի շենքի կառուցապատման աշխատանքների մասին հարցին, ասաց, որ նախարարությունն այդտեղ գործառույթ չունի, բայց այնքանով, որքանով ինքն է տեղյակ՝ դա բավական բարդ օբյեկտ է՝ իր տեխնոլոգիական մասով, և այնտեղ շատ մասնագետներ հրավիրված են դրսից.
«Այնտեղ կան ինժեներական բարդ հարցեր, որոնց մասնագետները Հայաստանում չկան: Այդ մասով նախագծերն իրականացվում են Հայաստանից դուրս, մասնավորապես՝ Ռուսաստանում, Իմ տվյալներով՝ հիմնական կարկասը կավարտվի 2016թ., իսկ 2017թ. կհանձնվի շահագործման»:
Արտործնախարարության շենքի հետնամասում կառուցվող շենքի վերաբերյալ լրագրողի հարցադրմանը՝ ինչպե՞ս է պատահել, որ նման բարձրահարկ շենք է կառուցվել մայրաքաղաքի կենտրոնում, ո՞վ է նախագծել, ո՞վ է կառուցապատողը, ո՞վ է թույլատրել, որ այդ շենքն այդտեղ կառուցվի, արդյո՞ք այն, որ Նարեկ Սարգսյանը՝ որպես քաղաքաշինության նախարար կամ որպես գլխավոր ճարտարապետ, չի կարողացել կանխել այդ շենքի կառուցումը, կապված է այն լուրերի հետ, որ այդ շենքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի կամ նրա ընտանիքի անդամների հետ կապ ունի, նախարարը պատասխանեց.
«Կարծում եմ, որ ճիշտ հասցեով չեք դիմում, այդ հարցով պետք է դիմեք տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց ես ասեմ այնքան, որքան տեղյակ եմ: Նախ՝ դա միանշանակ ոչ մի կապ չունի վարչապետի կամ նրա ընտանիքի հետ: Սա խաբված բնակիչների հերթական հասցեն է: Քաղաքապետարանը՝ կառավարության աջակցությամբ, 2-3 տարի առաջ մի քանի անգամ մրցույթ հայտարարեց այդ տարածքի համար: Ի վերջո, հայտնվեցին այն ներդրողները, որոնք պատրաստ էին այդտեղ գումար ներդնել, կառուցապատումը սկսել, բավարարել նաև այդ ընտանիքներին ու գոնե իրենց ծախսերը հետ բերել, բնակիչների հետո պայմանագրեր կնքեցին, դիմեցին կառավարություն: Ցավոք, նրանք հաշվարկել էին կառուցվող շենքի բարձրությունն այնպես, որ այդ բոլոր խնդիրները տեղավորվեն ու իրենց ծախսերը դուրս գան, իսկ կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել 2013թ., որի հիման վրա էլ քաղաքապետարանը տվել է թույլտվություն: Թե ովքե՞ր են ճարտարապետներն ու կառուցողները՝ չգիտեմ»:
Իսկ հարցին, թե մինչև ե՞րբ է դատարկ մնալու նախկին Երիտասարդական պալատի («Կուկուռուզնիկ») հատվածը, նախարարը պատասխանեց.
«Իրականում օրակարգում այսօր ոչ մի նախագիծ այդ կառուցապատողի կողմից չկա, եղել է մրցույթ, որի արդյունքում ճապոնացի ճարտարապետ է հաղթել, ես շատ ուրախ եմ, որ այդ նախագիծը չի կառուցվելու, չնայած՝ ճարտարապետները բազմաթիվ նախագծերից դա են ընտրել, բայց այդ նախագիծը ոչ մի կապ չունի Երևանի հետ: Օրենքի խնդիր կա, տուգանքների քանակն են բազմապատկում նման կառուցապատողների համար, բայց դա էլ կկիրառվի, եթե օրենքն ընդունվի»: