«Վերականգնել սպառման և խնայողությունների միջև հավասարակշռությունը». Լևոն Ալթունյան

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ: Օրինաչափ առաջընթաց

Խստությունն ու ավելորդ պաշտոնականությունը նրա մասին չեն – Լևոն Ալթունյան, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն: Իսկ զինաթափող ժպիտը, անկրկնելի խոսքն ու միշտ իրեն բնորոշ հումորը դարձնում են նրան մեր երկրի ամենաանմիջական ղեկավարներից մեկը: Եվ այս հարցազրույցում էլ, չնայած թեմայի լրջությանը՝ ՀՀ ապահովագրական շուկան 2015 թվականի ավարտին, զարգացման միտումները և ցուցանիշները, տեղ գտնվեց նաև մեջբերմանը հորոսկոպից և հումորային բարեմաղթանքին, որին հաստատ որևէ մեկը դեմ չի լինի:

– Այսպիսով, ինչո՞վ է, Ձեր կարծիքով՝ առանձնացել անցնող տարին ՀՀ ապահովագրական շուկայի համար: Ի՞նչ ծավալ ունի այն՝ ընդհանուր առմամբ և ըստ ուղղությունների։ Զարգացման ի՞նչ ուղղություններ կընդգծեք։

– Փորձեմ նշել այն չորս հիմնական գործոնները, որոնք ազդել են շուկայի անխտիր բոլոր ապահովագրական ընկերությունների ցուցանիշների վրա.

Կարդացեք նաև

Առաջինը՝ 2013 թվականին դադարեցված բյուջետային աշխատակիցների բժշկական ապահովագրության ազդեցության դադարումը ֆինանսական ցուցանիշների վրա՝ հատկապես հետաձգված հատուցումների, ձևավորված ապահովագրական պահուստների և ապահովագրավճարների գծով ընկերությունների պարտքերի դուրսգրումների մասով: Այլ կերպ ասած, ծառայությունը մատուցվում էր, իսկ դրա դիմաց ոչ մեկը չէր վճարում: Ստիպված եղանք ծածկել այդ վնասներն ընթացիկ տարվա շահույթից:

Երկրորդ կարևոր գործոնը Ճանապարհային ոստիկանության հանդուրժողականությունն էր այն վարորդների հանդեպ, ովքեր անտեսում էին օրենքը և ձեռք չէին բերում ԱՊՊԱ պայմանագրեր: Նման զիջումները ձգվեցին մինչև անցնող տարվա ապրիլի կեսերը, և որպես հետևանք՝ 2015 թվականի առաջին եռամսյակում տրանսպորտային միջոցների քանակը, որոնք ունեին գործող ԱՊՊԱ պայմանագիր, նվազեց 15%-ով: Եվ միայն ապրիլ-մայիսին օրինախախտներին սկսեցին տուգանել, որից հետո իրավիճակը հարթվեց, սակայն առաջին կիսամյակում չհավաքագրված հասույթը միանշանակ թողեց իր հետևանքը:

Երրորդ գործոնը կարելի է ներկայացնել այսպես․ ընդհանրապես Հայաստանում ապահովագրության ինստիտուտի գոյության ողջ ընթացքում, սկսած 1996 թվականից, էական դեր շուկայի զարգացման և աճի համար խաղում է ՔՕ Գլուխ 15-ի 237-րդ հոդվածը, համաձայն որի՝ բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավորվում է ապահովագրել գրավադրման առարկան: Արդյունքում՝ հիպոթեքային վարկավորման, ավտովարկավորման աճը և ընդհանրապես վարկային բումն ուղեկցվում էր ապահովագրավճարների համարժեք աճով:

Ես կխուսափեմ հանդես գալ՝ որպես հայաստանյան հիպոթեքային-վարկային իրավիճակի փորձագետ, բայց, եթե չեմ սխալվում, առաջին ծիծեռնակներն ԱՄՆ-ի գիգանտների աղմկահարույց սնանկությունից անմիջապես հետո էին: Հետագայում ամեն ինչ զարգացավ ծանոթ սցենարով՝ եթե աշխարհում որևէ տեղ փռշտան, Հայաստանում թոքաբորբ կսկսվի: Եվ վերջապես եվրո-ամերիկյան պատժամիջոցներն անպայմանորեն ազդեցին Հայաստանում ռուսական բանկերի դուստր ընկերությունների վրա:

Որպես հետևանք՝ ավտո և հիպոթեքային վարկավորումները պահպանվեցին stand-by ռեժիմում: Այսինքն, միայն սպասարկվում են արդեն տրամադրված վարկերը, ինչը, նոր վարկերի չտրամադրման պայմաններում, բերեց վարկային պորտֆելի 20% նվազման: Այս ամենն իր հերթին՝ բերեց ապահովագրական պորտֆելի նվազմանը՝ ինչպես ԿԱՍԿՈ և գույքի ապահովագրության, այնպես էլ՝ ոչ պակաս կարևոր՝ բիզնեսի կորպորատիվ ապահովագրության տեսակներով:

Չորրորդ և ևս մեկ կարևոր գործոն է ռուսական ճգնաժամի ազդեցությունը, մասնավորապես՝ Հայաստան ուղղված տրանսֆերտների կրկնակի նվազումը: Այս ֆենոմենը բերում է ընտանեկան բյուջեների վերանայմանը: Խախտվում է սպառման և խնայողությունների միջև բալանսը, քանի որ սպառողները հրաժարվում են խնայողություններ անել, որոնց դասին էլ պատկանում է ապահովագրությունը: Իսկ խնայողությունների մակարդակը մի կողմից՝ խոսում է ընտանիքի սոցիալական կարգավիճակի, իսկ մյուս կողմից՝ պետության զարգացման հեռանկարների մասին: Տեղին է հիշել, որ հենց կուտակային կենսաթոշակների վերաբերյալ որոշումը բերեց հասարակության լարվածությանը:

Այլ հարց է, որ այս ընդդիմության հիմքում ՏՏ ոլորտի բարձր վարձատրություն ունեցող մասնագիտությունների ներկայացուցիչներն էին, ովքեր ապահովված են և կարող են իրենց թույլ տալ խնայողություններ ունենալ, բայց դա այլ պատմություն է… կարևոր է այն, որ հասարակության կողմից նրանք աջակցություն ստացան ֆինանսական հնարավորությունների սահմանափակման հողի վրա:

Այսպիսով, նշված չորս գործոններն արդեն երեք տարի շարունակ բերում են շուկայում ապահովագրավճարների մակարդակի նվազման: Անկումը սկսվեց 2013 թվականին՝ 1.7%-ով, հետո ավելի կտրուկ անկում՝ 15.6%-ով՝ 2014-ին, և այս տարի, մեր կանխատեսումներով, ՀՀ ապահովագրական շուկան կնվազի ևս 2.3%-ով: Բացարձակ թվերով շուկան 2013-ի 34.5 մլրդ դրամից նվազել է մինչև ներկա 28.5 մլրդ դրամը:

Ինչ վերաբերում է զարգացման միտումներին. մի կողմից՝ Ընկերությունների մեծ մասի պորտֆելներում կավելանա բժշկական ապահովագրության տեսակարար կշիռը, մյուս կողմից՝ ԱՊՊԱ համակարգի շրջանակներում պետություն-սեփականատեր-ապահովագրող-մատակարար շղթան կսկսի ավելի էֆեկտիվ աշխատել:

– Իսկ ի՞նչ արդյունքներով է տարին ամփոփում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն: Որքանո՞վ եք գոհ արդյունքներից, և ինչպիսի՞ն են դրանք Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման դինամիկայի համատեքստում:

– 2015 թվականին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն գրանցել է ապահովագրավճարների զգալի աճ։ Մեր կանխատեսումներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ապահովագրավճարների աճը կկազմի 14,2%: Հաշվի առնելով շուկայի ընդհանուր նվազումը՝ ցուցանիշն ավելի քան խոսուն է:

Ingo Armenia (1)Ավելի ընդհանուր պատկերի համար նշեմ անցնող տարվա ինն ամիսների շուկայի արդյունքները: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ապահովագրություն իրականացնում է 10 հիմնական ուղղություններով, որոնցից 6-ով ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը՝ հետևյալ ցուցանիշներով՝

Շուկայի առաջատար առողջության ապահովագրության գծով – շուկայի 34% մասնաբաժնով,

Գույքի ապահովագրության շուկայի առաջատար – շուկայի 46% մասնաբաժնով,

Շուկայի առաջատար աջակցության (տուրիստական) ապահովագրության գծով – շուկայի 39% մասնաբաժնով,

Ավիացիոն ապահովագրության շուկայի առաջատար – շուկայի 100% մասնաբաժնով

ԿԱՍԿՈ ապահովագրության առաջատար – շուկայի 29% մասնաբաժնով,

Շուկայի առաջատար դժբախտ պատահարներից ապահովագրության գծով – շուկայի 44% մասնաբաժնով:

Գո՞հ եմ արդյոք ընկերության արդյունքներից։ Գործնականում, եթե ղեկավարը հասել է նրան, ինչ պլանավորել էր, ուրեմն թերագնահատել էր իր հնարավորությունները: Ուրեմն հորիզոնը նրա համար ոչ թե հրաշալի հնարավորություն է, այլ գիծ այն պատին, որին դեմ է առել, և որտեղից առաջ ճանապարհ չկա: Այս դեպքում ժամանակն է հանգստանալու և հուշեր գրելու համար: Հուսով եմ՝ Աստված ինձ համար այդ օրն էլ է նախատեսել, բայց ոչ՝ մոտակա տասնամյակների ընթացքում:

Ուստի, իհարկե գոհ չեմ: Եվ դա՝ չնայած այն փաստին, որ շնորհակալ եմ ԻՆԳՈ թիմին՝ իրենց նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Իրենք, ի տարբերություն ինձ և մեր զարգացման թիմին, ամեն ինչ արել են այնպես, ինչպես պետք է:

– Ապահովագրական շուկան մեր երկրում խիստ մրցակցային է: Կարելի է ենթադրել, որ հաճախորդների ընտրությունն այս դեպքում հիմնականում կախված է այս կամ այն ապահովագրական ընկերության մատուցած ծառայությունների որակից։ Շնորհիվ ինչի՞ է Ձեր ընկերությանը հաջողվում լինել առաջատարներից մեկը։

– Դժվար է պատասխանել մի հարցի, որում արդեն կա ճիշտ պատասխանը: Ամեն դեպքում՝ փորձեմ՝ որպես պատասխան, ձեր ուշադրությանը ներկայացնել նպատակների սահմանման մեր սկզբունքն ու մասնագիտական ձգտումների մեր թիմի փիլիսոփայությունը:

Միանշանակ, որպեսզի ընկերությունը ծաղկի, անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ վաճառել այն ծառայությունները, որոնք նա մատուցում է. Մեր դեպքում դա ապահովագրությունն է: Այդ իսկ պատճառով ընկերությունների մեծ մասը նախապատվությունը տալիս է գործակալական ցանցի ընդլայնման, զեղչերի ավելացման, միջնորդներին տրվող միջնորդավճարների ավելացման և ապահովագրավճարների նվազեցման մեխանիզմներին՝ ապահովագրական ծածկույթի նվազեցման ճանապարհով: Այս պայմաններում ենթադրվում է վաճառողների ծավալի աճ և հաճախորդների դիմադրության նվազում՝ համեմատաբար ցածր գների շնորհիվ:

Ուզում եմ հայտարարել առաջին անգամ և պաշտոնապես. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության անձնակազմի հիմնական նպատակն է ապահովագրական պրոդուկտների անձնականացումը. մենք ձգտում ենք ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի ծառայություններին տալ կոնկրետ և շոշափելի համալրում: Դա նշանակում է, որ խոսելով ԻՆԳՈ-ի ապահովագրության մասին, պոտենցիալ հաճախորդն անկասկած հասկանում է՝ ծառայությունների լավագույն համադրություն և գերազանց որակ: Գուշակել և գերազանցել մեր ապահովադիրների սպասումները, թույլ տալ նրանց զգալ իրենց ստատուսը, բարձր ինքնագնահատականն ու անհոգ կենցաղը: Այս ճանապարհին մեր նպատակն է՝ առաջին հերթին՝ ձևավորել հասարակության մեջ ցանկություն՝ ունենալ ապահովագրական պաշտպանվածություն հենց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱից՝ անթերի կատարելով մեր բոլոր խոստումները և արդարացնելով ապահովագրության վրա ծախսված ամեն լուման, և երկրորդը՝ հրաժարվել ավելի էժան ապահովագրություն առաջարկելու պրակտիկայից և սահմանել գին, որը բավարար կլինի մատուցելու արժանի ծառայություններ ամենաամբիցիոզ և պահանջկոտ հաճախորդներին:

Արդեն երկրորդ տարին է, մենք գնում ենք այս ճանապարհով: Աճի կորը հուշում է, որ որոշումը՝ ստեղծել պրոդուկտներ, որոնք մարդիկ ուզում են գնել, միակ ճիշտ որոշումն է շուկայական ներկա պայմաններում: Հիմնականում դա հաջողվում է, որովհետև սպառողը տեսնում է, որ յուրաքանչյուր հաճախորդի արժեքն էականորեն գերազանցում է ապահովագրության գինը:

– «Անձնակազմից է կախված ամեն ինչ» կարգախոսը, ըստ երևույթին, գործում է: Որքանո՞վ եք համաձայն այս մտքի հետ, և ինչպե՞ս է Ձեզ հաջողվում լուծել ընկերությունը պրոֆեսիոնալներով համալրելու խնդիրը:

– Իոսիֆ Ստալինը, ում Դուք հիմա մեջբերեցիք, այս կարգախոսի շնորհիվ իրագործեց այնպիսի մի նախագիծ, ինչպիսին էր ցամաքի 1/6-րդի ուզուրպացիան: Չհամաձայնել ժողովուրդների առաջնորդի այս մտքի հետ, նույնն է, ինչ կասկածի տակ դնել երկրի ձգողականությունը:

Մեր ընկերությունում ավանդաբար ընդունված է աճեցնել սեփական կադրերը՝ ուսանողական նստարանից: Ուսումն ուղեկցվում է պրակտիկայով, ընդ որում, սովորելու պրոցեսը երբեք չի դադարում, նույնիսկ՝ վերին ղեկավարության և տնօրենի համար:

Անհնար է լինել առաջատար ընկերություն զարգացող շուկայում՝ երեկվա գիտելիքներով: Նրանք, ովքեր ընկալել են սա, մնում են ընկերությունում:

Այսօր մենք ակտիվորեն համագործակցում ենք հայաստանյան մի շարք բուհերի հետ, այդ թվում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և բավականին հետաքրքիր ակնկալիքներ կան Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ, հատկապես՝ գիտահետազոտական աշխատանքների և գործնականում դրանց կիրառման մասով: Երիտասարդությունը միշտ աճ է, կարևորը՝ որպեսզի այն հիմնվի նախկին ձեռքբերումների վրա: Այդ իսկ պատճառով մեր լավագույն աշխատակիցները դասավանդում են համալսարաններում, ղեկավարում են ավարտական քննական հանձնաժողովներ, անցկացնում են վարպետաց դասեր և այդպիսով ապահովում են առաջատարությունը:

Ուստի մեր ընկերությունում մենք միշտ ուրախ ենք նոր սերնդի կադրերին: Եկեք չմոռանանք, որ այսօր հայ բժիշկները պահանջված են Գերմանիայում, ֆինանսիստները՝ Մեծ Բրիտանիայում, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները՝ ԱՄԷ-ում, Կանադայում և նույնիսկ Սիլիկոնային հովտում:

Այո, նրանք լավագույններն են, բայց մեր խնդիրն է՝ ստեղծել պայմաններ և պահել նրանց Հայաստանում. երբեմն դա մեզ հաջողվում է, և մենք հպարտություն ու երջանկություն ենք զգում:

– Որո՞նք են ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հիմնական նպատակները 2016-ին, և Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կզարգանա ապահովագրական շուկան Հրե Կապիկի տարում։

– Մենք, ինչպես դա ենթադրվում է ֆինանսական կառույցի համար, պահպանողական ենք պլանավորման հարցում: Ավանդաբար մենք պլանավորում ենք տարեկան 5-10% աճ՝ հիմնականում ապահովագրության կամավոր տեսակների և ճիշտ ներդրումային քաղաքականության հաշվին:

Ընկերությունը պլանավորում է շուկա մտցնել մոնոպրոդուկտների նոր շարք, ինչպիսին են փոքր կոլեկտիվների և անհատների առողջության ապահովագրությունը, ընտանիքի եկամուտների և երեխաների ապահովագրությունը, ինչպես նաև՝ ավելի դեմոկրատ գներով ԿԱՍԿՈ և գույքի ապահովագրության ծրագրերը:

2016-ը կլինի նաև ընթացիկ տարում սկիզբ առած նոր տեսակի առաջխաղացման տարի. խոսքը բժիշկների և բուժաշխատողների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության մասին է:

Շուկայի նորույթը կլինի կոմպլեքս, խմբային ապահովագրությունների ներդրումը, երբ մեկ պայմանագրով և մեկ սակագնով կարելի է ապահովագրել ոչ միայն ընտանիքի բոլոր անդամներին, այլև բժշկական ծախսերը, ԿԱՍԿՈն և գույքը միասին: Սա հատկապես կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր ուզում են տեսնել՝ ինչպես է աշխատում ապահովագրությունն իրական կյանքում: Կոմպլեքս ապահովագրության դեպքում և՛ փորձն է ավելի շատ, և՛ բյուջեն՝ ավելի թեթև: Սա նման է ռեստորանի դեգուստացիոն մենյուին:

Շուկայի վերաբերյալ կանխատեսման համար կմեջբերեմ արևելյան հորոսկոպը՝

«Հրե Կապիկի ամենավառ հատկանիշներից մեկը նրա հակվածությունն է մրցակցությանը, քանի որ նա, գիտակցված կամ անգիտակից, միշտ և ամեն ինչում ուզում է լինել առաջինը: Փառասիրությունը ստիպում է Հրե Կապիկին երբեք չբավարարվել ձեռք բերածով և ձգտել գրավել կյանքի նոր բարձունքներ»:- մեջբերման ավարտ:

Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել բոլորին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող ճգնաժամը շրջանցի Ձեզ Գալիք 2016-ին և հավիտյանս:

Զրուցեց Կարեն Արզումանյանը

Տեսանյութեր

Լրահոս