Պաշտպանական կողմն առաջ է քաշում Հայկազ Բարսեղյանի ինքնասպանության վարկածը. բացարկ գործով մեղադրողին
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդների պաշտպաններն այսօրվա դատական նիստի ընթացքում բացարկ հայտնեցին գործով մեղադրողին:
Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանն ասաց, որ մեղադրող Հայկ Հարոյանը չի կարող մասնակցել գործով վարույթին: Նրա խոսքով՝ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո իրենք եկել են այն համոզման, որ Վաչե Սահակյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ դատախազի հսկողության ներքո իրականացված նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ, միակողմանի, իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրական թեքումով, մակերեսային և թերի:
Արմեն Նադիրյանն ասաց, որ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո ծավալուն միջնորդություններ են ներկայացրել քննիչին և վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ սպանության համար Վաչե Սահակյանին առաջադրված մեղադրանքը բացառապես հիմնված է քրեական գործով հաստատված փաստական տվյալներին հակասող դատաբժշկական փորձաքննության եզրակացության, օրենքի խախտմամբ կատարված դատահոգեբանական փորձաքննության եզրակացության, տուժող Հայկազ Բարսեղյանի հետ նույն ննջարանում քնող 6 կուրսանտների, ինչպես նաև ևս 3 կուրսանտների՝ իրարամերժ, հակասական և ոչ արժանահավատ ցուցմունքների վրա:
Փաստաբանի խոսքով՝ իրենք նախաքննական մարմնի ուշադրությունն են հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ գործով ձեռք բերված որոշ ապացույցների առկայությունը և Հայկազ Բարսեղյանի հետ նույն ննջարանում քնող կուրսատների կողմից դեպքի հանգամանքների վերաբերյալ հակասական և իրարամերժ ցուցմունքներ տալու փաստը պետք է հիմք հանդիսանային առաջ քաշել վարկած, որ Հայկազ Բարսեղյանի սպանությունը կարող էին կատարած լինել այդ կուրսանտերը, առավել ևս, որ փաստական տվյալներից հետևում է, որ Հայկազ Բարսեղյանին սպանելու շարժառիթ կարող էր ունենալ կուրսանտներից Կարեն Բաղրամյանը, ով, ըստ պաշտպանի, մշտապես, այդ թվում՝ դեպքից մի քանի ժամ առաջ, կոնֆլիկտներ է ունեցել Հայկազ Բարսեղյանի հետ, ինչի պատճառով անգամ բարձրաձայնել է ինքնասպան լինելու ցանկության մասին:
Արմեն Նադիրյանն ասաց, որ իրենք միջնորդել ենք արարքում հանցակազմի բացակայության կամ կատարված հանցագործությանը մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով վերացնել Վաչե Սահակյանին առաջադրված մեղադրանքը, երկու դրվագով առաջադրված մեղադրանքը՝ փոփոխել: Միջնորդել են նաև այդ պահանջները չբավարարելու դեպքում կատարել մի շարք քննչական և դատավարական գործողություններ. Մասնավորապես, ըստ փաստաբանի, միջնորդել են իր պաշտպանյալի դեմ վկայած անձանց ցուցմունքներում առկա բազմաթիվ հակասությունների, փորձաքննությունների, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մեղավորությունը հինավորող որևէ տվյալ ձեռք չբերելու դեպքում սպանության վերաբերյալ առկա կասկածները փարատելու համար Վաչե Սահակյանին և նրա դեմ վկայած անձանց ենթարկել պոլիգրաֆիական հետազոտության. Նրանց կողմից հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու ունակությունը հաստատելու նպատակով նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն. խոսքը ստի դետեկտորի մասին է:
Արմեն Նադիրյանն ասաց, որ միջնորդել են մի շարք փորձաքննություններ կատարել, ձեռնարկել գործողություններ, սակայն քննիչը մերժել է միջորդությունները, իսկ դատախազը չի կատարել իր պարտականությունը և մերժել է իրենց բողոքը և հաստատել զուտ ենթադրությունների վրա հիմնված մեղադրական եզրակացությունը: Արմեն Նադիրյանն ասաց, որ դատախազը մերժել է նաև մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ Վաչե Սահակյանի տեսակցության արգելքը վերացնելու պահանջն այն դեպքում, երբ նախաքննական մարմինն արգելքը կիրառել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի պահանջների կոպիտ խախտմամբ: Մասնավորապես, Արմեն Նադիրյանի խոսքով՝ օրենքի համաձայն՝ տեսակցությունները կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, մինչդեռ այս դեպքում վարույթն իրականացնող մարմինը նման որոշում չի կայացրել, այլ տեսակցություններն արգելել է ՔԿՀ պետին հասցեագրված գրությամբ: Նա նշեց նաև, որ մեղադրական եզրակացության մեջ որպես Վաչե Սահակյանի մեղքը հիմնավորող ներկայացված ցուցմունքներից մեկը չի բխում քրեական գործի նյութերից, սխալ և խեղաթյուրված է ներկայացված:
Ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ կանխակալ մոտեցում կա նաև իր պաշտպանյալի նկատմամբ: Նա նշեց, որ կան հակասական ցուցմունքներ, մեղադրողը պարզապես նոտարի դեր է կատարել քննիչի գործողությունների համար, քննիչն ինչ գրել է, հաստատել է, իսկ ինքը դատարանում կապացուցի, որ քննիչը կանխակալ վերաբերմունք ունի Մովսես Ազարյանի նկատմամբ:
«Քննիչը տեսել է, որ իմ պաշտպանյալը սպանությանն ընդհանրապես առնչություն չունի, սկսել է արդեն վառ երևակայության արդյունքում հորինել մեկ այլ տարբերակ, այսինքն՝ նրան ներկայացնել որպես կոպիտ, գռեհիկ, ագրեսիվ ծեծող».- ասաց Անահիտ Հովհաննիսյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այնտեղ չի եղել, ակնհայտ է, որ իր պաշտպանյալի վերաբերյալ ոչինչ չկա: Փաստաբանն ասաց, որ քննիչի կողմից մերժել են իրենց բազմաթիվ միջնորդությունները. «Ես ևս գտնում եմ, որ մոտեցումը կանխակալ է, իմ պաշտպանյալն ընդհանրապես կապ չունի այս զարհուրելի արարքի հետ: Ես ցավ եմ ապրում և խորը վշտակցությունս, ցավակցությունս եմ հայտնում կատարվածի վերաբերյալ, բայց պետք է օբյեկտիվ լինել, պետք է լինել անաչառ»:
Ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը ևս բացարկ հայտնեց մեղադրողին: Նա մանրամասն անդրադարձավ գործով անցկացված փորձաքննություններին, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, և մատնանշեց իր կարծիքով՝ դրանում տեղ գտած թերություններ: Նա անդրադարձավ նաև տեսակցությունների արգելման հանգամանքին: Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանն առաջ քաշեց այն վարկածը, որ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան է եղել. «Մասնավորապես, այս պնդումը հիմնավորվում է դեպքի վայրի զննության արձանագրությամբ, ըստ որի՝ պտտաձողի վրա հայտնաբերվել է միայն տուժողի արյան խմբին պատկանող արյուն: Գործով նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններով հաստատվել է, որ մեղադրյալների վրա չի հայտնաբերվել տուժողի արյան, թքի, այլ արտադրությունների մասնիկներ կամ հագուստի մասնիկներ, և՝ հակառակը: Տուժողի կամ նրա հագուստների վրա չի հայտնաբերվել մեղադրյալներից որևէ մեկի արգասիքներ կամ հագուստի մասնիկներ: Գործով ձեռք բերված ապացույցներով օբյեկտիվորեն չի բացառվել ինքնասպանության վարկածը, իսկ պաշտպանության կողմը միջնորդությունների բավարարման դեպքում ձեռք կբերեր օբյեկտիվ ապացույցներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ պարզել գործով ճշմարտությունը»:
Նա ասաց, որ դատախազը, բացահայտ կամայականություն ցուցաբերելով, մերժել է իրենց միջնորդությունները:
Ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միացավ միջնորդություններին՝ նախ ցավակցելով Հայկազ Բարսեղյանի մերձավորներին և բոլորին: Նրա խոսքով՝ գործը հարուցվել է ոչ թե՝ Հայկազ Բարսեղյանի սպանության կամ ինքնասպանության, մահվան փաստով, այլ՝ որ այս, այս անձինք կատարել են որոշակի գործողություններ:
Տուժող Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդ հոր՝ Արկադի Բարսեղյանի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանն առարկեց միջնորդության դեմ: Նա ասաց, որ դեռևս չեն հետազոտվել ապացույցները, սակայն փաստաբանի կողմից հրապարակվեց եզրակացությունը: Նա ասաց, որ Արմեն Նադիրյանի միջնորդության հիմքում դրված էր այն հանգամանքը, որ մեղադրողի կողմից մերժվել են միջնորդությունները, սակայն մեղադրողի կամ քննիչի կողմից միջնորդությունները մերժելը չի կարող հիմք հանդիսանալ մեղադրողին բացարկ հայտնելու համար:
Մեղադրող Հայկ Հարոյանն ասաց, որ միջնորդություններն անհիմն են առնվազն այս փուլում, դրանք ամբողջությամբ կառուցված էին այս կամ այն ապացույցների մասնակի կամ խմբակային վերլուծությունների վրա, սակայն այդ ապացույցները դեռևս դատարանում չեն հրապարակվել:
Անդրադառնալով ամբաստանյալների տեսակցությունների հարցին՝ մեղադրողն ասաց, որ գրության մեջ, որը մատնանշում են փաստաբանները, որևէ բառ անգամ չկա որոշում կայացրած լինելու մասին, նման պայմաններում քրեակատարողական հիմնարկը չէր կարող այն կիրառել: Հետևաբար՝ վերացնելու անհրաժեշտություն չի եղել: Նա խնդրեց մերժել միջնորդությունները՝ նշելով, որ դրանք անհիմն են և առնվազն՝ ժամանակավրեպ:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը մերժեց միջնորդությունը: