«Երկրի տնտեսական զարգացման համար կարևոր գործոն է գործարար միջավայրի բարելավումը». Ալբերտ Բաբայան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Ալբերտ Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ երկրի տնտեսական զարգացման համար կարևոր գործոն է գործարար միջավայրի բարելավումը, որի ուղղությամբ, ըստ նրա՝ կառավարության կողմից ընդունվել են 7 ծրագրեր:
«Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսավորման կորպորացիայի կողմից 2015թ. հոկտեմբերին հրապարակված՝ «Գործարարությամբ զբաղվելը 2016» վարկանշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 189 երկրների շարքում նախորդ տարվա հրապարակված արդյունքների (49-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը՝ 10, իսկ վերագնահատված արդյունքներով (38-րդ տեղ)՝ 3 կետով՝ բարձրանալով 35-րդ տեղը: Այս տարի ևս, զեկույցի տվյալներով՝ Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում՝ զիջելով միայն Վրաստանին»,- ասաց նա:
Նա նշեց, որ զեկույցում ՀՀ դիրքի բարեփոխման շարունակությունն ապահովելու նպատակով ներկայումս իրագործման փուլում է գտնվում Գործարար միջավայրի բարելավման 2015թ. ծրագիրը. «Ծրագրում ներառված միջոցառումներից որոշներն արդեն իրագործվել են, իսկ մնացյալը գտնվում են իրականացման փուլում, օրինակ՝ ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման հողամասերի տրամադրման ընթացակարգերի հստակեցման և հնարավորինս կարճ ժամկետների սահմանման նպատակով նախարարության կողմից մշակվել է և ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը: Նշված ընթացակարգերի հստակեցմանը հաջորդել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2015թ. թիվ 387-Ն որոշման ընդունումը, որով կրճատվել են որոշակի հզորության (հիմնականում՝ բիզնես կարիքների համար օգտագործվող) էլեկտրական էներգիայի միացման ժամկետները (35 օրով): Ներդրվել է շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգ»:
Ըստ բանախոսի՝ գործարար միջավայրի շարունակականության ապահովման տեսանկյունից կարևորվում է նաև նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունների տրամադրման գործընթացը. «2015թ. ընթացքում կարգավորման ազդեցության գնահատման են ենթարկվել շուրջ 390 իրավական ակտերի նախագծեր, որոնցից մոտ 22%-ին տրվել է՝ տնտեսական, այդ թվում՝ ՓՄՁ բնագավառում դրական ազդեցությամբ, իսկ 9%-ին՝ բացասական ազդեցության եզրակացություն»:
Ամփոփելով՝ Ալբերտ Բաբայանը նշեց, որ ներկայումս նախարարության կողմից մշակվել է Գործարար միջավայրի բարելավման 2016թ. ծրագիրը, որի՝ ներկայիս ձևաչափով ընդունման և դրանում ներառված միջոցառումների համալիր իրականացման դեպքում, Հայաստանը կարող է գրանցել բարելավում 10 կետով: