«Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է Լավրովի հետ բանակցություններից մի բաղադրիչ առանձնացնել և ներկայացնել՝ որպես նոր առաջարկ»

«168 Ժամի» զրուցակիցն է ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը

– Պարոն Մայիլյան, ԼՂ հակամարտության գոտում աննախադեպ լարվածության պայմաններում Բեռնում կայացավ Ալիև-Սարգսյան հանդիպումը, որից հետո համանախագահները և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեցին, որ նախագահները քննարկել են բռնությունների վերջին դեպքերը սահմանին և շփման գծում։ ՀՀ ԱԳ նախարարը նույնիսկ ակնարկել է, որ իրավիճակը հակամարտության գոտում այնպիսին է եղել, որ այլ հարցեր օրակարգում պարզապես չեն էլ եղել։ Ի՞նչ պետք է սպասել հանդիպումից հետո` հաշվի առնելով Ադրբեջանի տրամադրվածությունը և տարածաշրջանային զարգացումները։

– Իրականում քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել քաղաքական խնդիրներն ուժային միջոցներով լուծելու քաղաքականությունից, հրադադարի ռեժիմի պահպանումը մնում է առաջնահերթ խնդիր` ինչպես` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, այնպես էլ` ԼՂ հակամարտության հայկական կողմերի համար։ Ուստի Բեռնում քննարկումների հիմնական թեման ոչ թե հակամարտության կարգավորումն էր, այլ հրադադարի պահպանումը։

Դա ամրագրված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եզրափակիչ հայտարարությունում, որում ասված է, որ նախագահներն աջակցում են միջնորդների աշխատանքին` հրադադարի ռեժիմի խախտման ռիսկերը նվազեցնելու, այդ թվում` միջադեպերը հետաքննելու մեխանիզմ ներդնելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը մշտապես աջակցել են այս գաղափարին։

Կարդացեք նաև

Ադրբեջանը չի ցուցաբերել որևէ հետաքրքրություն այս հարցի լուծման համար, քանի որ վերահսկողական մեխանիզմի բացակայությունն ադրբեջանական զինված ուժերին թույլ է տալիս Արցախի հետ շփման գծում և ՀՀ-ի հետ սահմանին կնքված հրադադարի պայմաններում գործած սպանությունների համար պատասխանատվությունից խուսափել։

Թե որքանով են փոխվել ադրբեջանական կողմի մոտեցումները` հայտնի կդառնա մոտ ապագայում։ Եթե ադրբեջանական կողմն իսկապես ցուցաբերի հետաքրքրվածություն հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, ապա իրավիճակը սահմաններին կկայունանա։ Սակայն Ադրբեջանը դեռևս չի իջեցնում կրակոցների ինտենսիվությունը` նույնիսկ բարձր մակարդակով հանդիպումից հետո։

– Վերջերս շատ է խոսվում նոր առաջարկների մասին։ Այդ մասին ակնարկել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն իր երևանյան ասուլիսի ընթացքում` ասելով, թե նախագահների հանդիպմանը գուցե ներկայացվեն նոր առաջարկները, իսկ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը տեղեկացրել էր, որ Լավրովի Ադրբեջան կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարարի կողմից առաջարկներ են հնչեցվել, և Ադրբեջանը համաձայն է շարժվել այդ առաջարկների ուղղությամբ, ռուսական կողմը չի մեկնաբանում` ինչ առաջարկների մասին է խոսքը։ Ըստ Ձեզ` ի՞նչ առաջարկներ կարող էր ադրբեջանական կողմին անել Լավրովը, եթե կա ՄԽ, որում ներկայացված է նաև Ռուսաստանը, և առաջարկներն այդ ձևաչափի շրջանակներում են արվում։

– Ամենայն հավանականությամբ, այն առաջարկները, որոնց մասին ասել էր համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում, վերաբերում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերահսկողական մեխանիզմներին, այլ ոչ թե հակամարտության կարգավորմանը։ Ռուսական «Վեդոմոստիին» տված իր հարցազրույցում Ուորլիքը հայտարարել էր. «գմենք խոսում ենք կոնկրետ սկզբունքների և կարգավորման բաղադրիչների մասին։ Դրանցից շատերը շարադրված են եղել դեռևս այն բանակցությունների ժամանակ, որոնք անցկացրել էր նախկին նախագահ Մեդվեդևը։

Խոսքն այն ժամանակ արվածի շարունակության մասին է։ Մենք չենք փորձում հորինել նոր հարցեր և մոտեցումներ։ Մենք փորձում ենք շարունակել երկխոսությունն այն հիմքի վրա, որն այն ժամանակ էր ձեռք բերվել»։ Ինչ վերաբերում է ինչ-ինչ «Լավրովի առաջարկների» մասին, ապա դրանց մասին խոսում է միայն ադրբեջանական կողմը։ Այլ աղբյուրներից հաստատումներ չեն եղել, իսկ որոշ մոսկովյան գործընկերներ հերքեցին ԵԱՀԿ ՄԽ-ից առանձին ռուսական առաջարկների առկայությունը։ Չի բացառվում, որ մեր հակառակորդները փորձում են ՌԴ ԱԳ նախարարի հետ բանակցությունների կոնտեքստից մի բաղադրիչ առանձնացնել և ներկայացնել այն` որպես նոր առաջարկ։

– Եթե ԼՂ հակամարտության հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը համընկնում են, ինչպես մի շարք փորձագետներ են պնդում, ապա միայն հակամարտող կողմերի պատճառո՞վ չի հաջողվում առաջընթաց գրանցել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Այսօր ի՞նչ շահեր են հետապնդում Մոսկվան ու Վաշինգտոնը ԼՂ-ում։

– Ունենալով տարբեր մոտիվացիաներ` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և մյուս ուժային կենտրոնները հետաքրքրված են Հարավային Կովկասում և, մասնավորապես, Արցախում կայունության պահպանմամբ։ Մոսկվայում, Վաշինգտոնում և Բրյուսելում հասկանում են, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունն ունի այնպիսի ներուժ, որը «ապասառեցման» դեպքում կունենա կործանարար հետևանքներ ոչ միայն` Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի, այնպես էլ` հարևան երկրների համար։ Եթե հակամարտող կողմերի մոտեցումներն այնքան բևեռացած են, որ այս փուլում հնարավոր չէ հասնել փոխընդունելի խաղաղության համաձայնագրի ստորագրման, ապա նման իրավիճակում կայունության և ստեղծված ստատուս-քվոյի պահպանման համար հակամարտությունը «սառեցվում» է։

– Ըստ Ձեզ` ի՞նչ լծակներ ունի հայկական կողմն իրավիճակը հակամարտության գոտում փոխելու, Ադրբեջանին զսպելու, իրավիճակը պակաս վտանգավոր դարձնելու համար։ Այսինքն` ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկեն ՀՀ-ն ու ԼՂՀ-ն քաղաքական-դիվանագիտական հարթության վրա։

– Տարածաշրջանում իրական միջազգային վերահսկողական և զսպիչ մեխանիզմների բացակայության պայմաններում ՀՀ-ի և Արցախի զինված ուժերը ձեռնարկում են հակաքայլեր հակառակորդի գործողությունների չեզոքացման համար։ Մեր զինվորականների քայլերն անհրաժեշտ են, սակայն օբյեկտիվորեն բավարար չեն, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, որ մեր ԶՈՒ-ի սիմետրիկ ու ասիմետրիկ պատասխան գործողությունները որոշակիորեն զսպում են, բայց ամբողջությամբ չեն կանգնեցնում ադրբեջանական կողմի նկրտումները։

Անկասկած, իրավիճակի կայունացման համար հայկական պետությունների ռազմական հրամանատարության համարժեք գործողություններին պետք է ավելացնել նաև քաղաքական դիվանագիտական միջոցներ։ Կարծում եմ, որ ԱՄՆ Պետդեպի աջակցությանն արժանացած Ռոյսի ու Էնգելի նախաձեռնությունը, Հելսինկյան կոմիտեի կողմից ներկայացված HR 4264 օրինագծի հնարավոր ընդունումն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից և այլ քայլերը, կունենան ադրբեջանական իշխանությունների վրա սթափեցնող ազդեցություն։ Այս տեսանկյունից կարևոր էր ՀՀ նախագահի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում։

– Պարոն Մայիլյան, 2016թ. ԵԱՀԿ նախագահությունն է ստանձնելու Գերմանիան, որը` չնայած եվրոպական խնդիրներում իր ծանրաբեռնվածությանը, Հարավային Կովկասը մշտապես պահում է իր արտաքին քաղաքականության հետաքրքրությունների դաշտում։ Ի՞նչ կարելի է սպասել Գերմանիայից, որի հետ համանախագահները ևս հույսեր են կապում։

– 1997-ից սկսած հիմնական միջնորդական բեռն ընկած է Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների վրա։ ԵԱՀԿ նախագահող երկիրը, որպես օրենք, անհրաժեշտության դեպքում պարզապես օգնում է միջազգային միջնորդներին։ Գերմանիան՝ որպես ԵՄ լոկոմոտիվներից մեկը, մեծ հնարավորություններ ունի։ Բայց հարցը նրանում է, թե իրենք` հակամարտող կողմերը, որքանով են պատրաստ կարգավորման և ինչպես են պատկերացնում հակամարտության կարգավորումը։

Տեսանյութեր

Լրահոս