«Այս տարի պառլամենտում հավաքվածներն ավելի լավ էին դերասանություն անում, քան թատրոններում աշխատող դերասանները». Նիկոլայ Ծատուրյան

Այսօր լրագրողների հետ հանդիպել էր ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ «Թատրոնի կյանքը կամ կյանքը` ինչպես թատրոն» խորագրի ներքո ամփոփելու անցնող տարին:

Ռեժիսորը զրույցը սկսեց մտահոգությամբ՝ տարին ավարտում ենք լարված պատերազմական իրավիճակով: «Դե´, ի՞նչ ասեմ՝ տարին բարդ էր, շատ բարդ… Ես չեմ սիրում խոսել անցյալից, այլ՝ միայն ապագայից: Թե ի՞նչ է սպասում Հայաստանին՝ չգիտեմ, լարված ենք ավարտում տարին: Եկողը Կապիկի տարի է՝ իմ տարին: Կապիկը իրոտնիկ է, համենայն դեպս՝ պատերազմային չէ: Ինձ հիմա միայն մեկ հարց է մտահոգում՝ որ պատերազմ չլինի: Գիտե՞ք, մի քիչ էլ զարմանում եմ էս իշխանությունների վրա, որ այս նեղ մաջալին ընկած Սահմանադրություն են փոխում, իսկ սահմանին ամեն օր զինվորներ են զոհվում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ողբերգություններ են կատարվում այդ երիտասարդներից ամեն մեկի ընտանիքում հիմա ու ամեն օր, երբ մենք լսում ենք սահմանին զոհված զինծառայողի մասին», – ասաց Նիկոլայ Ծատուրյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը, թե մենք այլևս պատերազմական իրավիճակում ենք հարևան երկրի հետ, Ն. Ծատուրյանն այսպես մեկնաբանեց. «Մեր գեոպոլիտիկ դաշտը շատ անբարենպաստ է: Ես անընդհատ զուգահեռ եմ տանում Իսրայելի հետ, բայց էդ պստիկ պետությունը ոչ միայն սպառազինված է, այլև տեխնոլոգիապես այնպես է զարգացել, որ կարողանում է հաջողությամբ պաշտպանել իր երկրի շահերն ու սահմանները: Կրկնում եմ՝ տեխնիկական զարգացածության մասին եմ խոսում, ոչ միայն սպառազինության: Գիտե՞ք որքան կարևոր է, որպեսզի պահպանվի ազգի գենը, իսկ մենք այդ կողմից հետ ենք: Մենք փող ունենք, բայց դա անհատների, մարդկանց ձեռքին է, այլ ոչ թե երկրի բյուջեում, որտեղ պետք է լիներ: Կան մարդիկ, որ բյուջեի հնգապատիկն ունեն: Այնպես որ, երբ ասում են՝ փող չկա, դա շատ հարաբերական է: Իհարկե, մենք աղքատ ենք, ու եթե հաշվի առնենք, որ մեր երկիրը տարեկան որոշակի չափով գումարներ է հատկացնում բանակն ու սպառազինությունը զորացնելու համար, իսկ դա ևս առաջին անհրաժեշտության ծախս է, ապա ժողովրդի վիճակը մնում է անմխիթար: Էլ չասեմ մնացածի մասին, թե որքան գումար է հիմա հատկացվում մշակույթի, արվեստի զարգացմանը: Իսկ էն Գիտությունների ազգային ակադեմիան քիչ է մնում արդեն փակեն, մեզ դա պետք չի»:

Խոսելով անցնող տարվա ձեռքբերումների և կորուստների մասին՝ Նիկոլայ Ծատուրյանն ասաց. «Ես Գյումրիի թատրոնի գեղարվեստական ղեկավարի աշխատանքից դուրս եկա, որովհետև ուզում էի ջահել կադր գար, ես էությամբ աթոռներից կառչող չեմ ու անկեղծորեն ուրախանում եմ ոչ միայն իմ, այլև ինձ շրջապատող մարդկանց հաջողությունների համար: Հիմա ուրախ եմ, որ Գյումրիի թատրոնի գեղարվեստական ղեկավարը հենց տեղացի է, դա շատ կարևոր էր, թե չէ՝ ամեն տարի դրսից մեկին բերում էին, ասում էին՝ ղեկավարի թատրոնը»:

Կարդացեք նաև

Անցնող թատերական տարին, ըստ բանախոսի, կարելի է հագեցած համարել, Թատերական ինստիտուտում, որտեղ Ն. Ծատուրյանը դասավանդում է ավարտական կուրսին, նույնպես բավականին լավ տարի էր, շատ աշխատանքներ են կատարվել, ուսանողներն արդեն հինգից ավելի ներկայացումների մեջ են խաղացել. «Իրականում ես մի քիչ չհավան մարդ եմ, ինքս ինձ էլ չեմ հավանում հաճախ, բայց այս տարի նայել եմ մի քանի ներկայացումներ, որոնք ինձ դուր են եկել: Չնայած այս տարվա մեր ունեցած սոցիալ-տնտեսական, քաղաքական ու պատերազմական իրականության մեջ թատրոնի մասին խոսելը մի տեսակ ծիծաղելի եմ համարում՝ ոնց որ տունդ վերանորոգես, բայց կտուրը չկապած՝ պլինտուսների մասին մտածես…»:

Խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում բեմադրված թատերական ներկայացումների մասին, բանախոս Նիկոլայ Ծատուրյանը նշեց. «Մենք ենք ու մեր ճահիճը, ու մենք էլ մեջը կռկռում ենք: Եղեռնի թեմայով ոչ մի նոր բան չտեսա այս տարի: Ես տարիներ առաջ մի ներկայացում արեցի՝ «Հրեշը լուսնի վրա», որի մեջ լաց ու կոծ չկար: Ներկայացումը Եղեռնի հետևանքների մասին էր, ոչ բուն պրոցեսի, այլ այն մասին, թե ի՞նչ հետևանքներ է թողել այս երևույթը մեզ վրա, և թե ինչպե՞ս պետք է դրանք վերացնել: Ուզո՞ւմ եք վրեժ լուծել՝ Թուրքիայի քթի տակ ստեղծեք շատ ամուր պետություն»:

Լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ավարտին ռեժիսոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը դժգոհեց որևէ կերպ չվերահսկվող մշակութային դաշտից. «Սովետի ժամանակ գոնե ցենզուրա կար, որ այնուամենայնիվ ինչ-որ ընդունելի մակարդակ էր ապահովում: Այսօր մեկ-մեկ որ նայում եմ, թե արվեստի դաշտում ինչեր են անում, ինչ ֆիլմեր կամ ներկայացումներ են բեմադրվում՝ ափոսում եմ, որ նորվեգացի չեմ ծնվել: Ասեմ նաև, որ այս տարի պառլամենտում հավաքվածներն ավելի լավ էին դերասանություն անում, քան թատրոններում աշխատող դերասանները: Ես հաճախ Ագային ժողովի նիստերը նայում էի միայն այն բանի համար, որ հասկանամ, թե ո՞նց պետք է խաղալ… էնքան լավ էին խաղում, էնքան միամիտ են, որ ուզում ես բռնես պաչես…»:

Տեսանյութեր

Լրահոս