«Սպասվող տարին էլ չի զիջելու իր ծանրությամբ». Միքայել Մելքումյան
«Ծանր տարի ունեցանք, բայց սպասվող տարին էլ չի զիջելու իր ծանրությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով 2015 թվականը:
Նրա գնահատմամբ՝ այս իրավիճակի մոտավորապես 50 տոկոսն արտաքին մարտահրավերների արդյունք է, բայց 50 տոկոսն էլ՝ մեր ներքին կառավարման համակարգի և տնտեսության դիմադրողականության շատ ցածր մակարդակի մասին է խոսում:
Խոսելով այն մասին, թե ինչի հետևանք է սա՝ Մ. Մելքումյանը նշեց, որ կարծում է՝ դա 1-2 տարվա խնդիր չէ. «2009 թվականից հետո մենք արմատական շատ հարցեր չենք լուծել: Կարծում եմ՝ կառավարության՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, ներդրումային ծրագրերը խթանելու ջանքերի արդյունքները, որոնց բարի նպատակներին չեմ կասկածում, մենք չենք տեսնում, որովհետև ամրագրված չեն վստահության վերականգնմանը միտված կոնկրետ քայլերով: Հայաստանում ներդրումներ չկան, ու փաստացի մենք ունենք նման վիճակ: Այսինքն՝ բացի տնտեսական ջանքերից, որ կառավարությունն անում է, քաղաքական միջոցառումներով դա ամրագրված չէ»:
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար խնդիրը քաղաքական է. «Բոլորս էլ հասկանում ենք, որ այսօրվա խնդիրների լուծումը քաղաքական է, ոչ թե տնտեսական, ուժեղ իշխանություն է պետք այդ խնդիրների լուծման համար»:
Հարցին՝ եթե չունենք շատ ուժեղ ընդդիմություն, որը կարող է ստիպել կառավարությանը գնալ քայլերի, կարելի՞ է լավ արդյունքների ակնկալիքներ ունենալ, Վահագն Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Խնդիրը նրանում է, որ այս քաղաքական համակարգը հենց միտված էր նրան, որ չունենար ընդդիմություն ոչ մի բնագավառում: Այսօր նմանատիպ իշխանությանը պետք է այնպիսի հասարակություն, որտեղ պայքարող չլինի: Աշխատում էր այս համակարգն այնքան ժամանակ, քանի դեռ կային դրսից եկող տրանսֆերտներ: Այստեղ պետք է ասեն, որ «մենք այս հարցում տապալվել ենք, հիմա անցնելու ենք ուրիշ տնտեսական քաղաքականության»: Ես այս 2016-ի բյուջեով չեմ տեսնում՝ ինչ է ուզում կառավարությունն անի»: