Ադրբեջանական մանաթի արժեզրկումից հետո խանութները փակվել են, դիտվում է 30-50%-անոց գնաճ
Ադրբեջանական մանաթի 47% դևալվացիայից 1 օր հետո Ադրբեջանի առևտրային ցանցը բուռն կերպով արձագանքել է: Երկրում փակ են էլեկտրոնիկայի ու կենցաղային տեխնիկայի դռները, որտեղ ընթանում է ապրանքների գների փոփոխություն, հայտնում է Turan-ը:
Կտրուկ թանկացել են սննդի ու ապրանքների գները՝ միջինը թանկանալով 30-50%-ով: Առավել շատ բարձրացել են կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, բջջային հեռախոսների գները:
Տարադրամի փոխանակման կետերի մեծ մասը փակ է կամ միայն գնում են դոլար և եվրո՝ ոչ ոք չի վաճառում:
Առևտրային օբյեկտներից սկսել են աշխատանքից ազատել աշխատակիցներին, իսկ որոշ խանութներ ընդհանրապես են փակվում:
Գործակալության թղթակցի հետ զրույցում առևտրային օբյեկտների վաճառողներն ու սեփականատերերը հայտարարել են, որ եթե Ադրբեջանի իշխանությունները չվերացնեն կոռուպցիան մաքսային ծառայությունում, «առևտուրը կվերանա կամ լրջորեն կթուլանա»:
«Մինչ օրս ներկրվող ապրանքի կոնտեյների համար մեզանից պահանջում էին 4500 մանաթ, իսկ երեկվանից գումարը դարձել է 8000 մանաթ»,- հայտարարել է օբյեկտի սեփականատերերից մեկը:
Դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկը բարձրացրել է դոլարի փոխարժեքը: Եթե մանաթի դևալվացիայի առաջին օրը 1 դոլարն արժեր 1,55 մանաթ, ապա այսօր 1 դոլար արժե 1, 5511 մանաթ: Թանկացել է նաև եվրոն՝ 1,68-ից հասնելով 1,6939 մանաթի:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել դեկտեմբերի 21-ից անցում կատարել մանաթի լողացող կուրսի:
Ադրբեջանի ԿԲ-ն բացատրել է, որ որոշումը պայմանավորված է էներգակիրների շուկայում առաջարկի ավելցուկով ու նավթ սպառող հիմնական երկրների տնտեսական աճի թուլացմամբ: Նշվում է, որ այդ գործընթացներն ազդել են Ադրբեջանի տնտեսության վրա:
«Կտրուկ կրճատվել են դրական սալդոն երկրի արտաքին առևտրային հաշվեկշռում ու արժութային փոխանցումներն այլ աղբյուրներից»,- հայտարարել է Ադրբեջանի ԿԲ-ն՝ ընդգծելով, որ ազգային արժույթի վրա բացասաբար են ազդել գործընկեր երկրների արժույթների դևալվացիան: