
Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դրանով սահմանվում է նպատակային ուսուցում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաև ՀՀ տարածաշրջանները, այդ թվում սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցում:
Ըստ Ա.Աշոտյանի՝ նպատակային ուսուցմամբ ուսանող ՀՀ քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Ընդ որում՝ այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված: Նախարարի խոսքով՝ նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքվում է պայմանագիր, որում պարտադիր ամրագրվում է, որ ուսանողն ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով, ՀՀ կառավարության սահմանած կարգով, գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար ՀՀ պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:
Փոխհատուցված գումարի 70 %-ը բուհը վերադարձնում է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 %-ը տնօրինում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ներկայումս նպատակային ընդունելություն է իրականացվում մանկավարժական, ագրոնոմիական, բժշկական մասնագիտությունների գծով: Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության որոշմամբ նպատակային ուսուցման տեղեր են հատկացվում նաև Մեղրու տարածաշրջանին՝ 2 բժշկական և 4 մանկավարժական մասնագիտությունների գծով: Բժշկական մասնագիտությունների գծով նպատակային ընդունելություն իրականացվում է նաև օրդինատուրայում:
«Սա առաջին փորձն է կարգավորելու, որը վերաբերելու է պետության ներսում նպատակային ուսուցմանը: Հնարավոր է մեկ-երկու տարի հետո նպատակային ուսուցում կիրառել միջպետական ուսուցման դեպքում»,- ասաց Ա.Աշոտյանը՝ հավելելով, որ վաղուց հասունացած հարց է, քաղաքական խնդիր չկա, քաղաքականության խնդիր է, պետք է մեր համայնքներում, հատկապես սահմանամերձ, ունենանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ: