Բանակցել՝ այո՛: Բայց ինչի՞ մասին. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «1997 թվականին ինձ թվում էր, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղության հասնել` երկուստեք փոխզիջումների միջոցով: Գուցե այն ժամանակ դա իսկապես չէր բացառվում: Բայց այս տարիների ընթացքում կարծիքս փոխվել է` որեւէ բանի շուրջ, համենայնդեպս՝ Ադրբեջանի այս ղեկավարության օրոք, հարեւան պետության հետ հնարավոր չէ պայմանավորվել: Չեմ պատկերացնում խաղաղության որեւէ ծրագիր` անկախ նրանից, թե որքանով է այն «հայանպաստ» կամ «պարտվողական», որն Ադրբեջանը համաձայնեցնելուց հինգ րոպե անց չի խախտի: Կարծում եմ՝ այդպես է մտածում Արցախի բնակիչների 100 տոկոսը եւ հայաստանցիների , երեւի, 97 տոկոսը: 20 տարի առաջ այդ հոռետեսների տոկոսը Հայաստանում ավելի ցածր էր:
Ոմանք ասում են, որ ընդհանրապես պետք չէ բանակցել ադրբեջանական կողմի հետ: Ես այդ կարծիքին չեմ՝ չբանակցելու այլընտրանքը տվյալ դեպքում լայնամասշտաբ պատերազմն է: Բայց բանակցել ինչի՞ մասին: Ինձ թվում է՝ միայն հրադադարի: Երբ չկա հրադադար, երբ գրեթե ամեն օր մարդիկ են զոհվում, ինչպե՞ս կարելի է բանավիճել խաղաղ գործընթացի այս կամ այն առաջարկի կամ ճանապարհային քարտեզի մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: