«Երբ կինը զենքը ձեռքին կռվում է տղամարդու կողքին, ամենավախկոտ տղամարդն առյուծ է կտրում»
Արցախյան ազատամարտի ընթացքում տղամարդկանց կողքին կռվել են 300-ից ավելի կանայք: Նրանցից 42-ը զոհվել է մարտի դաշտում: Հեղինե Բդոյան, Նաիրա Սահակյան, Աղավնի Տեր-Ստեփանյան, Ալվարդ Վարդանյան, Լոլիտա Վարդանյան, Ռուզաննա Եսայան և էլի շատ աղջիկներ ու կանայք:
Գնդապետ Աիդա Սերոբյանը ևս իր ցանկությամբ մեկնում է ռազմաճակատ` բուժօգնություն ցուցաբերելու: 4 անգամ վիրավորվելով` Աիդան առանց տրտնջալու՝ շարունակում է իր առաքելությունը: Հիշում է, թե ինչպես մեկ անգամ չեզոք գոտուց վիրավոր հանելիս բեկորը կտրեց դեմքը: Քրտնածության պատճառով դեմքից արյան հոսքը չէր զգում: Միայն զգաց, որ արկի պայթելուց հետո դեմքի մի կողմը ծանրանում է: Հենց այդ պահին Աիդան մի ծանր վիրավորի վերքերն էր կապում: Վերջինս, նկատելով արյունը, հարցնում է` Դոխտուր, վիրավորվալ ե՞ս: «Չէ, ջանիդ մատաղ, չեմ վիրավորվել, արխային»,- պատասխանում է Աիդան` կարծելով, թե վիրավորը վախենում է, որ ինքը ևս կարող է վիրավորվել և իրեն թողնել ու գնալ: Երբ վիրավորն այս անգամ կրկնում է իր ասածը ոչ հարցի ձևով և մի կերպ ձեռքը տանում է բուժաշխատողի դեմքին, Աիդան գլխի է ընկնում կատարվածը:
Մի անգամ էլ ծանր մարտերից մեկի ժամանակ մեր տանկիստներից մեկը` մի 18 տարեկան արցախցի տղա, ցանկանալով տեսնել, թե այդ որտեղ է թաքնվում անընդհատ իրենց խփող հակառակորդի տանկը, մտնում է խաղողի այգիների մեջ: Ական է պայթում: Ոտքերը թռնում են տարբեր կողմեր, իսկ ինքն անգիտակից վիճակում նստում է: Աիդան առաջին օգնություն է ցուցաբերում, ապա փշաքաղվելով՝ վերցնում է ոտքերը. ջլերը դեռևս շարժվում էին: Դնում է մեքենայի մեջ, բերում է Մարտակերտի հոսպիտալ և ոտքերը ձեռքին՝ բժշկին խնդրում, որ վիրահատությունից հետո վիրավորին անպայման ցույց տա դրանք թաղված վիճակում, որպեսզի հետո չմտածի, թե որտեղ մնացին իր ոտքերը, հոշոտվեցի՞ն, թե՞…
– 1992թ. ցանկություն եք հայտնում՝ որպես բուժքույր՝ ռազմաճակատ մեկնելու մասին: Հոգեբանորեն շատ դժվար պետք է լիներ այդքան զոհերի, վիրավորների հետ միևնույն վայրում գտնվելը: Ի՞նչն էր Ձեզ ուժ տալիս՝ մնալու ռազմաճակատում, և ինչո՞ւ է նախատեսված 2 ամիսը ձգվում, դառնում 3 տարի:
– Ուժ էր տալիս մարդկանց կյանքեր փրկելու ցանկությունը: Մեծ մասը ծանր վիրավորներ էին, նրանց կյանքին վտանգ էր սպառնում: Երբ աշխատանքից տուն եկա, հեռուստացույցով լսեցի, որ բուժաշխատողների կարիք կա, որ բազմաթիվ վիրավորներ են մահանում: Լուրը լսելուն պես` հաջորդ օրը Պոլիկլինիկայի փոխարեն՝ գնացի Առողջապահության նախարարություն, և հայտնեցի գործուղման մեկնելու ցանկությանս մասին: Ես նաև առաջին բուժօգնության դասընթացներ էի տալիս, և մտածեցի, որ, եթե ես չգնամ, էլ ո՞վ է գնալու: Մորս չէի կարող ասել, որ պատերազմ եմ գնում, ստիպված էի խաբել և հայտնել, որ իբր գնում եմ Ջերմուկ` հանգստյան տուն: Այդ ժամանակ վտիտ էի` 48 կգ, և այդ լուրն ուրախացրեց մորս: Բերեց ինձ մի մեծ բաժակ տվեց` ասելով, որ ամեն օր գնամ ու Ջերմուկի բուժիչ ջրերից խմեմ:
Ճիշտ է, շատ էի լսել Արցախի մասին, բայց երբեք չէի եղել, չէի պատկերացնում տեղանքը: Երբ ինձ հարցրին, թե հատկապես որտե՞ղ եմ ուզում գնալ, պատասխանեցի. «որտեղ որ շատ բժիշկների կարիք կա»: Գնդապետ Դարբինյանը, ով զբաղվում էր այդ հարցերով, հայտնեց, որ բուժաշխատողների կարիք կա հատկապես Մարտակերտում, բայց այնտեղ շատ վտանգավոր է: Ասացի` ոչինչ, գործուղեք ինձ Մարտակերտ: Մեկ օր անց ուղղաթիռով ուղևորվեցի այնտեղ, բայց չընդունեցին մեզ. վերջին օրերին անընդհատ խփում էին ուղղաթիռներին: Գնդապետ Դարբինյանն ուղղաթիռ բարձրանալիս ինձ այնպես է գրկում և համբուրում, ասես` իր երեխային պատերազմ ճանապարհեր: Բայց երբ հասա Մարտակերտ և իմացա, որ նախորդ ուղղաթիռը խփել են, վայրէջք չի կատարել, հասկացա գնդապետի արարքը: Հետո, երբ լրացավ 2 ամիսը և գնացի Արցախի Առողջապահության նախարարություն և հայտնեցի, որ գործուղմանս ժամկետը լրացել է, նախարարը խնդրեց մնալ` ասելով, որ բուժաշխատողների խիստ կարիք է զգացվում: 4 ամսով ևս երկարաձգվեց գործուղումս: Կարծում էի, թե քիչ է մնացել պատերազմի ավարտին: Սակայն դրա ավարտից հետո միայն` հունիսին, սկսվեցին ամենաթեժ մարտերը Շահումյանում, Մարտակերտում: Հասկացա, որ չեմ կարող վերադառնալ, և նամակ գրեցի Պոլիկլինիկա` խնդրելով պահպանել աշխատանքս: Եվ Արցախում մնացի մինչև պատերազմի ավարտը:
– Այդ ընթացքում ընդամենը մեկ անգամ գալով Երևան…
– Այո, մեկ անգամ եմ եկել: Բայց չեմ եկել հատուկ տանեցիներին տեսնելու համար: Ուղղաթիռով դիակներ և վիրավորներ պետք է բերեի: Հետո տուն եմ գնում: Մինչ ողջագուրվում էի մորս, երեխաներիս հետ, նրանցից մեկը` տղաս, ավտոմատը վերցնում և վազում է փողոց: Ետևից հասնում եմ, մեկ էլ տեսնեմ` ձայներ արձակելով իբր կրակում է: (Ծիծաղում է.- Մ.Ա.)
Հետո մայրիկիս հետ երկար խոսեցի, փորձեց ինձ համոզել ետ վերադառնալ: Բացատրեցի, որ մարտի դաշտում վիրավորվում են մարդիկ. և բուժօգնություն ցուցաբերողներ չկան: Հատկապես վատ էր դրությունը Մարտակերտում, քանի որ բուժաշխատողները այդտեղից հեռացել էին արդեն: Մայրս ասաց. «Գնա՛ , բալա ջան, թող իմ տանից էլ Ղարաբաղին մի օգուտ տվող լինի»: Հայրենասեր կին էր մայրս:
Նույն օրը, երբ գիշերը քնած էի, մեկ էլ ինքնաթիռի ձայն եմ լսում: Անմիջապես կիսաքնած վիճակով ձեռքս գցում եմ ավտոմատին և զարմանում` մտածելով, թե որտեղ եմ գիշերվա կեսին, անկողնու մեջ, գիշերազգեստով: Այդ պահին դուռը բացում է մայրս. «Բալա ջան, ինչի՞ էսքան շուտ արթնացար»: Սկսեցի բղավել. «մա՛ մ, 101, մա՛ մ, воздух»: Դա նշանակում էր, որ թշնամու ինքնաթիռները գալիս են ռմբակոծելու դիրքերը: Ես դեռ կիսաքուն եմ, իսկ մայրս ասում է «Ա՛ յ բալա, ի՞նչ 101, ի՞նչ воздух, դու տա՛ նն ես, տա՛ նը:
– Երբ պատերազմ էիք գնում, արդեն փոքրիկ երեխաներ ունեիք: Ինչպե՞ս դիմավորեցին Ձեզ` 3-4 տարի անց:
– Պատերազմից հետո երբ տուն եկա, երեխաներս անընդհատ «մաաա՜մ, մամա՜, մա՜մ» էին ասում: Հասկացա, որ շատ էին կարոտել «մամա» բառին: Տարիներով չէին ասել:
– Բժշկի մասնագիտության ընտրությունը մարդասիրության մասին կարող է խոսել: Հայրենիքին, մարդկանց նվիրվելու ցանկությունը մանկո՞ւց է եղել Ձեր մեջ:
– Գիտեք, երբ ես դիտում էի Հայրենական Մեծ պատերազմի ֆիլմերը, որտեղ բժիշկները փրկում էին մարդկանց կյանքը, գրկում մրսած զինվորներին, որ տաքացնեն իրենց մարմնի ջերմությամբ, և զենքը ձեռքին կռվում են, ես ափսոսում էի, որ այդ ժամանակ ծնված չեմ եղել և հնարավորություն չեմ ունեցել նույնն անելու: Ավելի փոքր հասակում, երբ հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, պատասխանում էի` զինվոր, բժիշկ կամ մանկավարժ: Այնպես ստացվեց, որ իմ մանկության բոլոր երազանքներն իրականացան: (Ժպտում է.- Մ.Ա.):
Ես երկար տարիներ բուժծառայության պետ եմ աշխատել, իսկ վերջին տարիներին Երևանի պետական հումանիտար քոլեջի զինղեկն եմ, դասավանդում եմ ռազմագիտություն, «քաղ. պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ» առարկան:
– Նշանակություն ունի՞` տղամա՞րդն է կռվի դաշտում, թե՞ կինը:
– Իհա՛րկե ունի: Երբ կինը զենքը ձեռքին կռվում է տղամարդու կողքին, ամենավախկոտ տղամարդն առյուծ է կտրում: Ամենավախկոտ տղամարդը չի ուզում այդպիսին երևալ, երբ իր կողքին կին կա: Եվ ավելի զուսպ ու քաղաքավարի է դառնում: Ես մոտ 3-4 տարի կռվի դաշտում եմ եղել, և իմ ներկայությամբ երբեք հայհոյանք չեմ լսել: Երբ նույն տարածքում կանայք են լինում տղամարդկանց հետ, վերջիններս իրենց սանձարձակ չեն պահում, ժարգոնով չեն խոսում, ավելի բարեկիրթ են դառնում: Կանայք կարծես զսպաշապիկ լինեն տղամարդկանց համար՝ թե՛ պատերազմում, և թե՛ խաղաղ պայմաններում:
Երբ Հաթերքի պարտիզանական ջոկատի բժիշկն էի, մոտ 16 հոգով պետք է հետախուզության գնայինք Շահումյանում, հրամանատարը չի ցանկանում ինձ իրենց հետ տանել. «Ի՞նչ կլինի քո խոխոնց վիճակը, եթե քեզ մի բան լինի»: Պատասխանեցի. «Սուրի՛կ ջան, ոնց մյուս բոլոր զոհվածների խոխոնց վիճակը, էդպես էլ` իմ խոխոնց վիճակը»:
Մարտի մեկնելիս՝ սովորություն էր, առաջինը զենքը ձեռքիս ես էի մուտքի մոտ կանգնում, իսկ մյուսները կողքովս անցնելիս ասում էին. «դոխտուր, որ վիրավորվիմ, ինձ լավ կյեշիս»: Բոլորը դուրս էին գալիս, իսկ վերջում արդեն ես էի շարժվում: Մտածում էին, որ եթե չզգուշացնեն, ես կարող է լավ օգնություն ցույց չտամ:
– Եվ, հավանաբար, կողմ եք նաև աղջիկների պարտադիր զինվորական ծառայությանը…
– Իհա՛րկե: Նախ՝ մենք այդքան բնակչություն չունենք, որ միայն տղաների ծառայությունը բավական լինի: Հետո էլ, երբ թերթում ենք մեր պատմությունը, տեսնում ենք, որ Անահիտ, Սաթենիկ, Փառանձեմ ու Այծեմնիկ ենք ունեցել: Հայ կինն ամուսնու կողքին եթե անգամ չի կռվել, պարսպի վրայով ձյութ է լցրել թշնամու վրա, վիրավոր է կապել, զինվորին կերակրել:
– Դուք նաև «Կին ազատամարտիկների միության» նախագահն եք: Ամենից շատ ինչի՞ կարիք ունեն նրանք:
– Ինչի կարիքը որ ամբողջ ազգը ունի: Սոցիալական դժվարությունների հետ նաև կին ազատամարտիկներն են բախվում: Հաշմանդամները ստանում են մի փոքրիկ գումար, և վերջ: Ուրիշ ոչ մի օգնություն չկա ո՛չ կանանց, ո՛չ էլ տղամարդկանց համար: Դա վատ է, առաջին գնացողները` կամավորները հատկապես, որոնց ոչ ոք չկանչեց ու չստիպեց, որոնք առանց որևէ ակնկալիքի են գնացել, պետք է գնահատվեն: Այս խավին պիտի տեր կանգնեն, պիտի լավ պահեն:
– Կարելի է՞ ասել, որ կին ազատամարտիկները բավականաչափ ներկայացված են հանրությանը:
– Ո՛չ: Իհա՛րկե ոչ: Անընդհատ ասում են` մեր տղաները, մեր տղաները: Ես էլ ուղղում եմ` ասելով, որ միայն տղաները չեն. մենք աղջիկ ենք, կին ենք, բայց ևս մասնակցել ենք պատերազմին:
Զոհված 42 կանանցից ընդամենը 4-ն են թաղված Եռաբլուրում: Հեռավոր շրջաններում ապրողների ծնողները ցանկացել են իրենց մոտ թաղել երեխաներին: Միայն աղջիկները չեն, այդպիսի շատ տղաներ էլ կան, որ հեռավոր վայրերում են թաղված: Երևի թե գյուղ չկա, որտեղ եղբայրական գերեզման չլինի: Զոհված աղջիկներից մի քանիսն ամփոփված են Աշտարակի, Եղեգնաձորի, Վեդիի եղբայրական գերեզմաններում: Կան ծնողներ, որ գնում են այստեղ-այնտեղ, պահանջներ ներկայացնում, բայց կան նաև այնպիսիք, որոնք իրենց վշտի և սգի մեջ ներփակվել են:
– Երբ կին ազատամարտիկները հավաքվում են, ինչի՞ մասին են ամենից շատ զրուցում:
– Մեր միակ խոսակցությունը պատերազմն է: Մենք ուրիշ թեմա չունենք խոսելու…
– Հատկապես ի՞նչն եք կարոտում պատերազմից:
– Ազնվությունը, անշահախնդրությունը, անկաշառությունը: Երբ պատերազմից նոր էի եկել, մի դեպքի մասին լսեցի. 15.000 դրամի համար մարդ էին սպանել: Ես ապշել էի: Պատերազմի ժամանակ մենք գրեթե միշտ քաղցած էինք, ուտում էինք այն, ինչ հայթայթում էինք: Եթե Արցախի անտառներն այդքան բերրի չլինեին, երևի թե մեզանից շատերը սովից կմահանային: Երբ մեկի ձեռքը հաց էր ընկնում, երբեք չէր մտածում միայնակ ուտելու մասին: Քանի հոգի կային, այդքանի միջև պիտի բաժանվեր այդ հացը:
– Կհիշե՞ք պատերազմական կյանքի օրերից մեկը:
– Ադրբեջանցիներն ասել էին. «Եթե Գանձասարը գրավենք, իմացեք, որ Արցախ չկա»: Եվ մենք այդ իմանալով` 5 հոգով գնում ենք Վանք գյուղ: Եկեղեցում երդվեցինք, որ մի քայլ հեռու չենք գնա, և եթե ադրբեջանցին պիտի մտնի Գանձասար, թող մտնի մեր դիակների վրայով: Այդպես ողջ օրը հսկում էինք վանքը` յուրաքանչյուրս մի տեղում կանգնելով: Ինձ գերեզմանների մոտակայքն էր բաժին ընկել: Մեկ էլ հանկարծ ձայներ եմ լսում: Շատ կամաց կանչում եմ վանքի քահանային` Տեր Հովհաննեսին, ով մեզ հետ զենքը ձեռքին հսկում էր: Երկուսս ավտոմատները պատրաստ՝ կանգնել ենք, մեկ էլ Տեր Հովհաննեսն ասում է` Աիդա, տա՜նձն է ընկնում: Խոր աշուն էր, տանձը հասել էր և ընկնում էր չոր խոտերի վրա:
Տեր Հովհաննեսը զգաց, որ գերեզմանների մոտ անհանգիստ եմ և առաջարկեց՝ փոխենք մեր տեղերը: Ես բաց դաշտ գնացի: Մեկ էլ բլուրի ետևից սկսում եմ նորից ձայներ լսել, բայց այս անգամ՝ հևոցի: Մտածում եմ` մի քանի հոգով վազեվազ եկել են ու հիմա շունչ են քաշում: Չուզենալով կրկին անհանգստացնել Տեր Հովհաննեսին, որոշեցի մատս ձգանին դրած՝ կամաց մոտենալ բլուրին: Շրջվում եմ, մեկ էլ ի՞նչ տեսնեմ: Գանձասարի կովերն են: (Ծիծաղում է.- Մ.Ա.)
– Դուք մշտապես խոսում եք անկախության և դրա կարևորության մասին: Հիմա, երբ անկախ պետություն ենք, ի՞նչն է մեզ ամենից շատ պակասում:
– Մեզ պակասում է համախմբվածությունը: Մեր հայ ազգը միշտ հաղթել է, երբ միավորվել է: Արցախյան շարժումը հրաշալի օրինակն է: Բացի այդ, երկիրը, կառավարությունը պետք է գնահատի իր հերոսներին: Մարդը եթե գնում առողջությունն է կորցնում, հաշմանդամ դառնում, էլ գալուց հետո չպետք է որևէ բանի մասին չմտածի: Պետք է կարողանան այնքանով ապահովել, որ չմտածի, թե ինչպես դեղեր գնի, պահի ընտանիքը:
Մարիամ Այդինյան
Լուսանկարները` Աիդա Սերոբյանի անձնական արխիվից