«Այդպիսի դաժան կնոջ կերպար չէի կերտել». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրեր առաջ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Համար 707» ներկայացման պրեմիերան, գլխավոր հերոսուհին դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է։
«ժողովուրդը» դերասանուհուց հետաքրքրվեց ստացած արձագանքների մասին, ինչպես նաեւ այն նոր կերպարների, որոնցով Լուիզան ներկայացավ հանդիսատեսին։ Ամերիկացի ժամանակակից դրամատուրգ եւ սցենարիստ Նիլ Սայմոնի ստեղծագործություններից մեկի հիման վրա բեմադրված ներկայացումն իր ձեւաչափով ոչ ստանդարտ է. մեկ ներկայացման մեջ միահյուսված են թատերական երեք ժանրեր՝ դրամա, տրագեդիա եւ կոմեդիա։ Հանդիսատեսին մատուցվում է երեք սիրային պատմություն։ Դրանցից մեկում, օրինակ, Լուիզան հանդես է գալիս սառը եւ չոր կերպարում. «Այդպիսի դաժան կնոջ կերպար չէի կերտել։ Ես մարմնավորում եմ մի կնոջ, ով նախկին ամուսնու հետ չի կարողանում «կիսել» ամենաթանկը՝ երեխային։ Այստեղ ներկայացված են հոգեբանական լուրջ, բայց նուրբ երկխոսություններ»,–պատմեց նա։
Իսկ, ահա, մյուս երկու պատմությունների շրջանակում Լուիզան ավելի շատ հայտնվում է հումորային ամենատարբեր իրավիճակներում։ Սակայն դերասանուհին շեշտում է, որ ներկայացվող հումորը երբեք չի դառնում գռեհիկ. «Իմ կերպարը ստանալիս ես փորձում էի որոշ դրվագներ ներկայացնել իմ պատկերացմամբ, սակայն ռեժիսորը որոշ հղկումներ արեց, ասաց, որ մենք էժանագին հումորի միջոցով ծիծաղ կորզելու խնդիր չունենք»,–անկեղծացավ դերասանուհին»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։