«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան՝ մատչելի գրքով

Դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացավ «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի երեխաների համար մատչելի տարբերակի՝ «Ես երեխա եմ» անունը կրող պատկերազարդ գրքի շնորհանդեսը, որի կազմակերպիչներն են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և «Էյվա» արվեստների հիմնադրամը:

«Մշակված գրքույկը ներկայացնում է կոնվենցիայի հոդվածները երեխաների համար մատչելի կերպով՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրավունքների մասին իրազեկումը ոչ միայն՝ երեխաների, այլև՝ նրանց ծնողների, խնամատարների և ուսուցիչների շրջանում: Գրքույկը մշակվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՀՀ մարդու պաշտպանի գրասենյակի և «Էյվա» արվեստների հիմնադրամի կողմից և հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ որպես ուսումնաօժանդակ նյութ: Հետագա երեք տարիների ընթացքում նախագիծը կտրամադրի այն անհրաժեշտ հարթակը, որի միջոցով հանրային երկխոսություն կծավալվի երեխաների իրավունքների ոլորտում առկա խոչընդոտների և առաջնահերթությունների վերաբերյալ երեխաների, երիտասարդների, հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչների և լայն հասարակության ներգրավվածությամբ:

12366558_1007439692663347_1033094720_n

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը» խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունը: Մեր գործընկերների հետ միասին, մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում՝ ստանձնած պարտավորությունները գործնական քայլերի վերածելու համար և առավել խոցելի ու մեկուսացված երեխաներին աջակցելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նպաստել բոլոր երեխաների բարեկեցությանը»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

12366762_1007439672663349_334398445_n

Միջոցառմանը նաև տեղի ունեցավ «Հրեշտակի աղոթքը» երգի պրեմիերան, որի ստեղծմանն են աջակցել «ՄԱԿ-ի մանկական հիմադրամը», «Յուքոմ» ընկերությունը և Երևանի լսողության խնդիրներ ունեցող հատուկ կրթահամալիրը: Երգը կատարեցին Երևանի քաղաքապետարանի «Ձայնի պահապան» վոկալ ստուդիայի սաները՝ մի շարք մանկատների սաների հետ համատեղ, լսողական խնդիրներ ունեցող երեխաների սուրդոթարգմանությամբ: Թերևս, միջոցառման ամենահուզիչ պահը «Հրեշտակների աղոթքը» երգն էր, ավելի ստույգ՝ այն հանգամանքը, որ երգում էին նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաները: Երեխաներ, ովքեր բնության կողմից զրկված են լսելու որոշակի ունակություններից, սակայն իրականում «լսում» էին հոգով և երգում էին հոգով:

12399218_1007439632663353_944312756_n 12366992_1007439625996687_737042390_n 12366638_1007439695996680_1419457432_n

Նախքան «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի երեխաների համար մատչելի տարբերակի՝ «Ես երեխա եմ» գրքի շնորհանդեսը, այդ պատկերազարդ գրքի բովանդակությանն արդեն հասցրել էին ծանոթանալ մի քանի երեխաներ:

Շնորհանդեսի օրը հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը, ով և վարում էր շնորհանդեսը, խնդրեց նրանց մեկնաբանել գրքում զետեղված այն հոդվածները, որոնք ամենից շատ էին դուր եկել: Երեխաները բավական հետաքրքիր էին մեկնաբանում նշյալ հոդվածները, սակայն կարծիքներից մեկը բավականին տպավորիչ էր: Երբ Մերին երեխաներից մեկին հարցրեց՝արդյո՞ք ծնողի կողմից ստացած ապտակը համարվում է բռնություն, երեխան շողացող հայացքով ասաց. «Իհա՛րկե ոչ»: Երեխայի շուրթերից հնչած «Ապտակը բռնություն չէ» արտահայտությունը լավագույնս մեկնաբանում է ծնող և երեխան հարաբերությունների հայկական մոդելը՝ եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ գոնե մասամբ:

12380030_1007441312663185_1833121367_n

12366806_1007441265996523_529400646_n

«25 տարի առաջ կոնվենցիան ընդունելով՝ աշխարհը խոստացավ երեխաներին, որ ամեն ինչ կարվի, որ նրանց իրավունքները հարգվեն և պաշտպանվեն: Ընդունումից ի վեր աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, բավականին առաջընթաց է գրանցվել: Սակայն անելիքները դեռ շատ են: Հուսով եմ, որ այս գրքի միջոցով հասարակության բոլոր անդամները կարող են երկխոսություն սկսել տանը, աշխատանքի վայրում, իրենց համայնքներում, թե որո՞նք են երեխայի իրավունքների ոլորտի առաջնահերթությունները, ինչպիսի՞ բաց կողմեր կան, և որո՞նք պետք է լինեն մեր հետագա անելիքներն այս բնագավառում»,- իր բացման խոսքում նշեց Հայաստանում «ՄԱԿ-ի մանկական հիմադրամի» ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռժեհակը:

 

Տեսանյութեր

Լրահոս