Հայրիկյանը պատռում է ընդդիմության դիմակը
«Առաջին լրատվականին» տված հարցազրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը բավական ուշագրավ հայտարարություններ է արել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստանի» ու ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի կազմած «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչների վերաբերյալ:
«Հարթակում կանգնածներն ուզում են փող աշխատել», «գաղտնի գործակալ՝ ինչին է պետք քո ազգը», «ԿԳԲ-ի տարբեր մասնաճյուղերն են». այս և նմանատիպ արտահայտություններով է բնութագրում Հայրիկյանը «Նոր Հայաստանին» ու «Ոչ»-ի ճակատին: Առանց կոնկրետ անուններ տալու, բնականաբար: Անկախ դրանից, սակայն, Հայրիկյանի հայտարարությունները լույս են սփռում «հանրահավաքային ընդդիմության» խոհանոցային հարաբերությունների վրա:
Այն, որ Ազատության հրապարակի հարթակում կանգնածների առնվազն մի մասի հիմնական նպատակը փող աշխատելն է, որևէ մեկի համար նորություն չէ. գոնե ՀԱԿ-ը դա ապացուցել է ԲՀԿ-ի ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությամբ:
Բայց շատ ավելի կարևոր է Հայրիկյանի արած մեկ այլ հայտարարություն, որը բացահայտում է ընդդիմության խորքային արատները. «Սեպտեմբերի 4-ին է սկսվել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, դա նաև ազդանշան էր մեզ համար՝ հասկանալու, որ մեզ հետ կապ չունի»,- ասում է Պարույր Հայրիկյանը՝ առանց հավելյալ փակագծեր բացելու, սակայն՝ ակնարկելով, որ այս պայքարից իր հիմնական հիասթափությունը պայմանավորված է հենց այդ գործոնով:
Եթե փորձենք ավելի պարզ ներկայացնել ԱԻՄ նախագահի այս հայտարարությունը, դրա իմաստն այն է, որ հարթակում կանգնածները՝ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Նոր Հայաստանը», Ռուսաստանին հավատարմության երդում տված ուժեր են, և նրանց պայքարն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Ռուսաստանի շահը, այն շահը, որը հակասում է Հայաստանի ազգային, պետական շահին:
Հայրիկյանի ասածն այլ կերպ վերծանելիս՝ ստացվում է նաև, որ սեպտեմբերի 3-ին՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությանը կողմ արտահայտվածները չեն կարող իրական պայքար մղել այն իշխանության դեմ, որը Հայաստանին դարձրել է ԵՏՄ անդամ, և, եթե անգամ մղում էլ են, ապա նրա համար, որ իրենք ավելի հանգամանորեն ու ավելի խորը կերպով շարունակեն Հայաստանի ռուսիֆիկացիան: Սա է Հայրիկյանի ասածի իմաստը: Եվ քանի որ Հայրիկյանը գոնե հրապարակավ դեմ է արտահայտվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ապա բնական է, որ նրան ինչ-որ պահի պետք է դուրս մղեին հարթակից, ինչը և տեղի է ունեցել: Հայրիկյանը գրեթե բացահայտ ասում է նաև, որ հարթակում կանգնածների մի մասը «ԿԳԲ-ի գործակալներ են»՝ նկատի ունենալով Ռուսաստանի ԿԳԲ-ն:
Այսինքն՝ ևս մեկ անգամ ապացուցում է, որ, ինչպես իշխանությունները, այլնպես էլ ընդդիմության զգալի հատվածը ղեկավարվում են մեկ կենտրոնից՝ Մոսկվայից: Դրա համար էլ ընդդիմության պայքարը երբեք հաջողության չի հասնում, որովհետև մեկ կենտրոնից ղեկավարվող բևեռների պայքարում մեկը չի կարող հաղթել մյուսին. նրանց պայքարի իմաստն իրար հավասարակշռելն է, որպեսզի բևեռներից որևէ մեկը դուրս չգա վերահսկողությունից: Սա ցավալի, բայց Հայաստանի քաղաքական կյանքն արտահայտող իրական պատկերն է: