«Փոքրիկ Էյնշտեյն»-ի հաջողության մեծ գաղտնիքները

Բնագիտական առարկաները կարող են հետաքրքիր լինել ոչ միայն դասավանդող ուսուցիչներին, այլև երեխաներին: Հատկապես, երբ այդ ամենը տեղի է ունենում դասասենյակից դուրս՝ մանկական ակումբներում կամ սրճարաններում: «168 Ժամը» զրուցել է Հայաստանում առաջին գիտական շոուների հեղինակ, «Փոքրիկ Էյնշտեյն» գիտական ակումբի հիմնադիր Մարինա Գրիգորյանի հետ: Մեզ հետ զրույցում Մարինան նշեց, որ և՛ շոուները, և՛ ակումբները նախատեսված են 5-13 տարեկան երեխաների համար: «Փոքրիկ Էյնշտեյն» գիտական ակումբը համագործակցում է մանկական սրճարանների և զարգացման կենտրոնների հետ: Իսկ քննարկվելիք թեմաների մասին տեղեկությունը տարածվում է յուրաքանչյուր շաբաթվա սկզբին:

– Մարինա, ինչպե՞ս ի հայտ եկավ նման շոու ծրագրի գաղափարը:

– Բավականին երկար ժամանակ փորձում էի գտնել հետաքրքիր, եզակի մի գաղափար, որը կկարողանայի ի կատար ածել: 10 անհաջող փորձերից հետո, ի վերջո, կանգ առա այս մեկի վրա: Անկեղծ ասեմ՝ գիտակցում եմ, որ հեծանիվ չեմ հորինել: Ամբողջ աշխարհում կան նմանօրինակ շոուներ: Տարբերությունը կայանում է մատուցման ձևի մեջ, որն ամբողջությամբ իմ մտահղացումն է: Առաջին շոուն եղավ՝ որպես նվեր մեր բարեկամներից մեկի բալիկի տարեդարձին: Սկզբնական փուլում միտք չկար այս շոուն բիզնես ծրագիր դարձնելու:

Ինչպե՞ս կարճ ժամանակահատվածում կարողացաք բավականին մեծ հետաքրքրություն առաջացնել:

Կարդացեք նաև

– Սկզբում բարեգործական տարբերակով մասնակցեցի մի քանի միջոցառումների, այնուհետև աշխատում էի բարտերային սկզբունքով… Այդպես, մեկը մյուսին փոխանցելով՝ բավականին կարճ ժամանակահատվածում շատերն իմացան «Փոքրիկ Էյնշտեյնի» գոյության և հետաքրքիր լինելու մասին:

Eynshteyn (4)

Դուք միայնա՞կ եք ներկայացնում շոուն, թե՞ կան օգնականներ: Եվ որքա՞ն ժամանակ է, ինչ այն կա՝ որպես բիզնես նախագիծ:

– Ես անհատ ձեռներեց եմ: Շոուներն անում եմ մենակ, իբրև ասիստենտ՝ աղջիկս է ինձ օգնում: Իբրև բիզնես՝ մենք գործում ենք ընդամենը մեկ տարի:

Օրինակ, այսօր Դուք երկու շոուի հրավեր ունեք: Ինչպե՞ս եք հասցնելու, երբ պատվերները շատանան:

– Ժամանակի ընթացքում ես կունենամ օգնականներ, և մենք ամեն ինչ կհասցնենք: Իսկ հետաքրքրությունը «Փոքրիկ Էյնշտեյնի» շուրջ միշտ չէ, որ այս մասշտաբի է եղել: Հատկապես սկզբնական փուլում, ես հասկացա, որ միայն տարեդարձներին երեխաներին ներկայանալը շատ քիչ է՝գիտելիքների փոխանցման առումով: Եվ ի հայտ եկան ակումբների հետ համագործակցությունները: Ամեն անգամ մենք վերցնում ենք ինչ-որ նյութ և այդ նյութի շուրջ բազմակողմանի միջառարկայական քննարկումներ ենք իրականացնում:

Կարո՞ղ եք օրինակներ բերել:

– Օրինակ, Կոկա-կոլայի հետ կապված մեր նախագիծը: Մենք այն ուսումնասիրեցինք բոլոր տեսանկյուններից: Բացեցինք այն, շշի վրա հագցրեցինք փուչիկ, որը փչվեց: Երեխաները հասկացան, որ ինչ-որ մի բան կար այնտեղ՝ գազ: Հետո այդ փուչիկով մենք հանգցրեցինք մոմը՝ երեխաները հասկացան, որ այդ գազն ինչ-որ մի կերպ ազդում է կրակի վրա: Այդտեղ արդեն քիմիան եկավ առաջ: Հետո երեխաներից մեկը փուչիկը մի փոքր փչեց և տրորեց՝ պատկերացնեով, թե դա ստամոքսն է: Մյուսն ավելի մեծ փչեց և ասաց, որ փուչիկը դժվար է տրորվում: Այստեղից հասկացանք, որ, երբ գազով հեղուկ ենք խմում, ստամոքսը մեծանում է, «վքնում» է, և մարդու մարսողությունը դժվարանում է: Այս տիպի օրինակներով և գիտափորձերով երեխաներին ներկայացնում ենք տարաբնույթ նյութեր: Մեր «Գիտական ակումբի» համար ունենք արդեն 80-ից ավելի մշակված թեմաներ: «Փոքրիկ Էյնշտեյնը» համագործակցում է տարբեր մանկական կենտրոնների հետ՝ ակումբների, սրճարանների: Նախնական պայմանավորվածություն կա նաև «Երևան մոլ»-ի «Կապիտան Քիդ» խաղային գոտու հետ:

Eynshteyn (3)

Ցանկացած լավ գաղափար իրագործելիս՝ հաճախակի դեմ ենք առնում խոչընդոտների, հատկապես՝ ֆինանսական հարցերում: Դուք ինչպե՞ս եք այդ ամենը հաղթահարել:

– Ինձ համար խոչընդոտը խթան է և ուժ՝ առաջ գնալու համար: Ես հանձնվողներից չեմ: Այդպես ավելի հետաքրքիր է: Եվ եթե անկեղծ՝ առանձնապես մեծ և անհաղթահարելի խոչընդոտների դեռ չեմ հանդիպել:

Ի սկզբանե որքա՞ն գումար է պահանջվել Ձեր ծրագրի համար՝ իբրև նախնական ներդրում:

– Առանձնապես ոչ մի, քանի որ շատ փոքրիկ քայլերից եմ սկսել: Մեծ գումարների մասին ընդհանրապես խոսք չի եղել: Ամեն ինչ արել եմ իմ հնարավորություններով՝ իմ աշխատավարձով, որքան որ այն ժամանակ ստանում էի:

Իսկ որտե՞ղ էիք աշխատում մինչ այդ:

– Ես մասնագիտությամբ բժիշկ եմ: Մինչ այդ աշխատում էի բժշկական կենտրոնում՝ իբրև գործադիր տնօրեն:

Տնօրենից՝ «շոու-վումըն» անցումն ինչպե՞ս կատարվեց: Ինչպե՞ս են վերաբերվում Ձեր նախկին կոլեգաներն այդ ամենին:

– Վերջերս հանդիպել եմ նրանցից մի քանիսին, որոնք շատ զարմացել էին՝ ինձ տեսնելով այդ կարգավիճակում:

Eynshteyn (2)

Ի՞նչ գաղափար է Ձեր նախագիծն իր մեջ պարունակում:

– Գլխավորը երեխաներին գիտելիքներ փոխանցելն է, նրանց ոգևորելը, բացատրելը, որ գիտությունը, հատկապես՝ բնագիտական առարկաները, կարող են շատ հետաքրքիր լինել: Եվ շատ կարևոր է, որ նրանք ընդհանուր, ամբողջական պատկերացում ունենան գիտության մասին: Մեր ոչ մի նախագիծ ինտերնետից copy past արած չէ: Այն բազմակողմանի մշակված է: Գիտափորձերը ևս շատ ինքնատիպ են: Կոնկրետ շոուի ժամանակ երեխաներին բաժանվում են սպիտակ խալաթներ, ակնոցներ, թիթեռնիկներ են կապում, և այդպես կերպարանափոխվելով փոքրիկ գիտնականների՝ գիտափորձեր ենք անցկացնում: Մինչ սկսելը մենք միասին խոսում ենք այն մասին, թե ո՞վ է եղել Էյնշտեյնը, որպեսզի երեխաները հասկական, թե ինչո՞ւ է շոուն կոչվում «Փոքրիկ Էյնշտեյն»:

Eynshteyn (1)

Իրապես՝ ինչո՞ւ: Նույն հաջողությամբ կարող էր կոչվել «Փոքրիկ Նյուտոն»:

– Էյնշտեյնը եղել է շատ տաղանդավոր ֆիզիկոս և քիմիկոս: Եվ քանի որ մեր գիտափորձերի ժամանակ և՛ քիմիական, և՛ ֆիզիկական փորձեր ենք անցկացնում, այդ իսկ պատճառով՝ Էյնշտեյն: Յուրաքանչյուր երեխա նույնչափ տաղանդավոր է՝ որքան Էյնշտեյնը: Ինչպես ասում էր Էյնշտեյնը. «Եթե մենք ձկանը դատենք՝ ըստ նրա ծառ մագլցելու կարողության, ապա նա ամբողջ կյանքը կմտածի, որ հիմար է»: Այդ իսկ պատճառով պետք է կարողանալ բացահայտել ամեն երեխայի՝ իր ուրույն տաղանդի ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս