
«Աշխարհի առաջնությունները պետք է մնան Ռուսաստանում և Քաթարում». Դեյվիդ Բեքհեմ

Անգլիայի հավաքականի նախկին ավագը չի աջակցել մոտակա Մունդիալների երկրների վերանայման գաղափարը:
«Կարևոր չէ, կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ, բայց ընտրվել են այդ երկրները: Մարդիկ պետք է պաշտպանեն այդ ընտրությունները: Ամենագլխավորը ֆուտբոլը նոր երկրներ բերելն է: Պետք է դա ընդունել: Քաթարի պրոբլեմները` կապված ենթակառուցվածքի և կլիմայի հե՞տ: Կարծում եմ, նրանք ամեն ինչ կհաղթահարեն:
ՖԻՖԱ-ն դեռ շատ աշխատանք պետք է կատարի, որպեսզի վերացնի այս ամբողջ անկարգությունը: Զզվելի է հետևել այն բանին, թե ինչի են վերածել ֆուտբոլը»,- Բեքհեմին է ցիտում The Telegraph-ը:
Հոկտեմբերին Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ում ի սկզբանե պլանավորված է եղել անցկացնել 2018թ. և 2022թ. Աշխարհի առաջնությունները, համապատասխանաբար՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում, սակայն Միշել Պլատինիի պատճառով 2-րդ Մունդիալը բաժին է հասել Քաթարին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը