«Կինոն ավելի հզոր ազդեցություն կարող է ունենալ, քան քաղաքական գործիչները կամ նրանց ստեղծած ֆիզիկական զենքը»
Օրերս իտալական «Salento» միջազգային կինոփառատոնը հյուրընակալվել էր Հայաստանի «Նարեկացի» Արվեստի միությունում։ Հայ կինոսիրող հանդիսատեսն օրեր շարունակ հնարավորություն ունեցավ հաղորդակցվելու իտալական արվեստի հետ, ծանոթացավ իտալական բարձրարժեք ֆիլմերի ընտրանուն։ Փառատոնը տևեց երկու օր և եզրափակվեց փառատոնի տնօրեն Լուիջի Կամպանիլեի կողմից կինոյի և թատրոնի դերասան Աշոտ Ադամյանին շնորհված «Salento» կինոփառատոնի դերասանական մրցանակով, որը նրան հանձնեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջովաննի Ռիչուլլին։ Փառատոնի անցկացման վերջին օրը մենք հանդիպեցինք և զրուցեցինք «Salento» միջազգային կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կամպանիլեի հետ.
– Պարոն Կամպանիլե, «Salento» միջազգային կինոփառատոնն առաջին անգա՞մ է ներկայանում հայաստանյան հանդիսատեսին։
– Այո, առաջին անգամն է, շնորհիվ Հայաստանում բնակվող մեր բարեկամ Լիանա Ավետիսյանի, ում հետ ես ժամանակին ծանոթացել եմ Իտալիայում` «Salento» կինոփառատոնի շրջանակներում, և ումից նաև իմացել եմ Ձեր գեղեցիկ երկրի մասին։
– Ո՞րն է «Salento»-ի հիմնական նպատակը, ուղերձը, որով նաև Դուք շրջում եք ամբողջ աշխարհում, որովհետև տեղյակ եմ, որ մինչ Ձեր Հայաստան այցելելը եղել եք նաև շատ այլ երկրներում նույնպես։
– Ընդհանրապես կինոփառատոնն ունի երկու նպատակ. առաջին հերթին` մենք փառատոնի միջոցով ներկայացնում ենք Իտալիայում գտնվող մեր համանուն քաղաքը` Սալենտոն, և այնտեղ ապրող ու ստեղծագործող կինոգործիչներին։ Մեր ցանկացած ճամփորդություն, այդ թվում` նաև Հայաստան կատարած այցը, նպատակ ունի ծանոթանալ տվյալ երկրի և մշակույթի հետ։ Սա մեր փառատոնի երկրորդ նպատակն է։
Առհասարակ փառատոնի շրջագայող կոնցեպցիան ծնվել է մշակույթ տալու և ստանալու սկզբունքի հիման վրա, խոսքս մշակութային երկխոսությունների մասին է, որն էլ հենց այս փառատոնի հենքն է։ Սովորաբար, երբ մենք շրջագայում ենք այս կամ այն երկրում, մեզ հետ տանում ենք երաժիշտներ կամ ազգային սովորույթներն ու մշակույթը ներկայացնող բազմաթիվ տարրեր, նույնիսկ ազգային խոհանոցի առկայություն, և այլն։ Հետևաբար` սա դառնում է ոչ միայն ֆիլմեր ներկայացնող փառատոն, այլև մի ամբողջ պատկեր, որ արտացոլում է իտալական մշակույթի դիմագիծը, ի դերև է հանում մշակութաբանական մի շարք շերտեր։ Ի դեպ, ամեն տարի մեր փառատոնն ունենում է, այսպես ասած, հյուր երկիր, որին հրավիրելու պարագայում գործում է նույն սկզբունքը։
Այսինքն` մենք մեր քաղաք` Սալենտո ենք հրավիրում ոչ միայն` ռեժիսորներին ու նրանց ստեղծած ֆիլմերը, այլև` տվյալ երկրի մշակույթը ներկայացնող մի շարք դրսևորումներ։ Եվ եթե մի օր մենք որոշենք, որ մեր հյուր երկիրը լինելու է Հայաստանը, ապա այստեղից տանելու ենք ոչ միայն տեղական կինոն, այլև` հայկական խոհանոցը, երաժշտություն, և այլն։ Ընդհանրապես ինչպե՞ս է հնարավոր լինում ճանաչել որևէ օտարերկրացու` իհա՛րկե նրա մշակույթի միջոցով և, ահա, քանի որ այս փառատոնը ոչ միայն ֆիլմեր ցուցադրելու, այլ նաև մշակույթներ բացահայտելու և ներկայացնելու համար է, հետևաբար` ֆորմատն ընդարձակ է։
– Ի՞նչ նախապայմաններ են հարկավոր, որպեսզի Հայաստանը դառնա հյուր երկիր։
– Այստեղ առանձնապես նախապայմաններ չկան։ Միակ բանը, որից կախված է բարեհաջող համագործակցությունը, կապված է փոխադարձ կապ հաստատող կառույցների հետ, հատկապես դա կարող է լինել Իտալիայում Հայաստանի դեսպանատունը, ինչպես նաև, մասնավորապես, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը։ Կուզենայի, սակայն, ընդգծել, որ այս նախապայմանը նյութական միջոցների հետ գրեթե ոչ մի առնչություն չունի։ Եթե մենք որոշում ենք, որ մեր փառատոնի հյուր երկիրը պետք է լինի, ասենք, Հայաստանը, ապա կապվում ենք մեր երկրում Հայաստանի դեսպանության հետ, խնդրում ենք նրանցից կինոգործիչների, երգարվեստի, ազգային խոհանոցը ներկայացնող անհատների ցանկը, մենք վճարում ենք տեղում կեցության և սննդի հարցերը, դեսպանատունը վճարում է տրանսպորտի գինը, և վերջ։
Մենք որևէ գումար չենք ակնկալում փառատոնին մասնակցություն ցուցաբերելու համար, ընդհակառակը, ինչպես արդեն ասացի` մենք նույնիսկ ինքներս ենք հոգում որոշակի ծախսեր։ Ի դեպ, ես պատրաստվում եմ այստեղից վերադառնալուց հետո կապ հաստատել Իտալիայում Հայաստանի դեսպանատան հետ, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել այս ուղղությամբ։
– Երբ ուսումնասիրում էի «Salento» կինոփառատոնի պատմությունը, պարզեցի, որ այն նաև հայտ է` դիմակայելու արվեստում գլոբալիզացման տենդենցներին, թեև գլոբալիզացիայի տեմպերն ամբողջ աշխարհում աննախադեպ զարգացման միտում ունեն։ Ինչպե՞ս է փառատոնը դիմակայում դրան։
– Ես փորձում եմ այս փառատոնի միջոցով փնտրել և գտնել տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող մարդկանց ինքնությունը, նրանց տարբերությունները, և այլն։ Գիտե՞ք, եթե հիմա Հոնկոնգից կապված աչքերով Ձեզ տեղափոխեն Դուբայ, ապա հայտնվելով այնտեղ ու բացելով աչքերը` դուք գրեթե ոչ մի տարբերություն չեք տեսնի` նույն շենքերն են, նույն կերակուրները, և այլն։ Հայաստանի պարագայում ես ուրախությամբ շատ տարբերություններ նկատեցի, նույնիսկ, երբ այսօր խնձոր գնելու նպատակով մտա սուպերմարկետ, տեսա այնտեղ խնձորների մի քանի տեսակ, և ինձ նույնիսկ զարմացրեց այն, երբ ես մի արկղի մեջ հայտնաբերեցի հենց հայկական խնձոր։
Քանի որ կինոն ևս ունի իր ինդիվիդուալ, անհատական տեսակը, և դա անպայմանորեն արտահայտվում է տարբեր երկրների նկարահանած ֆիլմերում, ապա ես ուրախ եմ դրանք ներգրավել այս փառատոնի շրջանակներում` ցույց տալու համար արվեստի և դրա միջոցով անհատականության և բազմազանության առկայությունը, որ գնալով կարծես խնդիր է դառնում ինչպես` ամբողջ աշխարհում, այնպես նաև` իմ երկրում` Իտալիայում։
– Կրկին փառատոնի պատմության ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Դուք կինոն համարում եք ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող լավագույն ու ազդեցիկ զենքերից մեկը։ Ինչպե՞ս եք պատկերացնում կինոն` որպես զենքի տեսակ, օգտագործելու գաղափարը։
– Կինոն նույնիսկ ավելի հզոր ազդեցություն կարող է ունենալ, քան քաղաքական գործիչները կամ նրանց ստեղծած ֆիզիկական զենքը։ Քաղաքական գործիչները խնդիրներին լուծում են տալիս ֆիզիկական զենքի կիրառմամբ կամ նմանատիպ որոշումներ կայացնելու արդյունքում։
Կինոն, ընդհակառակը` մարդկությանը համախմբելու մեծ ուժ ունի։ Կինոյի միջոցով ես, օրինակ, ծանոթացա արդեն այստեղ` Հայաստանում ապրող լրագրողին, ում հետ ես հենց հիմա զրուցում եմ, կինոյի միջոցով ես ծանոթացել եմ Լիաննայի հետ (նկատի ունի Լիաննա Ավետիսյանին.- Ն.Մ.), ով ինձ համար բացահայտել է այս երկիրը, մյուս, մյուսի հետ, և այլն, մինչդեռ այն զենքը, որ կիրառում են քաղաքական գործիչները, բաժանում ու ոչնչացնում է մարդկանց։
– Աշխարհն այսօր միավորվելու խնդիր ունի՞։
– Օ՜, անշուշտ, շատ…
– Ի՞նչ դեր ու նշանակություն ունի ժամանակակից երիտասարդական կինոն այս փառատոնի շրջանակներում։
– «Salento»-ն ինքնին անկախ ֆիլմերի փառատոն է, և փառատոնի շրջանակներում մեր ընտրությունը կանգ է առնում անկախ ֆիլմարտադրողների նկարահանած կինոպրոդուկցիայի վրա։ Ես ոչ մեկի համար հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ անկախ կինո և առհասարակ այդպիսի արվեստ ստեղծում են առավելապես երիտասարդները, երիտասարդ ուժերը` կլինեն ուսանողներ, և այլն, և այլն։
– Ի՞նչ չափանիշներով եք ընտրում «Salento» կինոփառատոնին մասնակցող ֆիլմերը։
– Ամեն տարի մենք ստանում ենք 1000-1200 հայտ։ Հեշտ չէ, իհարկե, այդքանից ընտրել ամենաարժանիներին ու լավագույնները։ Հիմնական չափանիշը, որ ինձ համար շատ կարևոր է, կինոյի լեզուն է, թե ինչպե՞ս է պատկերված կինոն, նրա վիզուալ պատկերը։ Կարող է պատահել, որ ներկայացված է շատ հետաքրքիր պատմություն ու սյուժե ունեցող մի ֆիլմ, բայց մատուցման ձևն այնքան սխալ է, որ չի տրամադրում անգամ մի քանի րոպե նայելուն։ Շատ կարևոր է նաև, որ ֆիլմը լինի նորարար ու էքսպերիմենտալ լուծումներով հագեցած, բայց սա չի նշանակում, որ փառատոնի ողջ ծրագրում ընդգրկված են միայն էքսպերիմենտալ ֆիլմեր, որովհետև դա ևս ձանձրալի կլիներ։
– Պարոն Կամպանիլե, այստեղ հայաստանյան «Salento»-ի օրերին մրցանակ եք սահմանել` ամենաշատ թվով ֆիլմեր նայած հանդիսատեսին փառատոնի հաշվին հրավիրում եք Իտալիայի Սալենտո քաղաք` հաջորդ տարվա փառատոնին մասնակցելու։ Դուք մշակութային հետնահա՞նջ եք նկատում, թե՞ կինոյի նկատմամբ հետաքրքրության պակասից եք նախաձեռնել այս խրախուսանքը։
– Ընտրությունը, իհարկե, վերջին հաշվով` վիճակահանությունը կորոշի` թե ո՞վ եկող տարի կմեկնի Սալենտո, որովհետև խաղարկության սկզբունքը հետևյալն է` ամեն կինոսեանսից առաջ, կինոդահլիճում ներկա հանդիսատեսն իր անունը գրում և գցում է համապատասխան արկղի մեջ։ Փառատոնի ավարտին պարզ կդառնա, թե վիճակահանությունն ո՞ւմ կընտրի։ Ինչ վերաբերում է մշակութային հետնահանջին, ապա նման բան, իհարկե, կա, դա անհերքելի իրականություն է։
Այս առումով` այո՛, ճիշտ եք նկատել` սա մի խթան է, որպեսզի մարդիկ գան ու հաղորդակից դառնան կինոփառատոնին, նայեն գեղեցիկ ու բարձրարժեք ֆիլմեր։ Ամբողջ աշխարհում մարդիկ այլևս կինոթատրոններ չեն հաճախում։ Նրանք կինոդիտումներն անցկացնում են իրենց տանը` համակարգիչների առջև նստած, կամ, լավագույն դեպքում, տնային կինոթատրոններում, եթե դրա հնարավորությունն ունեն, բայց չէ՞ որ կինոթատրոն հաճախելը կոնկրետ մշակույթ է, ես կասեի՝ նույնիսկ հատուկ արարողակարգ։ Ասածս չի տարածվում, թերևս, միայն Լոս Անջելեսի բնակիչների վրա, որովհետև այնտեղ մինչև այսօր մարդիկ վազելով են գնում կինոթատրոն։
– Ստեղծված իրավիճակում ինչի՞ն եք մեղադրում` հեռուստատեսությա՞նը, թե՞ համացանցին։
– Երկուսին, և այն էլ` հավասար չափով։ Հեռուստատեսությունը սպանեց կինոավանդույթները, իսկ ինտերնետը թաղեց այն (ժպտում է. – Ն.Մ.)։
– Ասում են, որ արվեստում արդեն ամեն ինչ ասված է, բոլոր տեսակի հեծանիվներն արդեն հորինված են, էլ ասելու բան չկա գ Դուք համամի՞տ եք։
– Ես հավատում եմ նոր սերնդին և նրանց ձգտումներին։ Ես երիտասարդ կինոգործիչներ գիտեմ, ովքեր շշմելու լավ ֆիլմեր են նկարահանում` և՛ ասելիքի, և՛ արտահայտչամիջոցների տեսակետից։ Ուրիշ խնդիր է, որ նրանց շանսերն են չափազանց քիչ` թե՛ նյութական, ֆինանսական միջոցներ հայթայթելու տեսակետից, թե՛, այսպես ասած, փառքի և ճանաչման հասնելու առումով։
Այս պատկերը համատարած բնույթ ունի ամբողջ աշխարհում։ Զվարճանքի ինդուստրիան այնքան է ընդարձակվել ու այնպիսի դոմինանտ դիրք է գրավել, որ ինտելեկտուալ արվեստին տեղ ու հնարավորություններ գրեթե չեն մնացել։
– Հայ հանդիսատեսն արդարացրե՞ց Ձեզ սպասելիքները։
– Իհարկե։ Միակ բանը, որ նկատել ու չեմ հասկացել` թե՛ այստեղ, թե՛ Մոսկվայում, և թե՛ Սանկտ Պետերբուրգում, այն էր, որ փառատոնի անցկացման բոլոր օրերին ես դահլիճում տեսնում էի միայն կանանց և աղջիկների։ Սա, թերևս, ինձ համար մնաց զարմանալի երևույթ…